Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիան» Ծաղկաձորում

Դեկտեմբեր 14,2004 00:00

«Կոռուպցիան» Ծաղկաձորում Դեկտեմբերի 11-12-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Քաղաքացիական մասնակցությունը հակակոռուպցիոն մոնիտորինգին» խորագրով սեմինար: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հակակոռուպցիոն նախաձեռնություններում» ծրագրի շրջանակներում: Սեմինարի նպատակն էր խթանել առողջապահության եւ կրթության ոլորտներում քաղաքացիական մասնակցությունը հակակոռուպցիոն նախաձեռնություններին՝ ԶԼՄ-ների հրապարակումների եւ հաղորդումների միջոցով: Այս առիթով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Վահան Ասատրյանը կես կատակ ասաց, որ Ծաղկաձոր հրավիրելով որոշել են «լրագրողների ուշադրությունը շեղել մարդ բռնելու իրավիճակներից ու սենսացիա սարքելուց»: Ներկայացվեցին հակակոռուպցիոն ընթացիկ ծրագրերն ու կառույցները, իրավիճակը կրթության եւ առողջապահության ոլորտներում, պետական քաղաքականությունը եւ կոռուպցիոն ռիսկերը: Երեւանի 12 բուհերում անցկացված հետազոտություններից մեկի տվյալներով, պարզվում է՝ ուսանողության ընդամենը 11%-ն է պատկերացնում՝ ի՞նչ է կոռուպցիան: Չնչին տոկոս են կազմում այն ուսանողները, ովքեր գիտակցում են բուհերում կոռուպցիոն դրսեւորումների դեմ իրենց պայքարի կարեւորությունը: Սեմինարի կազմակերպիչների կարծիքով՝ ամենամեծ խնդիրը նախ եւ առաջ հանրության անտեղյակությունն է հարցին: Լրագրողներից մեկը կարծիք հայտնեց, որ ամենեւին էլ լրագրողի խնդիրը չէ կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը: Նրա խնդիրը կոռուպցիոն երեւույթների մասին գրելն է, իսկ պետության խնդիրը՝ դրանց արձագանքելն ու համապատասխան քայլեր ձեռնարկելը: Անդրադարձ եղավ նաեւ ուսումնական եւ առողջապահական հաստատություններ առանց նախօրոք զգուշացնելու՝ լրագրողների այցելություններին: Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնի (ԱԳՄԱԿ) նախագահ Լուսինե Մարգարյանը խոսեց ծրագրի շրջանակներում սոցիալական գովազդի ու թոք-շոուների կազմակերպման մասին: Նա նաեւ նկատեց, որ ԶԼՄ-ների պահանջներն ուրիշ են, քարոզարշավինը՝ ուրիշ, ուստի խնդիր կա դրանք հնարավորինս մոտեցնել միմյանց: «Մեր նպատակն է խթանել, որ կոռուպցիոն երեւույթները վեր հանվեն, եւ պարտադիր չէ, որ ամեն ակցիայից հետո պարտադիր լրատվամիջոցներում հոդված կամ հաղորդում լինի»: ՀԿ-ի նախագահը նաեւ փաստեց, որ հեռուստաընկերությունները հաճախ զլանում են մասնակցել այն միջոցառումներին, որին գերատեսչությունների ղեկավարներ հրավիրված չեն: Այնինչ ծրագրի հիմքում դրված է քաղաքացիական հասարակության մասնակցությունը, իսկ «ամեն լրագրող նախ եւ առաջ քաղաքացի է»: Բերվեց երկու խոսուն թիվ ԱԳՄԱԿ-ի վերջերս անցկացրած հետազոտությունից: Հարցվածների 85%-ը գտնում է, որ կոռուպցիան թերի ու անբավարար է լուսաբանվում ԶԼՄ-ներում, իսկ 79-%-ը անիմաստ է համարել տեղյակ պահել ԶԼՄ-ներին՝ կոռուպցիոն դրսեւորումների մասին: Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել