Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 07,2004 00:00

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Խորհրդարանը երեկ 2-րդ ընթերցմամբ քննարկեց եւ այսօր թերեւս ընդունի «Փաստաբանության մասին» օրենքի նախագիծը: Դահլիճում առկա սակավաթիվ պատգամավորներին, ինչպես միշտ, քիչ էր հետաքրքրում, թե ինչու այս օրենքով ստեղծվելիք Փաստաբանական պալատի ընտրովի մարմինների համար սահմանվել են սահմանափակումներ: Ըստ այդմ՝ այդ պալատի նախագահ կարող է ընտրվել միայն այն անձը, որ 15 տարի աշխատել է իրավաբան, որից 7-ը՝ փաստաբան: Նման որեւէ սահմանափակում օրենքում չի նախատեսվել ո՛չ Փաստաբանների պալատի խորհրդի, ո՛չ կարգապահական հանձնաժողովի, ո՛չ վերստուգիչ հանձնաժողովի պարագայում: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանն ուշադրություն հրավիրեց օրինագծի մեկ այլ դրույթի վրա, ըստ որի՝ Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովում ընդգրկվելու համար սահմանափակումներ են նախատեսված միայն փաստաբանների համար՝ նրանք պիտի ունենան 5 տարվա աշխատանքային ստաժ: Սակայն այդ հանձնաժողովի մյուս անդամների համար՝ արդարադատության նախարարության ներկայացուցիչների, վճռաբեկ դատարանի դատավորների եւ գիտնական իրավաբանների համար օրենքում սահմանված չեն որեւէ սահմանափակումներ: «Սա մի քիչ անհասկանալի է՝ ինչո՞ւ են փաստաբանների համար սահմանվում ցենզեր, իսկ մյուսների համար, որ նույնպես որակավորման հանձնաժողովի լիարժեք անդամներ են՝ ոչ,- ասաց պրն Տեր-Եսայանը:- Եվ մենք ընդհանրապես էինք դեմ, որ այլ ներկայացուցիչներ լինեին մեր որակավորման հանձնաժողովի անդամ»: Ավելի խիստ սահմանափակում է նախատեսված այս օրինագծի մի նորամուծության՝ հանրային պաշտպանի համար (ներկայումս պետպաշտպանության սկզբունքով գործող պաշտպանների նոր անվանումն է): Հանրային պաշտպանների ղեկավարը պիտի 10 տարի աշխատած լինի փաստաբան: «Ոչ ոք չի կարողանում հիմնավորել, թե ինչու 10 եւ ոչ թե 3, ինչու 7, ոչ թե 9»,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը: Նա հայտնեց, որ օրինագծի նախնական քննարկումների ժամանակ ամրագրված չեն եղել նման սահմանափակումներ, եւ դրանք հայտնվել են միայն «Փաստաբանության մասին» օրինագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դրվելուց հետո: Մինչդեռ առնվազն Փաստաբանների միջազգային միությունը դեմ էր օրենքում նման սահմանափակումներ նախատեսելուն եւ կողմնակից էր, որ այդ հարցերը որոշի Փաստաբանների ընդհանուր ժողովը, որ Փաստաբանների պալատի բարձրագույն մարմինն է: Ի վերջո, համաձայնել են, թե ցենզ պիտի լինի միայն պալատի նախագահի համար, ըստ որի՝ նա պետք է 5 տարի աշխատած լինի փաստաբան: Սակայն խախտվել են ե՛ւ այդ, ե՛ւ օրինագծի հանրային պաշտպանի վիճահարույց գլխին առնչվող համաձայնությունները: Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված, որ բացի Փաստաբանների պալատի նախագահից՝ այլ ղեկավար մարմինների համար նախատեսված չեն սահմանափակումներ: Ի պատասխան՝ արդարադատության նախարարը նշեց, թե այլ մարմիններում միայն 1 անձ չէ. «Ավելի՛ն, Փաստաբանական պալատի այլ մարմիններում որեւէ մեկը չի գործում մշտական հիմունքներով: Եվ միակ մարդը, որ ամբողջ պալատը եւ բոլոր փաստաբաններին ներկայացնում է պետական մարմինների ու արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, Փաստաբանական պալատի նախագահն է: Դրանով է պայմանավորված, որ ընտրվել է որոշակի ցենզ: Ընդ որում՝ ունեցել ենք նաեւ այլ առաջարկություն. վերջինը քննարկվել է 15 տարվա տարբերակը՝ հաշվի առնելով նախագահի այդ առանձնահատուկ դերը: Բայց, ի վերջո, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկման ժամանակ համաձայնել ենք 7 տարվա տարբերակին»: Հայաստանի բոլոր փաստաբաններն իրենց արտոնագրերը ստացել են 1999-ի մարտին՝ ընդունված նոր օրենքի համաձայն: Տիգրան Տեր-Եսայանը նշեց. «Սովետական Միության ժամանակ ստեղծված փաստաբանական կոլեգիան իր լիազորությունները վայր դրեց միայն 1999-ին: Եվ Հայաստանում գործող բոլոր փաստաբանները հանձնեցին պետական քննություն, որից հետո գործողներից շատերը չդարձան փաստաբան: Իսկ շատերը, այո՛, ինչպես նաեւ ես, 1999-ից ենք դարձել փաստաբան»: Փաստաբանների միջազգային միության անդամ Սոս Գրիգորյանը օրինագծի շուրջ խորհրդակցության ժամանակ հենց արդարադատության նախարարության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին է հայտնել, թե պալատի նախագահի համար սահմանվող այս սահմանափակումները դիտում են իբրեւ Տիգրան Տեր-Եսայանի հնարավոր առաջադրումը կանխելու միջոց: Արդարադատության նախարարը մեզ հետ զրույցում բացառեց, թե եղել է նման մտադրություն. «Բացարձակապե՛ս չի կարող պայմանավորված լինել անձերով: Ընդհանրապես՝ չի կարելի օրենքները չափուձեւ անել որոշակի անձանց հագով»: Սակայն անգամ հիմնական օրենքը՝ Սահմանադրությունն են չափուձեւում որոշակի անձանց հագով, ուր մնաց թե՝ արտաքուստ սովորական մի օրենքում բացառվեր անձնավորված մոտեցումը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել