Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՎԵՐ-ԱՆՎԱՎԵՐ» ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԸ

Հունիս 01,2005 00:00

Հրազդանում ստուգում են քվեաթերթիկները

Երեկ Հրազդանի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում բոլոր 9 անդամների, թեկնածուների մեկական վստահված անձանց, նաեւ Հրազդան մեկնած ԿԸՀ նախագահի տեղակալ Համլետ Աբրահամյանի եւ Եղիշ Տերտերյանի ներկայությամբ բացվեց թիվ 41/01 եւ 41/19 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների փաթեթները եւ սահմանված կարգով ու հաջորդականությամբ սկսվեց կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրության բոլոր 23 տեղամասերի արդյունքների վերահաշվարկը: Նշենք, որ երկու թեկնածուների ստացած քվեների տարբերությունը շատ քիչ է՝ ընդամենը 349։ Վերահաշվարկ էին գրավոր պահանջել պակաս ձայներ հավաքած թեկնածու Արթուր Շաբոյանի վստահված անձինք: Արդյունքում, թիվ 41/01 տեղամասում 13-ով պակասեցին գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին «կողմ» քվեարկած ձայները, Ա. Շաբոյանի օգտին քվեարկած ձայները պակասեցին 12-ով: Անվավեր քվեաթերթիկներն ավելացան 25-ով եւ այլն: Բայց ամենակարեւորը՝ 7-ով ավելացավ մինչ այդ նախնական արդյունքներում արձանագրված «0» անճշտության չափը:

Հանձնաժողովում կրքերը բորբոքվեցին, երբ բացվեցին թիվ 41/19 տեղամասի քվեարկության արդյունքների փաթեթները: Թեժ ու երկար բանավեճերի առարկա դարձավ լրացուցիչ ցուցակով քվեարկածների հարցը: Այս տեղամասում 33 հոգի դատարանի վճիռներով մասնակցել էր քվեարկությանը, բայց լրացուցիչ ընտրացուցակում ոչ այդ մարդկանց ստորագրությունները կային, ոչ անձնագրային տվյալները, ոչ էլ ցուցակն էր սահմանված կարգով կնքված եւ ստորագրված հանձնաժողովի անդամների կողմից:

Նախ Ա. Շաբոյանի վստահված անձը կարծիք հայտնեց, թե այդ լրացուցիչ ցուցակներում արձանագրված 33 թիվը պետք է համարել անճշտություն, որովհետեւ դրանք սահմանված կարգով եւ օրինական չեն: Եթե 23 տեղամասերից յուրաքանչյուրում, ասենք՝ մի 10-15 նման անճշտություն էլ հայտնաբերվեր, դա կարող էր միանշանակորեն ընտրություններն անվավեր ճանաչելու համար պարարտ հող լինել: Այդ իմաստով բնական էր, որ նույնիսկ ԸԸՀ-ում այն հանձնաժողովականները, ովքեր ակնհայտորեն շահագրգիռ էին Ա. Դանիելյանի ընտրությամբ, բավականին զայրացած ու վրդովմունքով էին արձագանքում լրացուցիչ ցուցակը անճշտություն համարելու առաջարկներին: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, նրա տեղակալը, «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված հանձնաժողովականը հենց դրան էին դիմադրում: Վերջիններիս փաստարկը մեկն էր՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված մարդկանց տվյալները չկան, որովհետեւ դրանք արձանագրված են դատարանի որոշումներում: Հակափաստարկն էլ այն էր, որ դատարանը որոշումները պարզապես «թխել» է՝ լրացնելով քաղաքից բացակայողների տվյալները, կամ՝ դատարանի որոշումներով քվեարկել են ոչ այն անձինք, ում անունով դրանք կայացվել են: Չօգնեցին նույնիսկ ԿԸՀ անդամների բացատրություններն ու օրենքի, ԿԸՀ որոշումների մեջբերումները, թե միայն անուն-ազգանուններով լրացված ընտրացուցակները, որտեղ չկան ընտրողների ստորագրություններն ու անձնագրային տվյալները, որը կնքված եւ ստորագրված չէ հանձնաժողովի կողմից, օրինական ընտրացուցակ համարել չի կարելի: Բայց ԿԸՀ ներկայացուցիչներն ընդամենը խորհրդակցական ձայնի իրավունք ունեին, եւ ոչ ավելին: Միայն ԸԸՀ անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Եղիշ Մանասյանն էր, որ համառորեն պնդում էր այդ տեսակետն ու անգամ պահանջեց քվեարկության դնել լրացուցիչ ցուցակների հարցը: Ի վերջո, ԸԸՀ-ն իրենն արեց եւ 5 «կողմ», 3 «դեմ» ու 1 «ձեռնպահ» ձայնով լրացուցիչ ցուցակը ճանաչեց վավեր: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ այդ որոշմանը դեմ քվեարկած երեք հանձնաժողովականները ՀՀԿ, ՄԱԿ եւ ՀՅԴ կուսակցությունն էին ներկայացնում: Այս տեղամասում վերահաշվարկից հետո պարզվեց, որ կա եւս 2 անճշտություն: Դրանք առաջացել էին ընտրողների ցուցակներում ստորագրությունների եւ քվեատուփում առկա քվեաթերթիկի թվի տարբերությունից:

Այսօր Հրազդանում կշարունակվի նաեւ մյուս տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել