Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխությունը բոլորին բարեկեցություն չի բերել»

Հունիս 08,2005 00:00

«Հեղափոխությունը բոլորին բարեկեցություն չի բերել» Վերջին շրջանում հայաստանյան մամուլը հաճախ է անդրադառնում Վրաստանում հայկական եկեղեցիների եւ, ընդհանրապես, մշակույթի եւ կրթության օջախների ճակատագրին։ «Առավոտի» թղթակիցը հնարավորություն ունեցավ այդ թեմաներով զրուցել վիրահայերի հետ: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Վրաստանում գործող հայկական եկեղեցիների մասին ասաց, որ այսօր դրանք բազմաթիվ խնդիրներ ունեն, սակայն առայժմ չեն նշմարվում լուծումները. «Մենք փորձում ենք լուծումներ գտնել, սակայն Վրաստանի օրենսդրությունը թերի է, չկա խղճի ազատության մասին օրենք, այդ պատճառով կրոնական կազմակերպությունները հնարավորություն չունեն գրանցվել իբրեւ այդպիսիք: Սա թիվ մեկ եւ գլխավոր խնդիրն է, եւ դրանից է կախված մյուս խնդիրների լուծումը՝ եկեղեցիների վերադարձ կամ եկեղեցիների սեփականության խնդիրների լուծումը»: Վրաստանում 19 գործող եկեղեցի կա, սակայն գրեթե բոլորում հոգեւորականների, քահանաների պակաս կա: Այստեղ չկա համապատասխան առաջնորդարան, խնդիրներ կան կրոնական թեմի լիարժեք գործունեության հետ կապված: Մենք նկատեցինք, որ վերջին շրջանում, հատկապես «վարդերի հեղափոխությունից» հետո, վրացիները չափազանց ակտիվորեն են ձգտում իրենցով անել հայկական եկեղեցիները, եւ, իբրեւ ապացույց, հայկական եկեղեցիների ինչ-ինչ մասեր հենց հայերի աչքի առաջ ձեւափոխումների եւ ավերածությունների են ենթարկվում: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ներկայացմամբ, դա նոր բան չէ. «Դա արվել է տասնամյակներ շարունակ, նոր բան չէ, եւ շարունակվում է նաեւ այսօր»: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ հնարավորություններ կան փրկելու հայկական եկեղեցիները հիմա էլ վրացիներից, սրբազան հայրն ասաց. «Խնդիրը լուծելու միայն մեկ ձեւ ենք մենք տեսնում՝ մեր խնդիրները ներկայացնել մեր բոլորի, մեր ժողովրդի միասնականության միջոցով»: Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի տնօրեն Մխիթար Բաղդասարյանի կարծիքով, եկեղեցիների այսպիսի անմխիթար վիճակի միակ մեղավորը հայերն են եւ պետք չէ ուրիշ տեղերում մեղավորներ փնտրել. «Եկեղեցին կա, պատերը ճաքած կանգնած է, բայց այցելու չունի, մարդիկ եկեղեցի չեն գնում»: Պարոն Բաղդասարյանը ցավով նկատեց, որ հայերը հեռանում են նաեւ Վրաստանից, իսկ այս արտագաղթի պատճառը դարձյալ նույնն է՝ «տնտեսական կացությունը»: Իսկ «վարդերի հեղափոխությո՞ւնը»: «Հեղափոխությունը հո բոլորին չէր բերելու բարեկեցություն, հեղափոխությունը եղավ, բայց պետք է աշխատատեղեր ստեղծել, ուրիշ բազմաթիվ խնդիրներ լուծել, որը դեռ չի ստեղծված: Ասում են՝ կլինի»: Իսկ Վրաստանում միակ բանը, որ շարունակ ցուցադրվում է՝ վրացերենն է, չես գտնի որեւէ այլալեզու հայտարարություն կամ գովազդ: Ստիպված ես վրացերեն սովորել: Հեղափոխությունից հետո վրացիների վիճակը կտրուկ չի լավացել, առայժմ մարդիկ սպասում են, դիմանում են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներին, փոշոտ եւ անխնամ փողոցներին եւ խանութներին, խմելու ջրից անընդհատ զգուշանում են, որովհետեւ կոյուղաջրերն այստեղ խմելու ջրերին խառնվելու սովորություն ունեն: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930