Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատժելիության

Հունիս 03,2005 00:00

Անպատժելիության ծանր հետեւանքը «Առավոտի» աշխատակիցներ Իրինա եւ Իննա Դանիելյանցները բազմաթիվ անգամ գրավոր դիմումներ են ուղարկել Կենտրոնի ոստիկանության պետ Հովիկ Թամամյանին: Սակայն նրանց դիմումներին ընթացք չի տրվ ել հավանաբար այն պարզ պատճառով, որ նրանք համեստորեն չեն շահարկել թերթում աշխատելու հանգամանքը, այլ նշել են, որ բնակվում են 2-րդ Արհեստավորների 59 տանը: Երկու օր առաջ հերթական ահաբեկման թիրախ դարձան Իննան եւ նրան այդ պահին պաշտպանած մորաքույրը՝ Սուսաննա Պողոսյանը: Նույն բակում բնակվող հարեւանուհու՝ Անյա Սոմոյլենկոյի միջեւ տարիներ շարունակ եղել է վեճ: Սոմոյլենկոն հաճախակի ահաբեկել է քույրերին՝ սպառնալով. «Տեսեք ձեր գլխին ի՞նչ եմ բերելու, ձեր հախից ո՞նց եմ գալու»: Եվ եկել է: 2 օր առաջ էլ նրա աղջիկը՝ ժամը 15:30-ի սահմաններում հանդիմանել էր քույրերին, թե «ինչու ծառի տակի աղբը չեք մաքրում», անպատվել է նրանց, այնուհետեւ եղբայրը հարձակվել է նրանց վրա, որի արդյունքում ուղեղի ցնցում է ստացել Սուսաննան: Նա երկու օր է, ինչ տեղափոխվել է Նոր Նորքի հանրապետական հիվանդանոց: Իննային տրվել է դատաբժշկի ուղեգիր: «Աշխատում ենք խուսափել նրանց հետ շփվելուց,- ոստիկանապետին հղած նամակներից մեկում գրել էին Իրինան եւ Իննան,- քանի որ Անյան պատեհ-անպատեհ վիրավորում է մեզ փողոցային արտահայտություններով»: Անհանգիստ հարեւանուհու որդին էլ՝ Սմբատ Թորոսյանը, մոռանալով, որ մոր վարքագծի հետ կապված անգամ ինքն էր 2004թ. սեպտեմբերի 28-ին դիմել ոստիկանության Կենտրոնի բաժին, թե «ագրեսիվ է, մարդ է ծեծում, իր վարքագծով խանգարում է ընտանիքիս եւ հարեւանների հանգիստը, մարմնական եւ նյութական վնասներ է հասցնում», այս անգամ Դանիելյանցի եւ Պողոսյանի վրա հարձակվողներից մեկն էր: 2004թ. նոյեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Հ. Հարությունյանին գրավոր դիմել էր նաեւ մեր աշխատակիցների տատը՝ 2-րդ կարգի հաշմանդամ, 1926թ. ծնված Արաքսի Պողոսյանը, որը տեղեկացրել էր, թե իր թոռների հարեւանների վարքագծի հետ կապված դիմումները մնում են անհետեւանք, քանի որ այդ հարեւանները հովանավոր ունեն ոստիկանությունում՝ քրեականի աշխատակից Ռուբիկ Միրիմանյանը: «Մենք անգամ դիմել ենք հոգեբուժարան, ահազանգել, բայց ոչինչ չեն ձեռնարկել՝ պատճառաբանելով, թե Միրիմանյանի մորաքույրն է, ոչինչ անել չեն կարող»,- գրում է 79 տարեկան կինը: Ու մինչ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Վ. Խուբլարյանը հերթական «համապատասխան միջոցը կձեռնարկեր», այն է՝ «ՀՀ ոստիկանություն հասցեագրված դիմումը կուղարկեր Կենտրոնական բաժին», բռնարարքի հետեւանքով հերթական վնասվածքները ստացան մեր գործընկերները: Իսկ որքա՞ն ժամանակ պետք է անպատիժ մնան հանցագործները: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել