Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛Չ

Հունիս 01,2005 00:00

«Ո՛Չ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ» «Արդարության» երեկվա նիստին մասնակցեցին դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները, բացի «Հանրապետությունից»: Օրակարգում ընդամենը մեկ հարց էր, որ վերաբերում էր սահմանադրական փոփոխությունների գործընթացի շուրջ հայտարարությանը: Խմբակցության ընդունած հայտարարությանը միացավ նաեւ «Ազգային միաբանությունը»: Խորհրդարանական ընդդիմության միասնական հայտարարության մեջ ասված է. «Հայաստանը չի կայանում որպես ժողովրդավարական եւ օրենքի իշխանության պետություն: Դրանով են պայմանավորված կեղծվող ընտրությունները եւ իշխանությունների սերտաճումը քրեական տարրերի հետ, ստվերային տնտեսությունը եւ կոռուպցիան, ծայրահեղ սոցիալական բեւեռացումը, մարդու անպաշտպանվածությունը, խոսքի, մամուլի եւ հավաքների ազատության սահմանափակումները: Շարունակվում են մեր երկրի միջազգային հեղինակության անկումը, տարածաշրջանային ծրագրերից մեկուսացումը եւ եվրաինտեգրացման իմիտացիոն բնույթը: Նշված վտանգավոր միտումները հաղթահարելու եւ զարգացման ուղի դուրս գալու համար վճռական նշանակություն ունեն սահմանադրական բարեփոխումները: «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հրապարակած սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակված է մեր կողմից ներկայացված մոտեցումներին համապատասխան, եւ այդ նախագիծը հիմնականում ընդունելի է «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների համար: Մայիսի 11-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագիծը մերժում է երկրի ժողովրդավարացման համար անհրաժեշտ փոփոխությունները եւ միտված է երկրում անձնիշխանական համակարգի պահպանմանը: Սրանից ելնելով՝ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները հայտարարում են. 1. Ներկայացվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու դեպքում մենք կոչ ենք անելու «ոչ» ասելու այդ նախագծին: 2. Իրական ժողովրդավարական սահմանադրական բարեփոխումները այլընտրանք չունեն եւ իրականացվելու են օրինական իշխանության հաստատումից հետո»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել