Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայի

Հունիս 11,2005 00:00

Հայի չուզողությո՞ւն է, թե՞ հերթական ծառահատում Բնակիչների հերթական բողոքը սրճարանատիրոջ դեմ «Հարավ-արեւմտյան թաղամասում մեր ձեռքերով հիմնած այգին կացնահարվում է: Այգու մեջտեղում վերջերս կառուցած «Վագաս» կոչվող սրճարանի տերն արդեն 37 ծառ կտրել է ու պատրաստվում է էլի կտրել: Բռնե՛ք այդ կացնահարող ձեռքը, մի՛ զրկեք մեր երեխաներին թթվածին շնչելու հնարավորությունից»,- «Առավոտի» խմբագրություն այս բողոքով ներկայացան Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասի 64 շենքի բնակիչները՝ հավաստիացնելով նաեւ, թե այդ այգին թաղապետարանի աշխատակիցների հետ իրենք են տնկել դեռեւս 2000-ին, խնամել ու պահպանել այն: Իսկ հիմա ծառերը հերթով կացնահարվում են՝ սրճարանի տարածքը մեծացնելու համար: Երբ մենք լուսանկարում էինք «օբյեկտը», «Վագասից» դուրս եկած մի քանի տղամարդ նախ սպառնացին՝ «հեռու գնա, եթե կյանքիցդ ձեռ չես քաշել», հետո, այնուամենայնիվ, իրենց տեսանկյունով պարզաբանեցին բողոքի պատճառը: Անդրանիկի փողոցում «Վագաս» անունով իսկապես մի շարք օբյեկտներ կան՝ մարզադահլիճ, ավտոլվացման, տեխսպասարկման եւ յուղման կետեր, սրճարան: Վերջինս էլ, ինչպես նշել էին բնակիչները, գտնվում է այգու մեջ ու տեղանքից դժվար չէ կռահել, որ մինչեւ սրճարանի կառուցելը՝ մոտ 6 ամիս առաջ, այդ տարածքում իրոք եղել են մի քանի ծառեր: Բայց Վահրամ ներկայացած «Վագասի» տնօրենը մեզ հավաստիացրեց, որ ծառերը ոչ թե հատվել են, այլ՝ տեղափոխվել այգու մեկ այլ հատված. «Ծառ տնկողը ծառ չի կտրի, էս ամբողջ այգին մենք ենք տնկել, ոռոգման ջուր ենք քաշել, դեռ պատրուս արած ծառեր եմ բերել, ընկուզենիներ, սալորենի, ծիրանենի: Ես ամսական 30 հազար դրամ տալիս եմ այգեպանին, որ խնամի դրանք: Երբ ոջլոտում են ծառերը, ո՞ր բնակիչն ա գալիս, ձեռ գցում»: Բնակիչների խոսքերով, տեղափոխված 4-5 տարեկան 37 ծառերից եւ ոչ մեկն այլեւս չի աճել, չորացել են: «Վագասի» տարածքում մենք միայն 1 չորացած ծառ տեսանք, այն էլ, տնօրենի պատմելով՝ «մի 2-3 անգամ տեղափոխել ենք, դրա համար էլ չի աճել»: Ինչ վերաբերում է մնացած 36-ին, սրճարանի տարածքում դժվար թե այդքան ծառ տեղավորվեր: Նախկինում այդ տարածքը ժայռալեռներ հիշեցնող մի քարքարոտ ու անշուք տեղ է եղել: Բայց թաղապետի նախորդ ընտրություններից հետո, կազմակերպված շաբաթօրյակների ժամանակ այն բարեկարգվեց, կառուցվեց այգի: Թե ովքե՞ր են ավելի շատ մասնակցել բարեկարգման աշխատանքներին՝ բնակիչնե՞րը, թե՞ Վահրամի ընկերները, դժվար է ասել: Վահրամի խոսքերով՝ «Ես նաեւ նստարաններ եմ տեղադրել տարածքում, լուսավորել փողոցը, առաջ բնակիչները աղբը թափում էին հենց փողոցում, բերեցի աղբամաններ դրեցի, գոնե իմ տարածքը ասֆալտապատեցի, էլ ի՞նչ են ուզում»: ԼՈՒՍԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել