Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎԵԼ

Հունիս 10,2005 00:00

ՀՐԱԺԱՐՎԵԼ ՍԵՎԵՌՈՒՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՑ Խորհուրդ է տալիս Հովհաննես Հովհաննիսյանը Ղարաբաղյան հիմնահարցի լուծման գործում ի՞նչ կարող է անել տեղական ընդդիմությունը: Ըստ Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահի՝ «Ընդդիմությունը Ղարաբաղի հարցում ոչինչ չի կարող անել, քանի որ գործընթացը վարում է իշխանությունը, ընդդիմությունը կարող է բանակցային գործընթացի հետ համաձայնել, կամ՝ ոչ: Իրականում բանակցություններն արդեն մտել են փակուղի, եւ ընդդիմությունը պարտավոր է գնահատական տալ: Եվ այն հայտարարությունները, որ երբեմն հնչում են, թե իբր Ղարաբաղի հարցում ընդդիմությունն ու իշխանությունները միասնական են, ես ճիշտ չեմ համարում, նման բան չկա: Ղարաբաղի հարցը ընդդիմությունը եւ իշխանությունը չեն կարող նույն հարթության վրա տեսնել»: Իսկ Ադրբեջանում ծավալվող, այսպես կոչված, ժողովրդավարական գործընթացները խանդ չե՞ն առաջացնում հայաստանյան քաղաքական ուժերի մոտ, արդյոք մեր ընդդիմադիրները չե՞ն ափսոսում, որ իրենք պահը բաց են թողել: Մեր այս հարցերին պատասխանելով՝ Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նկատեց. «Խնդիրը ոչ թե Ադրբեջանն է, այլ այն, որ այս նույն գործընթացները առաջինը սկսվեցին Հայաստանում. ցավոք, 2003-ին Հայաստանում իշխանափոխություն տեղի չունեցավ եւ տեղի չունեցավ բավականին լուրջ եւ օբյեկտիվ պատճառներով: Դրանում բոլորս մեր մեղքի բաժինն ունենք»: Չմանրամասնելով այդ պատճառները՝ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ վստահ է Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացների հաջողությանը, իսկ այդ դեպքում մենք կհայտնվենք շատ ավելի աննախանձելի վիճակում. «Ես վստահ եմ, որ Ադրբեջանում գործընթացները կհաղթեն, չեն օգնի նաեւ նավթային ծրագրերն ու նավթային դոլարները: Կյանքը ցույց է տալիս, որ կան արժեքներ, որոնք շատ ավելի կարեւոր են, քան նավթային շահերը: Եվ հենց որ Ադրբեջանում եւս տեղի ունենա այն, ինչ եղավ Վրաստանում, Հայաստանը կհայտնվի նույն իրավիճակում, ինչպիսին էր 20-ական թվականներին, երբ ընկեր դաշնակները եթե մի վեց ամիս առաջ ճիշտ կողմնորոշվեին, մենք այսօր շատ ավելի մեծ երկիր կունենայինք: Բայց նրանք փորձեցին մաքառել, եւ մենք պետք է շնորհակալություն հայտնեինք կոմունիստներին, որ մի քիչ մեծացավ մեր երկիրը: Հիմա մենք նման ենք այս վիճակին, երբ Ադրբեջանը կդառնա մի երկիր, որը ունի մեծ ինդուստրիա, Վրաստանը կդառնա տարածաշրջանի մշակութային եւ հոգեւոր ներկայացուցիչը, իսկ Հայաստանը կլինի մի երկիր, որը ոչ մեկին պետք չի գալու, եթե ստեղծված պայմաններում համապատասխան եւ արագ հետեւություններ չանենք: Մենք պարզապես պարտավոր ենք ավելի արագ նվաճել ժողովրդավարությունը, քան դա կլինի Ադրբեջանում: Այն մարդիկ, ովքեր այսօր դա չեն հասկանում՝ կործանում են Հայաստանը: Սա վերաբերում է եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը: Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ ժողովրդավարացման ալիքը ավելի արագ հասնի Ադրբեջան, մենք չենք կարող սպասել մինչեւ 2005-ի ձմեռ կամ 2006-ի գարուն, դա կործանարար կլինի: Ընդդիմադիր գործիչները այս ամենը լավ հասկանալով՝ պետք է հրաժարվեն իրենց սեւեռուն գաղափարներից, եւ միասին ամեն ինչ անենք, որ Հայաստանը գնա ժողովրդավարացման ճանապարհով»: Մենք նկատեցինք, որ ընդդիմադիր նոր ձեւաչափի մասին ամենից շատ խոսող գործիչը հենց պարոն Հովհաննիսյանն է, սակայն այդ ձեւաչափն այդպես էլ չի իրականանում, ինչո՞ւ: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ «Մարսից մարդ չի գալու, ոչ էլ կողքի հանրապետությունից է գալու, ամեն ինչ լինելու է մեր ներքին ընդդիմադիր ռեսուրսի հաշվին, որի առաջ դրված են նոր խնդիրներ, առաջին հերթին՝ իշխանափոխություն, նոր որակի, նոր տրամաբանության իշխանության ստեղծում, որը որպես այս իշխանության այլընտրանք՝ իր վրա պետք է վերցնի քաղաքական պատասխանատվությունը: Ամբողջ իդեան դա է՝ ո՞ր թիմն է գալու, որովհետեւ մենք այսօր չունենք այն խարիզմատիկ լիդերը, որ ասենք՝ հավաքվենք եւ գնանք նրա ետեւից: Ընդդիմությունը պետք է գա թիմով, որի մեջ կլինեն չորս-հինգ կուսակցություն, բայց չի կարելի 15 կուսակցություն. 15 կուսակցությամբ իշխանափոխություն չեն անում»: Պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ ընդդիմադիր նոր ձեւաչափի ստեղծումը ձգձգվում է որոշների ամբիցիաների եւ ժամանակի պատճառով. «Գաղափարը պետք է հասկանալի դառնար. հանուն ինչի՞, Ռոբերտ Քոչարյանին գցելո՞ւ, գաղափարը դա չէ, գաղափարը նոր Հայաստան ձեւավորելու, 21-րդ դարի գործընթացներին համահունչ նոր որակի իշխանություն, նոր երկիր ստեղծելու մեջ է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել