Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում

Դեկտեմբեր 07,2004 00:00

Գյումրիում փոսերը «լափում» են մարդկանց Չնայած շահագրգիռ մարմինները դրա դեմ «չեն բողոքում» Ուղիղ մեկ շաբաթ առաջ ինչ- որ մեկը թռցրել էր Գյումրիի քաղաքապետարանի դեմ-դիմաց գտնվող կանգառի դիտահորի կափարիչը: Մոտակա ծաղկանոցի աշխատակցուհի Արմենուհի Սուքիասյանի վկայությամբ՝ իր 55-ամյա հարեւանուհի Սուսաննա Նահապետյանը դարձել էր հիշյալ գողության «ամենաթարմ զոհը»: Վերջինս թեեւ 2-3 մետրանոց փոսը մինչեւ վերջ չէր ընկել՝ անցորդներն ու տաքսու վարորդները մի կերպ փրկել էին, սակայն ստացել էր մարմնական վնասվածքներ. մի ոտքն ամբողջությամբ քերծվել էր: Սա Գյումրիում միակ դեպքը չէ: Արդեն գրել ենք, որ գողերը հասցրել են գրեթե բոլոր թաղերը շրջել: Օրինակ՝ Ղանդիլյան 47 շենքի բնակիչները վստահ են, որ իրենց փողոցի դիտահորի կափարիչը ոչ թե թաղի սոված շներն են կերել (որոշ պաշտոնյաներ պնդում են, թե նման գողություն չկա), այլ ալյումին-երկաթ թալանողները: Դա գործազուրկ քաղաքում ամենամոդայիկ աշխատանքն է. անգամ ձեւավորվել են կիսակառույց շենքեր ու աղբանոցներ «քրքրող» հատուկ բրիգադներ՝ աշխատակազմի ղեկավարով ու բանվոր տղեքով: Նույն բնակիչների ասելով՝ իրենց փողոցի դիտահորի կափարիչը 3-4 տարվա մեջ երկու անգամ թռցրել են: Այս ընթացքում բարեբախտաբար մարդկային զոհեր չեն եղել, սակայն փոխարենը գրանցվել են մեքենաների ջարդուխուրդ լինելու անհաշվելի դեպքեր: Պարզվում է՝ երեւույթն այնքան սովորական է, որ բնակիչները կատակում են, թե հենց իրենց շենքում ձեւավորվել է փրկարարների հատուկ խումբ: Իսկ ըստ Գյումրիի ամենամեծ թաղամասի՝ Անիի բնակիչների, Պարույր Սեւակի անունը կրող գլխավոր փողոցի մութ ու ցեխոտ վերջնամասի փոսն ընկնողին պակասում է միայն գերեզմանաքարը: «Ընկնողը գիտե, թե իր հետ ինչ է կատարվում»,- ասում է Վարդուհի Նազարյանը, որը դեռեւս տարիներ առաջ իր ամուսնու` Արսեն Նազարյանի հետ հասցրել էր «ճաշակել» հիշյալ 12 մետրանոց փոսը՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ: Ինչպես տեսնում ենք՝ այսօր էլ ոչինչ չի փոխվել: Իսկ եթե այս ամենը մեր իրավապահները չեն տեսնում, չեն բողոքում կամ էլ, ինչպես իրենք են պնդում, ահազանգեր չեն ստանում, հարկ ենք համարում հիշեցնել, որ ժուռնալիստական նյութերը եւս ահազանգ են: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, Գյումրի Լուսանկարները՝ «Առավոտի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել