Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶԻՄԻՐՈՎԻՑ

Հունիս 09,2005 00:00

ԿԱԶԻՄԻՐՈՎԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԼՔԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի ժամանումը Բաքու հենց առաջին րոպեներից սկանդալային բնույթ է ստացել։ Դիվանագետը Բաքվում հրավիրված էր մասնակցելու «Ադրբեջանի աշխարհառազմավարական նշանակությունը» սեմինարին։ Դեռ օդակայանում ադրբեջանցի լրագրողների հարցին՝ «Ճանաչո՞ւմ է նա արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», Վլ. Կազիմիրովը հրաժարվել էր հստակ պատասխան տալ, իսկ երեկ, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» փորձել է խափանել նրա մասնակցությունը սեմինարին: ՂԱԿ անդամները պահանջել են Կազիմիրովից լքել ոչ միայն սեմինարի դահլիճը, այլեւ Ադրբեջանի տարածքը: Նրանք փորձել են նաեւ տապալել Կազիմիրովի ելույթը՝ հիմնավորելով դա նրանով, որ «այս ռուս դիվանագետը հայտնի է որպես Հայաստանի շահերի պաշտպան եւ չի ճանաչում վերջինիս որպես ագրեսոր»: Սեմինարի մեկ այլ մասնակից պահանջել է, որ Կազիմիրովը ի լուր բոլորի հայտարարի, թե ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչին միացել են սեմինարի մյուս մասնակիցները՝ մի քանի րոպե շարունակ խանգարելով դիվանագետի ելույթը։ Արդյունքում միջոցառման մի քանի մասնակիցներ եւ լրագրողներ ի նշան բողոքի ցուցադրաբար լքել են դահլիճը՝ Ռուսաստանին մեղադրելով ԼՂ հակամարտությունը սանձազերծելու մեջ։ Իսկ Կազիմիրովը դարձյալ պնդել է, որ Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի 7 շրջանները, բայց ոչ անհատույց։ Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է բազմաստիճան երաշխիքներ, որոնցից առաջինն այն է, որ Ադրբեջանը պետք է ստանձնի կոնկրետ պարտավորություններ, որովհետեւ նա ամենահակվածն է խնդիրը լուծել ուժային մեթոդներով։ Կազիմիրովը հավելել է նաեւ, որ եթե Ադրբեջանը փորձի ԼՂ հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով՝ անհաջողության կմատնվի։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել