Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄ»-ԻՆ

Դեկտեմբեր 01,2004 00:00

«ԱՄ»-ԻՆ ԷԼԻ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ «Ազգային միաբանություն» կուսակցությունը ոչ միայն խնդիրներ ունի ուղիղ եթեր ստանալու առնչությամբ, այլ նաեւ խոչընդոտվում են ընտրողների հետ հանդիպումները: Նախապես հայտարարված էր, թե երեկ, ժամը 17:30-ին, թիվ 143 դպրոցի դահլիճում տեղի է ունենալու «ԱՄ» պատգամավորական խմբակցության հանդիպումը Նորքի զանգվածի ընտրողների հետ: Սակայն երեկ առավոտյան դպրոցի տնօրեն Գարիկ Կոստանյանին, որ «ԱՄ» խմբակցության պատգամավոր Գագիկ Կոստանդյանի եղբայրն է, կանչել են ազգային անվտանգության տարածքային ծառայություն եւ հանդիմանել, թե ինչպես է հանդգնել կազմակերպել նման հանդիպում: Այս մասին մեզ պատմեց «ԱՄ» Երեւանի կազմակերպության ղեկավար Սարգիս Մուրադխանյանը, որը նաեւ նշեց, թե դրանից հետո ԱԺ պատգամավորներ Ալեքսան Կարապետյանը եւ Գագիկ Կոստանդյանը դիմել են ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ վկայակոչել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 4-րդ հոդվածը, ըստ որի՝ «Ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող վայրերում ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր կամ այլ միջոցառումներ անցկացվում են առանց իրազեկման կամ սահմանափակման, եթե չեն խախտվում այդ տարածքը տնօրինողի, տիրապետողի կամ օգտագործողի իրավունքները, հասարակական կարգը»: Արթուր Բաղդասարյանը զանգահարել է Երեւանի քաղաքապետին եւ հետաքրքրվել, թե ինչու են խոչընդոտում, որ խմբակցությունն իրականացնի իր պատգամավորական լիազորությունը: «Երվանդ Զախարյանը պատասխանել է, թե «Կրթության մասին» օրենքում հիշատակված է, որ հանրակրթական դպրոցներում չի կարելի անցկացնել քաղաքական միջոցառումներ,- պատմեց պրն Մուրադխանյանը:- Քաղաքապետն ի սկզբանե որտեղի՞ց էր որոշել, թե մեր հանդիպումն ունենալու է քաղաքական ուղղվածություն»: Ընդ որում՝ մեր զրուցակիցը նկատի առնելով այն փաստը, թե քանի որ Հայաստանի 2-րդ պաշտոնատարը չէր կարողացել ապահովել, որ խմբակցությունն իրականացնի կանոնակարգային իր լիազորությունը՝ հետեւություն արեց, որ իրական խոչընդոտողը Ռոբերտ Քոչարյանն է. «Քանի որ չենք կարծում, թե Երեւանի քաղաքապետը կարող է արհամարհել ԱԺ նախագահին: Առավել եւս՝ չենք կարծում, թե Նորքի համայնքապետը, որ ՕԵԿ անդամ է, կձախողեր իր կուսակցության նախագահի ջանքերը, որ կայանա այս հանդիպումը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել