Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՏԱԾ

Դեկտեմբեր 15,2004 00:00

ՓՏԱԾ ՇԵՆՔԵՐ, ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանում է, թե ինչպես հնարավոր եղավ փախուստը Գորիսի բանտից: – Պարոն Հարությունյան, ի՞նչ տեղեկություն կհաղորդեք «Գորիս» քրեակատարողական հիմնարկից երկու դատապարտյալների փախուստի մասին: Ի՞նչ կարգի աշխատանք է իրականացվում մարդկանց հայտնաբերելու համար: – Երբ կհայտնաբերվեն, կարծում եմ, ոստիկանությունը կբացահայտի, թե ի՞նչ կարգի աշխատանք է կատարվել: – Այնուամենայնիվ, կալանավայրերը գտնվում են ձեր վերահսկողության ներքո: – Փախուստ է տեղի ունեցել, ինչը ցավալի երեւույթ է, սակայն, ցավոք, նման երեւույթները չի կարելի բացառել: Քանի դեռ մենք ունենք հին շենքեր, շենքեր, որոնց պաշտպանությունը թերի է: – Այդ պաշտպանությունը իրականացնում է ոստիկանությո՞ւնը: – Ոչ, ոչ, կոնկրետ Գորիսի բանտում արտաքին սահմանի պաշտպանությունը իրականացվում է մեր ուժերով, սակայն հաշվի առնելով ծայրահեղ ցածր աշխատավարձը եւ աշխատանքը, որը տարվում է կոռուպցիայի դեմ, այդ աշխատանքն առանձնապես գայթակղիչ չէ: Արդյունքում մենք ունենում ենք բավականին թափուր տեղեր: Երկրորդ հիմնական պատճառը շենքերն են, որոնք նախատեսված չեն եղել հատուկ քրեակատարողական հիմնարկների համար, մասնավորապես Գորիսի բանտը կառուցված է 1800-ական թվականներին, նախատեսված է եղել, եթե չեմ սխալվում, ախոռի համար: Այնուամենայնիվ, 1808 թվականից առ այսօր շենքը սպառել է իր ռեսուրսը, պատերի աղյուսները՝ հաշվի առնելով նաեւ խոնավությունը, փշրվում են անգամ ձեռքի հարվածից: – Այսինքն, փախուստը հնարավոր են դարձնում շենքային պայմանները եւ ցածր աշխատավարձը: – Շենքային պայմանները եւ թափուր տեղերը, որոնք առկա են ծառայությունում: Իհարկե, հնարավոր է դրա դեմ պայքարել տեխնիկական միջոցներով համակարգը հագեցնելով, սակայն, ցավոք, դա բավականին նյութածախս պրոցես է, որի աշխատանքները արդեն սկսված են համակարգում, բայց հնարավոր չէ միանգամից իրականացնել ամբողջ ծավալով: Փուլ առ փուլ մենք նախատեսում ենք այն տեխնիկական միջոցների ներդրումը, որոնք գալիս են փոխարինելու նաեւ մարդկային ռեսուրսին, հավատացեք, որ ձմռան պայմաններում դժվար է գտնել մարդկանց, որոնք կարող են չորսժամանոց հերթափոխերով կանգնել դիտաաշտարակների վրա եւ պահպանել ծայրահեղ ուշադրություն յուրաքանչյուր շարժման նկատմամբ: – Սակայն երբ կալանավայրերը տեղափոխվում էին արդարադատության նախարարության ենթակայության տակ, միջազգային կառույցները բավականին լուրջ աջակցություն ցուցաբերեցին, հնարավոր չէ՞ր գոնե Գորիսի բանտը կարգի բերել: – Այն, ինչ այսօր արվում է համակարգի ներսում, արվում է պետության եւ մեր երկրի ուժերով: Որեւէ միջազգային կառույցի որեւէ լումա չկա քրեակատարողական հիմնարկներում: Միակ բացառությունը բժշկական ծառայության վրա դրվող գումարներն են, որտեղ միջազգային կառույցները պատրաստ են եղել աջակցություն տրամադրել: Մեր պետությունը հիմա ավելի շատ ուշադրություն է դարձնում այդ համակարգին եւ փորձում է ֆինանսական որոշակի ծրագրեր իրականացնել: Մասնավորապես մենք վերջերս կարողացանք վերանորոգել մեկ քրեակատարողական հիմնարկ՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին: Պատրաստվում ենք մյուս տարի սկսել Վանաձորի քրեակատարողական հիմնարկի աշխատանքները, որի դեմ տեղի բնակչության կողմից բողոքի ալիք կա: – Փաստորեն, Գորիսը դարձյալ մնալու է նույն վիճակում: – Բանն այն է, որ Գորիսում հնարավոր չէ վերանորոգման աշխատանքներ կատարել, այն պետք է փոխարինել նոր քրեակատարողական հիմնարկով: Եվ Վանաձորի քրեակատարողական հիմնարկում ենք նախատեսում տարբեր ռեժիմներ, այդ թվում նաեւ փակ ռեժիմ, ինչպիսին Գորիսի ռեժիմն է: Մենք պետք է իրականացնենք ծրագիր, որը, ընդհանուր առմամբ, կարծում եմ կտեւի 10-12 տարի: – Դուք չե՞ք կարող փախուստի մեջ գտնվողների գործերը կրկին քննել: Մանավանդ որ նրանցից մեկի մայրը հայտարարում է, որ իր որդին հանիրավի է դատապարտված: – Ոչ, չեմ կարող: Հենց այստեղից են սկսվում պրոբլեմները երկրում: Արդարադատության նախարարը իրավունք ունի նայել դատական գործերը, ընդամենը ստուգելու համար, թե ինչքանով է պահպանված օրինականությունը: Բայց որեւէ մեկ անձի, լինի արդարադատության նախարար, վարչապետ, հանրապետության նախագահ կամ կաթողիկոս, իրավունք չի վերապահված գնահատական տալ ապացույցներին: Օրինականության, օրենքի պահպանումը դեռ կարող է դառնալ վերստուգման առարկա եւ դրա հիման վրա արդարադատության նախարարը իրավասու է հարուցելու կարգապահական վարույթ, բայց երբեք չի կարող գնահատական տալ դատարանի կողմից տրված ապացույցներին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել