Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՈՂՆԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունիս 03,2005 00:00

ՊԱՐՈՂՆԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ Պարարվեստի ուսումնարանի շենքը հոբելյանական տարում անմխիթար վիճակում է «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, վերջին ամիսներին ոչ հաճելի, ասել է թե՝ ոչ ստեղծագործական հոգսերով է ապրում Երեւանի պարարվեստի ուսումնարանը: Հյուրընկալվեցինք պարարվեստի ուսումնարանի տնօրեն, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին: Լսելով մեր անհանգստությունը՝ կապված ուսումնարանի հետ, տնօրենն առաջարկեց էքսկուրս կատարել շենքում: Այն ամենը, ինչի ականատեսը եղանք ոչ հեռավոր 1988թ. կառուցված ուսումնարանի նոր շենքում, կարելի է բնութագրել մեկ արտահայտությամբ՝ անմխիթար վիճակ (ճաքճքած պատեր, կոտրված հայելիներ, քանդված հատակ եւ այլն), որտեղ համարյա բացակայում են պարարվեստի համար առաջին անհրաժեշտություն համարվող ատրիբուտները: Հիշեցնենք, որ մինչեւ հիշյալ թվականը, ուսումնարանը գործել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շենքում: Տնօրենը հայտնեց, որ այս ամենի մասին վերեւներում քաջատեղյակ են (նկատի ունի մշակույթի նախարարությունը եւ կառավարությունը): Պարոն Գալստյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում միակ պարարվեստի ուսումնարանի համար այս տարին հոբելյանական է՝ լրանում է 80-ամյակը. «Այն ամենը, ինչ դուք տեսաք՝ մեր հոգսերի մի մասն է: Մյուս մասը վերաբերում է հոբելյանական երեկոյին, որը նախատեսել ենք անցկացնել Օպերային թատրոնում, նոյեմբեր ամսին: Պիտի արվեն նոր բեմադրություններ՝ արդեն մեծ բեմի համար: Երեկոյին ցանկանում ենք ներկայացնել ուսումնարանի ե՛ւ դասական, ե՛ւ ժողովրդական պարի բաժինները: Աշխատանքները սկսված են: Բայց անհրաժեշտ են զգեստներ, բեմի ձեւավորման պարագաներ, բուկլետներ, գովազդային վահանակներ»: Ուսումնարանի կոլեկտիվի, սաների ստեղծագործական խնդիրները պարզ են՝ հավուր պատշաճի ներկայանալ հոբելյանին: Մի բան էլ հայտնի է՝ առանց ֆինանսի գործը գլուխ չի գա: Այս առիթով մեր զրուցակիցը հայտնեց, որ սպասում են դարձյալ վերադասին. «Հույս ունենք: Հակառակ դեպքում՝ չենք պատկերացնում ինչ կլինի: Ավելի լավ է հակառակը չպատկերացնենք»: Հույսով ապրող ուսումնարանի տնօրենը նպատակ ունի հոբելյանին հրավիրել իրենց ուսումնարանի նախկին 10 սաներին, որոնք արդեն տարիներ շարունակ բեմ են բարձրանում Եվրոպայի ճանաչված թատրոններում: «Անպայման հոբելյանի օրը կբացվի նաեւ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն մեր ուսումնարանի 80 տարիների պատմական փաստերը, լուսանկարները, պարարվեստի հայ երախտավորների, անվանի պարուսույցներից՝ Ազատ Ղարիբյան, Իգոր Արբատով, Սրբուհի Լիսիցյան, Վահրամ Արիստակեսյան, Թերեզա Գրիգորյան, մինչեւ մեր օրերի հայտնի դեմքերի մասին պատմող բուկլետներ, հոդվածներ եւ այլն: Հոբելյանական ծրագրում նախատեսված է հրավիրել կոլեգաներ Ռուսաստանից, ինչպես նաեւ մյուս երկրներից: Սա ընդամենը հոբելյանական միջոցառումների ուրվագիծն է»,- տեղեկացրեց տնօրենը: Հանդիպման ավարտին Վ. Գալստյանը նշեց, որ ուսումնարանում շուտով կավարտվեն քննությունները, սաները հրաժեշտ կտան եւ իրենք անհամբեր սպասում են այն պահին, երբ շենք կմտնեն շինարարները. «Վստահ ենք, որ դա անպայման տեղի կունենա»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել