Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայունությունը» խոստանում է մոդելների կայուն բանակ

Հունիս 03,2005 00:00

«Կայունություն»
հասարակական շարժման երեկվա ասուլիսի կազմակերպիչներն ավելի շատ էին, քան լրագրողները:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սրճարանում կայունականների
մշակութային թեւը ներկայացրեց հուլիս-օգոստոս ամիսներին իրենց նախաձեռնությամբ կայանալիք
«Ֆոտոմոդել-2005» մրցույթի ընթացակարգը: Մրցույթի կազմակերպիչներն ասացին, որ ի տարբերություն
Հայաստանում կազմակերպվող մեծ թվով ծրագրերի, իրենք կոմերցիոն շահույթ չեն հետապնդում,
որ իբր «Ֆոտոմոդելում» ամեն ինչ արդար է, օբյեկտիվ, թափանցիկ եւ այլն: Հայտարարվեց,
որ «Կայունություն» հասարակական միավորման նախաձեռնությամբ ստեղծվել է վերահսկող
հանձնաժողով, որը կհետեւի մոդելային մրցույթի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին,
իսկ հանձնաժողովի մեջ կընդգրկվեն նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: «Առավոտը»
հետաքրքրվեց, թե ո՞ր լրատվամիջոցների ներկայացուցիչներն են երբեւէ մասնակցել «Ֆոտոմոդելի»
աշխատանքներին: Պարզվեց, որ նախորդ անգամ գնահատող հանձնաժողովի մեջ եղել է ԱԼՄ հեռուստաընկերության
ներկայացուցիչը: «Մեր ապրանքները պիտի գովազդեն մեր դեմքերը, ճանաչվեն այդ բիզնեսում
ու հետագայում աշխատանք ունենան»,- պաթետիկ տոնով ասաց ներկա կայունական, նախկին
ՀԺԿ-ական, ավելին՝ Հայաստանի առաջադիմական կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը:
Նա ասաց, որ «Ֆոտոմոդել-2005»-ի մասնակիցներն ու հաղթողները կզբաղեցնեն իրենց տեղը
գովազդային պաստառների վրա, պարբերականների էջերին, եւ նույնիսկ դուրս կգան արտերկրներ:
Պարզվեց, արտերկիրն էլ, ըստ կայունականների, ընդամենը Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգն
են, եւ իրենք պայմանագրեր են կնքել մոսկովյան «Մոդել-շոու» ու սանկտպետերբուրգյան
I.I.C.S. գործակալությունների հետ: Այս պահին իրականացվում է մրցույթի մասնակիցների
հավաքագրումը, որից հետո կսկսվեն նախապատրաստական աշխատանքները, պարապմունքներն ու
նկարահանումները: Կազմակերպիչները տեղեկացրին, որ «Ֆոտոմոդել-2005» մրցույթի առաջին
փուլը կկայանա Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, խոստացան շքեղ բեմականացում եւ էֆեկտներ:
Իսկ մրցույթից առաջ նույն թատրոնի Ձմեռային պարտեզում կկայանա նաեւ նկարիչ Արշալույս
Աղայանի նկարների ցուցահանդեսը: Վերջինս հատուկ ժամանել էր ասուլիսին իր երախտագիտությունը
հայտնելու «Կայունություն» շարժման ղեկավարությանը, որոնց շնորհիվ արվեստանոցի տեր
էր դարձել: Ի դեպ, երբ Ա. Աղայանը առաջին անգամ հայտարարեց այդ մասին, Ս. Հարությունյանը
նրան հուշեց. «Մի հատ էլ ասա, ու ավելի բարձր»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել