Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Դեկտեմբեր 23,2004 00:00

Երեկ
տեղի ունեցավ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի՝
սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկման առաջին նիստը: Նիստում
ընդունվեցին աշխատակարգն ու ժամանակացույցը, որոնց համաձայն քննարկվելու են կոալիցիայի,
Արշակ Սադոյանի եւ ՄԱԿ-ի Սահմանադրության փոփոխությունների նախագծերը: Դրանք քննարկվելու
են հաջորդաբար՝ ըստ շրջանառության մեջ դրվելու հերթականության: Բովանդակային քննարկումները
սկսվելու են 2005-ի փետրվարին: Եվ հանձնաժողովը մտադիր է փետրվարի 2-17-ը կայանալիք
իր 6 նիստերի ընթացքում անդրադառնալ բոլոր նախագծերին: Հանձնաժողովի նախագահ Տիգրան
Թորոսյանն առաջարկեց, որ այն արտախորհրդարանական կուսակցությունները եւ հասարակական
կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցել բովանդակային քննարկումներին՝
այդ մասին տեղեկացնեն հանձնաժողովին. «Եվ սիրով
բոլորին կհրավիրենք»: Հանձնաժողովի երեկվա նիստին մասնակցում էին Սահմանադրության
փոփոխությունների նախագծերի հեղինակները, որոնց խնդրեցինք մեկնաբանել իրենց առաջարկած
բարեփոխումների շուրջ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները: Ասենք՝ Արշակ Սադոյանի
ներկայացրած սահմանադրական փոփոխությունների մասին եվրոպական փորձագետները նշել են,
թե այն «չի անդրադառնում մի շարք առանցքային հարցերի, ինչպիսիք են մարդու իրավունքների
եւ ազատությունների պաշտպանությունը կամ դատական իշխանությունը, եւ ներառում է մի
շարք դրույթներ, որոնց գործնական կիրառումն իրատեսական չէ»: Մեր հարցին, թե ընդունո՞ւմ
է այս քննադատությունը՝ պրն Սադոյանը պատասխանեց. «Չէի ասի, որ այս եզրակացությունը
պարունակում է լուրջ քննադատություն մեր նախագծի վերաբերյալ: Այո՛, Վենետիկի հանձնաժողովը
նշում է, թե մեր նախագծում անդրադարձ չկա որոշ կարեւորագույն հարցերի: Բայց ցավում
եմ, որ ես մի ուղեկցող նամակ չէի ուղարկել Վենետիկի հանձնաժողովին, որում նշված կլիներ,
թե Սահմանադրության որոշ գլուխների չենք անդրադարձել, քանի որ համաձայն ենք եղել
2001-ին ներկայացված փոփոխությունների նախագծին: Իմ կարծիքով, Վենետիկի հանձնաժողովը
բավական դրական է արձագանքել մեր նախագծի տեղական ինքնակառավարման կամ պետության
կառուցվածքի վերաբերյալ դրույթներին: Եվ ես կփորձեմ այդ կարեւորագույն դրույթները
դարձնել փոխհամաձայնության հիմք»: ՄԱԿ խմբակցության՝ փոփոխությունների առաջարկությունների
նախագծի մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է, թե այն շատ առումներով նման է 2001-ի
Սահմանադրության նախագծին: Մեր հարցին, թե համաձա՞յն է այս գնահատականին՝ Գուրգեն
Արսենյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների գլխի մասով՝ համաձայն եմ հանձնաժողովի
փորձագետների գնահատականին: Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության
մասով՝ այնքան էլ համաձայն չեմ: Ինձ թվում է, որ որոշակի թյուրիմացություն է առկա:
Մենք առաջարկել ենք կիսանախագահական համակարգին բնորոշ տարրեր, իսկ 2001-ի նախագծում
նման տարրերը շատ ավելի քիչ են: Նույնը վերաբերում է նաեւ դատաիրավական համակարգի
վերաբերյալ փոփոխություններին. մեր առաջարկները համընկնելով 2001-ի նախնական փաստաթղթին
(եւ ոչ հանրաքվեի դրվածին)՝ պարունակում են նաեւ լրացումներ դատաիրավական համակարգի
ձեւավորման, գործառույթային իրավասությունների, ինչպես նաեւ՝ սահմանադրական արդարադատության
ոլորտի ընդլայնման ու կիրառման վերաբերյալ: Բացի այդ՝ մենք շատ լուրջ հստակեցումներ
ենք իրականացրել դատախազության համակարգի առնչությամբ, որը տեղափոխել ենք նախագահի
թեւ, եւ նրա գործառույթային պարտականությունն ենք սահմանել այդ համակարգի միջոցով
երկրում օրինականությանը հետամուտ լինելը»: Այս երեք նախագծերից մեկն է ընդունվելու
որպես հիմք հետագա աշխատանքի համար: Մեր դիտարկմանը, թե իշխող մեծամասնության գործելակերպը
եւ նախադեպերը նկատի առնելով՝ դժվար չէ կանխատեսել, որ հիմք է ընդունվելու հենց կոալիցիայի
տարբերակը, ՄԱԿ խմբակցության ղեկավարն այսպես արձագանքեց. «Պիտի մեր գործընկերներն
էլ հասկանան, որ սա երկրի ապագայի համար հիմնաքարային հարցերից մեկն է, որի ընդունման
ժամանակ այնքան էլ կարեւոր չպիտի լինի քաղաքական որեւէ կառույցի պատկանելը»: Փորձեցինք
պարզել ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի վերաբերմունքն
այն առաջարկին, որ հանրաքվեի դրվեն ոչ թե ամբողջական ու ստվարածավալ նախագծերը, այլ
փոփոխությունների առանձին դրույթներ, որ հանրության համար առավել հասկանալի լինի
դրանց էությունը: «Սկզբունքորեն կարելի էր գուցե խմբավորել եղած հարցերը եւ ըստ այդմ
դնել քվեարկության: Սա իր մեջ ունի տրամաբանություն եւ միգուցե նաեւ որոշակի ներուժ՝
անջատելու իրարից հարցերը, որոնք կունենան ավելի մեծ կամ քիչ թվով կողմնակիցներ,-
պատասխանեց Տիգրան Թորոսյանը:- Սակայն, իմ կարծիքով, որոշակի դժվարություններ կան
ե՛ւ Սահմանադրության, ե՛ւ օրենքների առնչությամբ: Եվ այս մասին պետք է մտածել»: Մեր
ճշգրտող հարցին, թե այսինքն՝ Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն չի՞ ընձեռում
անցկացնել ըստ առանձին հարցերի տարբերակված հանրաքվե՝ հանձնաժողովի նախագահը պատասխանեց.
«Այժմ չեմ ուզում տալ նման վերջնական գնահատական: Բայց ակնհայտ է, որ կան որոշակի
դժվարություններ եւ, եթե անգամ հաջողվի՝ պետք է արվի լուրջ աշխատանք»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել