Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ

Դեկտեմբեր 15,2004 00:00

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ Արդարությունը, հավասարությունը եւ ազատությունը չեն համատեղվում Մեկ տարի առաջ վրացական, մեկ տարի անց ուկրաինական «հեղափոխությունները» առիթ դարձան, որպեսզի հայաստանյան քաղաքական կյանքում որոշակի աշխուժություն տիրի: Իհարկե, հայկական արձագանքը, ինչպես միշտ, ավելի շուտ իրադարձային, որոշ կողմերով արհեստական էր, քան խորքային: Քաղաքական ուժերից եւ ոչ մեկը չփորձեց վերագնահատության ենթարկել իր անցած տարիների գործունեությունը եւ դերակատարությունը քաղաքական կյանքի տիրույթներում, այլ աշխատեցին իրենց վարքը հարմարեցնել ըստ այդ հեղափոխությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի: Տեսական մակարդակում յուրաքանչյուրի վերաբերմունքը վերածվեց «ճիշտ/ սխալ» մոդելի, որտեղ նույն հավանականությամբ ճիշտ է մեկը եւ սխալ է մյուսը, իսկ արդյունքում երկուսն էլ հավասարապես սխալ են: «Ճիշտ» եւ «սխալ» հասկացությունները այլընտրանքներ չեն, այլ գործնական արդյունքներ, այն էլ՝ պատմական կոնկրետ իրավիճակում: Այսպես, «ծաղկուն սոցիալիզմը» եւ «բարեկեցիկ ժողովրդավարությունը», չնայած տարբեր համակարգերին, իմաստային դաշտում նույնական են եւ ճիշտ, մինչդեռ ետխորհրդային երկրներում ժողովրդական զանգվածների ճնշող մեծամասնության գիտակցության մեջ «բարեկեցիկ ժողովրդավարությունը» դարձավ աղետ, հետեւաբար՝ սխալ, ուստի ճիշտը սոցիալիզմն էր: Այսինքն՝ այն, ինչ ճիշտ էր մեկ համակարգում, սխալ դուրս եկավ մյուսում: Սա փաստ է, որից հեռուն գնացող եզրակացություններ դժվար է անել, եթե չգտնվի հաշտեցման եզր: Դրա համար փիլիսոփայական մակարդակում հարկ է արձանագրել, որ չկան հավերժական համակարգեր, այլ կան հավերժական գաղափարներ, իսկ ներդաշնակումը կկատարվի միայն այն ժամանակ, երբ համակարգերը կհաշտվեն գաղափարների հետ, մի բան, որ հետխորհրդային երկրների մեծ մասում այդպես էլ չի իրագործվում. համակարգը (խորհրդային) չի հաշտվում գաղափարի (ժողովրդավարության) հետ: Ի դեպ, սա զարգացման ու հեռանկարի պատկերացման սլավոնական մոդելի արդյունքն է (նեղ իմաստով՝ ռուսական): Կայսրությունները իմաստաբանություն ունեն եւ հենց այնպես անհետք ու անհետեւանք չեն անցնում: Եթե վերանանք շատ ու շատ բնութագրումներից եւ 1917 թվականի հոկտեմբերը գնահատենք հեղափոխություն, որ կոչված էր երկրում արդարություն հաստատել, ապա կարճ ժամանակ անց պարզվեց, որ առաջնորդվելով հավասարության սկզբունքով, երկիրը կորցրեց զարգացման իմպուլսի ամենամեծ արժեքը՝ ազատությունը: Նույն համաբանությամբ՝ երբ 1991-ին «թավշյա» հեղափոխությունը փլուզեց կայսրությունը, որպեսզի ազատություն հաստատի, պարզվեց կորցրինք սոցիալական երկու կարեւորագույն սկզբունքներ՝ արդարությունն ու հավասարությունը: Այսինքն՝ 1917-ին ողջ կայսրությունում, 1991-ին առանձին հանրապետություններում, միաժամանակյա իրագործում չունեցան հեղափոխության երեք հիմնարար դասական սկզբունքները՝ արդարությունը, հավասարությունը (այլ տարբերակով՝ եղբայրություն) եւ ազատությունը: Իսկ դրանք այլ բան չեն, քան արդարություն՝ իրավական համակարգում, հավասարություն՝ տնտեսական ոլորտում եւ ազատություն՝ մշակույթի ոլորտում: Այս համակարգը ցանկացած նորմալ պետության ողնաշարն է եւ այնպես չէ, որ գերապատվություն տալով երեքից մեկին՝ անտեսելով մյուս երկուսը, արդյունքի կհասնենք: Մանավանդ երկու հեղափոխությունների օրինակն էլ (1917 եւ 1991) ցույց տվեց, որ հեղափոխության դասական սկզբունքների ցանկացած դեֆորմացիա հանգեցնում է մյուսների խեղման: Այսպես. հավասարության սկզբունքով առաջնորդվող կոմունիստները բանտեցին ազատությունը, 1991-ին բանտից դուրս ազատությունը ոչնչացրեց արդարությունը: Հետաքրքիրն այն է, որ երկու հասկացություններն էլ խեղվեցին ներքնապես եւ մշակույթի ազատությունը դարձավ հակամշակույթի ազատություն (ինչպիսի վիճակ տիրում է Հայաստանում), իսկ արդարության խեղումը ծնեց ուժի իրավունք, որը հավասարությունը դարձրեց ավելորդ: Հայաստանյան քաղաքական կյանքի ավելի քան հարյուրամյա ընթացքը մեկին մեկ կրկնում է պատմության զարգացման եւ աշխարհապատկերացման հենց այս ռուսական մոդելը: Բայց դա առանձին հոդվածի թեմա է: ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել