Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆԱՎԱՐԻ

Դեկտեմբեր 23,2004 00:00

ՏՆԱՎԱՐԻ ՄԻ՛ ՀԻՇԱՏԱԿԵՔ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ Օրերս Իրաք հայ զինվորականներ ուղարկելու դեմ հերթական հավաքի ժամանակ, երբ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կոչ էր արել, որ ընդդիմությունը մասնակցի արտահերթ նստաշրջանում այդ հարցի քննարկմանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ նկատի ունենալով «Ազգային միաբանության» առաջնորդին՝ նշել էր. «Արտաշը ասել է, որ ինքը պաշտպանելու է»: Եվ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նկատել էր. «Դրա համար էլ ասեց՝ ընդդիմադիր ուժերին»: «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանը ՆԺ-ի առաջնորդի այս ռեպլիկի առնչությամբ ասաց «Առավոտին». «Մեր խմբակցությունը երբե՛ք լրջորեն չի ընկալում անգամ դատարանների կողմից որպես Փարաքարի շառլատան ճանաչված, Հայաստանը հյուրախաղերի թատերաբեմ դարձրած ոմանց արտահայտությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են այստեղ մե՛կ հեղափոխություն անցկացնելու կոչերով, մե՛կ էլ խրատական դասեր տալով»: Մեր զրուցակիցն ակնարկներ արեց նաեւ ՀԴԿ նախագահի հասցեին. «Քննարկման մեկ այլ մասնակից տնավարի է հիշատակել մեր խմբակցության ղեկավարի անունը: Ոչ մի կամակատար այդ իրավունքը չունի՛. իրենց համար մեր խմբակցության ղեկավարը եղե՛լ է, կա՛ եւ կլինի՛ պարոն Արտաշես Մամիկոնի Գեղամյան: Եվ յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ լինի ընդդիմադիր, իշխանամետ, թե Հայաստան ներդրված գործակալ՝ եթե անգամ փորձ անի «Ազգային միաբանության» հեղինակությանը դիպչող որեւէ՝ թեկուզ թռուցիկ բան ասել, կստանա լուրջ հակահարված»: Ի դեպ, Գագիկ Կոստանդյանը երեկ մասնակցել էր ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ մշտական հանձնաժողովի նիստին, որը քվորումի բացակայության պատճառով անվանվեց աշխատանքային փակ խորհրդակցություն: Քննարկման ընթացքում պրն Կոստանդյանը ելույթ է ունեցել, եւ ինչպես մեզ փոխանցեց՝ հայտնելով խմբակցության կարծիքը, նշել է. «Մենք կողմ ենք Իրաք զինվորական մասնագետներ ուղարկելուն, բայց ունենք լուրջ առաջարկներ եւ հիմնավորումներ, որոնք մեր խմբակցության ղեկավարը կներկայացնի լիագումար նիստում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել