Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մեջքին ոչ ոք կանգնած չէ»

Հունիս 03,2005 00:00

«Իմ մեջքին ոչ ոք կանգնած չէ» Հարցազրույց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ – Պարոն Դանիելյան, ինչպե՞ս է ընթանում անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններից հետո ձայների վերահաշվարկը: – Արդեն 12 տեղամասերում քվեատուփ են բացել, եւ իմ ու մրցակցիս տարբերությունը մեծացել է 28-30 ձայնով: Վաղը (այսօր -խմբ.) ժամը 16-ին աշխատանքները դադարեցվում են, եւ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք է կայացնի իր որոշումը: Կարծում եմ, որոշումը կլինի իմ օգտին: – Բայց, որքան հայտնի է, ձեր մրցակից Արթուր Շաբոյանի ներկայացուցիչները պատրաստվում են դիմել դատարան: – Ինձ թվում է, կդիմեն դատարան, քանի որ պարտվող կողմը սովորաբար նման քայլի դիմում է: – Բոլորս գիտենք, որ Հայաստանում «ընտրվում է» նա, ում մեջքին կանգնած է բանակը, ոստիկանությունը, «կագեբեն», հարկայինը եւ էլցանցը: Նրանք ձե՞ր մեջքին էին կանգնած: – Իմ մեջքին ոչ ոք կանգնած չէ, բացի արդարությունից: Իրավապահ մարմինները օրենք են պաշտպանում մեր քաղաքում, եւ մեր ժողովրդի համար դա շատ լավ երեւույթ է: Բայց մարդիկ կան, որոնք միշտ ահաբեկելով են հասել ինչ-որ բանի, եւ մեր իրավապահ մարմինների այդ աշխատանքը իրենց դուր չի գալիս: – Կոնկրետ ո՞ր աշխատանքը: – Ըտրություններից հետո իմ մրցակցի Ջրառատ գյուղում (5-րդ տեղամասն է) ձայների հաշվարկի ժամանակ մարդիկ էին հավաքվել եւ խանգարում էին տեղամասային հանձնաժողովին, որ նրանք քվեաթերթիկները հասցնեն Հրազդան: Ոստիկանությունն այնտեղ կարգուկանոն հաստատեց, որպեսզի տեղամասի վրա հարձակում տեղի չունենա: Նրանք այդ միջադեպը սարքել էին՝ իմանալով, որ արդեն պարտվում են: – Ճի՞շտ է, որ ձեզ ընտրություններում աջակցում է մարզպետ Կավալենկո Շահգելդյանը: – Մարզպետի՝ որպես կառավարության ներկայացուցչի, հետ գործնական նորմալ հարաբերություններ ունեմ, եւ մենք միասին ենք լուծում մեր բնակչության խնդիրները: Մարզպետարանում կային մարդիկ, որոնք հակառակ կողմին էին պաշտպանում: Մարզպետը երեւի ուզում էր, որ ես մնամ քաղաքապետ: Ի՞նչ վատ բան կա դրանում: – Իսկ մարզպետից ավելի բարձր մարդիկ՝ վարչապե՞տ, Սերժ Սարգսյա՞ն: – Ես այդ մարդկանց հետ չեմ առնչվել: – Իսկ դուք լսե՞լ եք, որ նրանք աջակցում էին պարոն Շաբոյանին: – Ես գիտեմ, որ Հանրապետականի տեղերը տվել էին նրա ներկայացուցիչներին: Ես էլ եմ Հանրապետական կուսակցության անդամ, բայց չնայած դրան՝ կուսակցությունը պաշտպանում էր իմ մրցակցին: – Հիմա, երբ ամեն ինչ, ըստ էության, վերջացել է, դուք ակնկալո՞ւմ եք, որ ձեր նախկին մրցակիցը կգա եւ կշնորհավորի ձեզ: – Կարծում եմ, նա չի գա: Նա ինքնուրույն մարդ չի, որ այդպես վարվի: Նրան պետք է թելադրեն, որ գա: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել