Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԱՂԿԱՁՈՐ-3»-Ը

Հունիս 09,2005 00:00

«ԾԱՂԿԱՁՈՐ-3»-Ը ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է Բարենպաստ եղանակների հետ միասին Ծաղկաձորում լրիվ թափով սկսվել է ճոպանուղու երրորդ հերթի՝ «Ծաղկաձոր-3»-ի շինարարությունը: Դրա տեխնիկական չափորոշիչներն էականորեն տարբերվում են նախորդ երկուսից: Եթե առաջին գծի երկարությունը 1171 մետր է, երկրորդինը՝ 1412, երրորդինը լինելու է 1551 մետր: Բանակցությունների արդյունքում պետությունը «Լայթներ» ֆիրմային երրորդ գծի իրական 1 մլն 706 հազար արժեքի փոխարեն վճարել է 1 մլն 486 հազար եվրո, որի մեջ մտնում է նաեւ ամբողջ սարքավորումների տեղափոխումը: «Ծաղկաձոր-3»-ը կառուցման եղանակներով իր նախորդներից որոշակիորեն տարբերվում է: Դրա մասին պատմեց ճոպանուղու շինարարության բոլոր խնդիրներով զբաղվող Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը: «Աշխարհի բոլոր ճոպանուղիները, երբ քամու արագությունն անցնում է վայրկյանում 13-14 մետրից, ուղեւորների անվտանգության նպատակով անջատվում են,-ասաց նա:- Մեզ մոտ արդեն իսկ շահագործվող երկու հերթերում «Լայթների» մասնագետների հետ միասին կարողացել ենք այդ սահմանը հասցնել մինչեւ 15 մ/վրկ-ի: Իսկ երրորդի համար ֆիրմայից պահանջել ենք տեղադրել լրացուցիչ եւս երկու հենասյուն: Այդպես նախ ավելի արդյունավետ կլինի դրա շահագործումը, բացի դրանից, ճոպանուղին հնարավոր կլինի շահագործել քամու՝ վայրկյանում մինչեւ 17-18 մետր արագության պայմաններում»: Աշնան վերջին, երբ կավարտվի նաեւ երրորդ հերթի շինարարությունը, ճոպանուղու ընդհանուր թողունակությունը կկազմի ժամում 2600 մարդ (առաջինինը՝ 1200, երկրորդինը՝ 800, երրորդինը՝ 600): Տեղեկացանք նաեւ, որ օրերս Հայաստան է ժամանել ճոպանուղու սարքավորումներով բարձված առաջին հսկա բեռնատարը, որը բերել է վերհողային աշխատանքների համար անհրաժեշտ 10,5 տոննա բեռ: Սպասվում է, որ ընդհանուր առմամբ ստացվելու է 15 այդպիսի բեռնատար: Այս տարի ձեռք է բերվելու նաեւ ձյուն ամրացնող «Ռատրապ» կոչվող երրորդ մեքենան: Բնականաբար, այս հիասքանչ կառույցի վերջնական շահագործումով Ծաղկաձորում մարդկանց հանգստի կազմակերպման հարցերը չեն ավարտվում: Ընդհակառակը, առաջանում են բազմաթիվ այլ խնդիրներ, առանց որոնց լուծման արվածը անիմաստ կլինի: Այդ իսկ պատճառով հիմա ճոպանուղու շինարարությանը զուգահեռ կատարվում են նաեւ այդ աշխատանքները: Մասնավորապես, Թեղենիսի ամբողջ լանջով մեկ առանձնացվում են դահուկուղիները, սահնակուղիները, ձյունագնաց մեքենաների ճանապարհները: Նկատի ունենալով, որ Ծաղկաձորը հանգստի սիրված վայր է ոչ միայն ձմռանը, այլեւ տարվա բոլոր եղանակներին, ճոպանուղու ամբողջ երկայնքով մարդկանց համար հաճելի հանգիստ անցկացնելու պայմաններ են ստեղծվում, բայց բացառելով բնությունն ու շրջակա միջավայրն ապականելը: Չեն լինելու խորովածի մանղալներ, այսօր մեզանում լայն տարածում ստացած «ավանդական-պարտադիր» այլեւայլ օբյեկտներ: Դրա փոխարեն Շվեյցարիայից աշնանը ներկրվելու է շուրջ չորս հազար հատ 60 սմ-անոց արծաթափայլ ու կապտափայլ եղեւնի, որ ապրում են հենց այդպիսի բնակլիմայական պայմաններում: Արդեն այժմվանից ԱԺ պատգամավորների մի ստվար խումբ ցանկություն է հայտնել Թեղենիսի լանջին ծառատունկ կազմակերպել: Հարկավոր է նաեւ ստեղծել հյուրանոցների խիտ ցանց, որի պակասն արդեն զգացվում էր այս տարի: Սակայն այսօրվանից առկա են խնդիրներ, որոնք մտահոգվելու լուրջ առիթ են տալիս: Խոսքը ոչ միայն ճոպանուղու տարածքում, այլեւ ամբողջ Ծաղկաձորում շուրջտարյա ջուր ապահովելու մասին է եւ մշտական հոսանքի: Եթե առաջին դեպքում խնդիրը լուծելի է մոտ 2 կմ երկարությամբ երկրորդ ջրագիծն անցկացնելով, որով արդեն իսկ զբաղվում են, երկրորդի հարցով առայժմ շատ թե քիչ արդյունավետ հնար դեռ չի գտնվել: Հաճախակի անջատումները շարքից դուրս են բերում ճոպանուղին աշխատեցնող գերժամանակակից մասերը: Ու նման դեպքեր անցած ձմեռ եղել են: Խնդրի լուծման տարբերակ է հոսանքամատակարարումը տնօրինող կազմակերպությունների կողմից Ծաղկաձորում ներդրումներ կատարելը, մի բան, որի մասին կարծես վերջինները չեն էլ մտածում: Իսկ մինչ այդ, ճոպանուղու ղեկավարությանը հանձնարարված է որպես միջանկյալ լուծում պայմանագրեր կնքել ճոպանուղու գործունեությանն այս կամ այն կերպ առնչվող կազմակերպությունների հետ, որպեսզի նրանց պատճառով խափանումներ լինելու դեպքում իրենք փոխհատուցեն պատճառված վնասը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել