Լրահոս
Օրվա լրահոսը

Կան ավանգարդը սիրողներ եւ չսիրողներ

Հունիս 07,2005 00:00

Կան ավանգարդը սիրողներ եւ չսիրողներ Հունիսի 12-ից նոյեմբերի 6-ը Վենետիկում կկայանա համաշխարհային արվեստի 51-րդ փառատոնը, որին այս անգամ էլ կմասնակցի Հայաստանը: ՀՀ մշակույթի նախարարությունը հանձնարարել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնին (ՆՓԱԿ) կազմակերպել Հայաստանի Հանրապետության տաղավարը Վենետիկի Բիենալեում: Ի դեպ, Հայաստանի տաղավարը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Մուրադ Ռաֆայելյան հայկական վարժարանի շենքում: «Սա Վենետիկի Բիենալեում Հայաստանի վեցերորդ մասնակցությունն է: Մենք՝ ՆՓԱԿ-ցիներս հպարտ ենք, որ եղել ենք Հայաստանի մասնակցության նախաձեռնողները համաշխարհային այս կարեւորագույն արվեստի միջոցառմանը»,- հայտարարում է ՆՓԱԿ-ի հիմնադիր եւ ավագ գեղարվեստական ղեկավար Սոնիա Պալասանյանը: Մյուս համահիմնադիր եւ Վենետիկի Բիենալեում Հայաստանի տաղավարի 1999, 2001, 2003, 2005թթ. պատվիրակ Էդուարդ Պալասանյանն էլ նշեց, որ «հենց ամենաառաջին մասնակցությունից (1995թ.) Հայաստանի տաղավարների ֆինանսավորումը ապահովվել է Հայկական սփյուռքի նվիրատվություններով, առանց որեւէ լումա իսկ ՀՀ բյուջեն ծանրաբեռնելու, եւ այս անգամ էլ բացառություն չի լինելու»: Վենետիկյան բիենալեների արդեն վետերան դարձած մասնակից Դավիթ Կարեյանը այս անգամ նշանակվել է Հայաստանի տաղավարի համադրող: Բիենալեին կմասնակցեն Դիանա Հակոբյանը («Ուժի տրամաբանությունը», վիդեոաշխատանք), Սոնա Աբգարյանը («Վաղը նույն ժամին», վիդեոինստալյացիա), Տիգրան Խաչատրյանը («Թոդիսի», վիդեոֆիլմ) եւ Վահրամ Աղասյանը («Գործարանները երկնքում», վիդեոինստալյացիա): Ոչ ավանգարդիստական արվեստի հայ մասնագետներից ոմանք, մասնավորապես գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը այդ արվեստի մասին հետեւյալ կարծիքին է. «Ես կարծում եմ, որ երկրի ղեկավարները պիտի երկրացավությամբ տառապեն ու թույլ չտան, որ բարոյահոգեւոր աղճատումներ կատարվեն մեր երկրում: Պիտի հստակ որոշվի՝ կա՛մ օտարածին հոգեբանությամբ անհասկանալի էակներ ու կազմակերպությունների ագենտներ, կա՛մ հայ ժողովուրդ եւ հայ մաքուր մտավորականություն: Եղել ենք շատ երկրներում, տեսել հոգեւոր արժեզրկումներ եւ արժեւորումներ, գիտենք, թե անարժեքը արժեքավոր ներկայացնելը ինչպիսի հետեւանքներ է ունեցել տարբեր ժողովուրդների ու ազգերի համար: Նման բան պատահել է նաեւ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, ինչպես նաեւ արվեստի մեծագույն այլ օջախների հետ: Հիմա նույն բանը փորձում են իրականացնել Հայաստանում: Չի կարելի 1-ը 5-ի տեղ անցկացնել, իսկ էդ կատուներն ու զիրթուզիբիլները (խոսքը ոչ միայն Գաֆեսճյանների հավաքածուի մասին է) ներկայացնել որպես աստվածային գործեր»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել