Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու

Դեկտեմբեր 17,2004 00:00

Ինչու են օլիգարխները կուսակցականացվում Այդ հարցի պատասխանը ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը չգիտի Վերջին օրերին որոշ շրջանակներում ավելի ու ավելի շատ է խոսվում երկրի օլիգարխների համախմբման եւ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ու ՄԱԿ խմբակցության համատեղ, միասնական կուսակցություն ստեղծելու մասին: Առայժմ կոնկրետ տեղեկություններ այս մասին չկան, բայց հասկանալի է, որ Հայաստանի քաղաքական դաշտում եթե մի բանի մասին սկսում են շատ խոսել, ուրեմն՝ մի բան կա: Հետաքրքիր է իմանալ, թե այս հավանական կառույցի մասին ի՞նչ կարծիք ունի ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Մեր զրուցակցի կարծիքը հետեւյալն է. «Եթե խոսքը աջ ուժերի միավորման կամ կենտրոնացված աջ ուժերի մասին է, ապա մեր հասարակության մեջ կան այդպիսի ուժեր՝ ազգային աջերը՝ ի դեմս հանրապետականների կամ ռամկավարների, եւ ապազգային կոսմոպոլիտները՝ ի դեմս ՀՀՇ-ի կամ ՀՀՇ-ից սերված մի շարք նորաստեղծ ակումբների: Ես չեմ տեսնում նոր նման կուսակցության անհրաժեշտություն: Բայց դա իմ որոշելիքը չէ, դա իրենց որոշելիքն է: Սակայն խնդիրն այն է, որ երբ նման միավորումներն ստեղծվում են ոչ թե գաղափարական հենքի վրա, այլ տվյալ պահի շահի, օրինակ՝ միավորվել ինչ-որ դիրքեր ապահովելու համար, ապա նման միավորումները, ինչպես մենք բազմիցս տեսել ենք մեր պատմության մեջ, երկարակյաց եւ ամուր չեն: Բացի դրանից, ինձ համար հասկանալի չէ, թե ինչպե՞ս են նրանք համատեղելու «Ժողպատգամավորի» ագրեսիվ կեցվածքը համամասնական տեղերի ավելացման հարցում եւ ՄԱԿ-ի ոչ պակաս կայուն դիրքորոշումը՝ մեծամասնական տեղերը պակասեցնելու հարցում: Եթե այդ հողի վրա ինչ-որ լուծումներ գտնվեն եւ դրանք լինեն ՄԱԿ-ի մոտեցումների շրջանակներում, ապա ես բոլորովին էլ դեմ չեմ»: Իսկ ինչո՞ւ են օլիգարխներն ուզում անպայման լինել կուսակցության մեջ: Այս հարցի պատասխանը Վահան Հովհաննիսյանը եւս չգիտի. «Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են նրանք ուզում լինել քաղաքականության մեջ: Իսկ երբ արդեն ուզում են լինել քաղաքականության մեջ, ձեր ասածը ճանապարհի որոնումն է՝ քաղաքական կուսակցությամբ կամ առանց դրա: Իհարկե, նրանք նախընտրում են անկախ լինել եւ որեւէ քաղաքական պարտավորության տակ չմտնել, ինչը եւ առաջացնում է հարց՝ քաղաքական պարտավորության տակ չմտնելով ո՞նց ես քաղաքականություն գալու»: Վահան Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ «Ամենախելացի քաղաքական գործիչները Հայաստանում չեն՝ եւ պետք չէ կարծել, որ այստեղ բոլորը ամեն ինչ գիտեն: Օրինակ, եթե նրանք ավելի ուշադիր լսեին Վ. Պուտինի ելույթը, շատ բան ավելի պարզ կլիներ իրենց համար: Նա կարծեմ շատ լավ բացատրեց, թե մեծամասնականով ընտրված քաղաքական կամ հասարակական իրեն հռչակող գործիչը ինչո՞ւ է շատ ավելի թույլ եւ շատ ավելի պակաս էֆեկտիվ իր քաղաքական գործի մեջ, քան քաղաքական ուժ ներկայացնողը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Վահան Հովհաննիսյանի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031