Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ

Դեկտեմբեր 02,2004 00:00

ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ ԷՐ «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսպես գնահատեց այն փաստը, որ Հայաստանի պատվիրակությունը չմասնակցեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի եւ Ադրբեջանի Միլի մեջլիսի Բաքվում կազմակերպած «Ռոզ Ռոութ» սեմինարին, այն պարագայում, երբ այնտեղ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ. «Պարտավոր ենք մասնակցել ցանկացա՛ծ միջոցառման, որ անցկացվում է ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ այլ կառույցների շրջանակում եւ այս կամ այն կերպ կապ ունի մեր տարածաշրջանի հետ, պիտի քննարկվեն մեզ հուզող հարցերը: Ոչ ոք իրավունք չունի խուսափել նման քննարկումներից»: Մեր հիշեցմանը, թե հայ պատվիրակների անվտանգությունը չէր երաշխավորվել՝ պրն Գրիգորյանն արձագանքեց այսպես. «Ինձ համար կարեւորը ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն է, թե բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծվել էին սեմինարին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության եւ նրանց անվտանգության ապահովման համար: Դժբախտաբար, մեր շատ գործիչներ իրենց պաշտոնը կամ պատգամավորական լիազորությունները դիտարկում են միայն վայելելու տեսակետից: Այո, դրանք ենթադրում են նաեւ պատասխանատվություն, պայքար եւ անգամ վտանգ: Ի վերջո՝ զուտ բարոյական կողմ էլ կա. պատվիրակության ղեկավարն ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն է եւ օրենքներ է լրամշակում զորակոչի եւ այլնի վերաբերյալ: Չհասկացա՞նք, ստացվում է՝ ինքն ինչ-ինչ պատճառներով չգնաց քաղաքական դիվանագիտական ճակատ, բայց մեր 18-20 տարեկան զավակներին ուղարկում է ռազմական ճակատ՝ առանց որեւէ խնդրի: Իսկ մյուս պատվիրակն այն խմբակցության ներկայացուցիչն է, որը միացավ խորհրդարանականների հայտնի հայտարարությանը, որի համաձայն՝ ըստ էության, չպիտի որեւէ զիջում արվի Ղարաբաղի հարցում: Եթե մարդիկ նման դիրքորոշման կողմնակից են, պիտի իմանան, որ դա նշանակում է հարաբերությունների լարում եւ ի վերջո՝ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ: Ուրեմն, եթե իրենք այդպես հեշտությամբ վտանգում են մեր բանակը՝ թող բարի լինեն իմանալ, թե այո՛, իրենք էլ կարող են վտանգի ենթարկել իրենց կյանքն ու նյարդերը: Ի վերջո, նրանց համար պիտի օրինակ ծառայեր մեր ՊՆ 2 սպաների համարձակությունը, որոնք անկախ ամեն ինչից՝ մեկնեցին Բաքու, եւ Հայաստանը շահեց այս առումով»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել