Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցային առեւտրի դեմ պայքարն ավարտվեց

Հունիս 14,2005 00:00

Քանի
որ պայքարելու լծակներ ունեն միայն ոստիկանները, որոնց համար փողոցային առեւտրականները
կաշառքի աղբյուր են: Փողոցային առեւտրի ստեղծած գլխավոր տհաճությունը մայթերի
անանցանելիությունն է: Իսկ այս խնդիրը չի կարող լուծվել ամենախիստ միջոցառումներ
կիրառելու դեպքում անգամ, որովհետեւ, ըստ գործող կարգի, փողոցում չի արգելվում ծաղիկներ,
թերթեր վաճառել, իսկ պաղպաղակն ու հյութերը՝ սառնարաններից: Ճիշտ է, արտերկրում նույնպես
վերոհիշյալ տեսականու վաճառքը փողոցներում արգելված չէ: Բայց այնտեղ մայթեզրի խանութներն
իրենց ողջ տեսականին ի ցույց չեն հանում հենց մայթի վրա՝ բավարարվելով ցուցափեղկերով:
Մեզ մոտ նմանատիպ խանութների բուն առեւտուրն ընթանում է փողոցում: Երեւանի
քաղաքապետարանի՝ փողոցային առեւտուրը վերացնելու ուղղությամբ մինչ այժմ գործադրած
ջանքերը լավագույն դեպքում սահմանափակվել են ժամանակ առ ժամանակ կազմակերպված մի
քանի օրյա «ռեյդերով»: Վերջինը, օրինակ, Երեւանի կենտրոնում էր, շաբաթ օրը, կապված
«Մաքուր Կենտրոն» ակցիայի հետ: Վաճառողները ժամանակին տեղեկացվում են «ռեյդերի» մասին,
ըմբռնումով են մոտենում դրան եւ հաշտ են այդ օրվա կամ օրերի օգուտից զրկվելու հետ:
Իսկ մայթային առեւտուրը ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է, օրավճարներն էլ
մուծվում են կամ ոստիկանին, կամ թաղապետարանի «տղերքին»: Երկու տարի առաջ քաղաքապետարանը
գտավ մի ելք. մինի շուկաներ, որտեղ պետք է տեղափոխվեին փողոցային առեւտրականները,
սկզբում արտոնյալ պայմաններով, հետո՝ ինչպես մնացած շուկաներում: Երեկ փոխքաղաքապետ
Արման Սահակյանն ասաց, որ մինի շուկաների համար հատկացված 38 շուկաներից 21-ը գործում
է, բավականին թեթեւացնելով հարակից մայթերը: Բայց իրականում հիմա էլ առաջվա պես փողոցներում
կանգնում են մրգեր, շոր-կոշիկ եւ կենցաղային պարագաներ վաճառողները՝ կրկին անանցանելի
դարձնելով մայթերը: Այնինչ, խնդիրը լուծելու համար հարկավոր էր ձեւ գտնել՝ բեռնաթափել
մայթերը բոլոր առեւտրականներից: Փոխքաղաքապետը հստակ հայտարարեց, որ ոչ մի որոշումով
սահմանված չէ, որ հենց Երեւանի քաղաքապետարանն է պարտավոր վերացնել փողոցային առեւտուրը:
Ասաց, որ բոլոր այդ առեւտրականները համարվում են կարգազանցներ, քանի որ չունեն տվյալ
տեղում առեւտուր կազմակերպելու թույլտվություն, ուրեմն նրանցով պետք է զբաղվեն օրինապահները,
ինչպես նաեւ հիգիենիկ-հակահամաճարակային ծառայությունը: Վերջինիս անունից քաղաքապետարանի
առողջապահության եւ սոցիալական վարչության պետ Արմեն Սողոյանը ասաց, որ ծառայությունն
ունի ընդամենը ուսումնասիրելու եւ տվյալներ տրամադրելու գործառույթ եւ ոչ ավելին:
Այսպիսով, մնացին ոստիկանները, որոնք էլ, ինչպես հայտնի է, առեւտրականներից հիմնական
օրավճար գանձողներն են: Ասել է թե, փողոցում ծավալված առեւտուրը ոստիկաններին օգուտ
է: Ուրեմն կարգազանցներին կարգի հրավիրելը, այն է՝ տեղից զրկելը, նրանց վնաս է: Սրանով
էլ ավարտվում է փողոցային առեւտրի դեմ պայքարը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել