Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ

Հունիս 16,2005 00:00

ՆՈՐԻՑ ՓԱՐԱՔԱՐ Է ՓԱԿՈՒՄ Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը լինելու է միասնական՝ ընդդիմադիր այլ ուժերի հետ։ Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ մեկ հանդիպում է եղել Ստեփան Դեմիրճյանի հետ, նախատեսվում են այլ հանդիպումներ եւս։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նոր ժամանակների» հեղափոխական ծրագրին աջակցության պատրաստակամություն էին հայտնել «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը, Սոցիալիստական ուժերի միությունը։ Ըստ Արամ Կարապետյանի՝ հուլիսի 15-ից կսկսվեն բանակցությունները ընդդիմադիր ուժերի միջեւ, սեպտեմբերին արդեն ընդդիմությունը կներկայանա նոր ձեւաչափով։ Բանախոսի կանխատեսմամբ, հայաստանյան հեղափոխությունը կլինի արդեն աշնանը, որն ավելի շատ պայմանավորված կլինի «արտաքին քաղաքական մոմենտներով»։ Ի դեպ, առաջիկայում պրն Կարապետյանը եւս պատրաստվում է մեկնել ԱՄՆ. «Ինձ ասել են՝ լավ կլինի հիմա գաք»,- ի պատասխան լրագրողների հարցի ասաց նա։ Ով է հրավիրել եւ ինչ նպատակով՝ կբարձրաձայնվի ավելի ուշ։ Ինչ վերաբերում է բուն հանցահավաքին, Արամ Կարապետյանի կուսակիցների հաշվարկներով մասնակցում էր 3282 մարդ, որոնցից 682-ը կուսակցության տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին։ Կուսակցականների եւ հանրահավաքին ներկաների հավաստմամբ՝ խոչընդոտներ եղել են։ Մասնավորապես՝ նախկին «Հայաստան» կինոթատրոնին հարող այգում նորընտիր թաղապետ Աղվան Գրիգորյանը համերգ էր կազմակերպել։ Իսկ տոնավաճառների տնօրենները աշխատողներին հրահանգել են՝ չմասնակցել հանրահավաքին։ Արամ Կարապետյանի ներկայացմամբ՝ այս հանրահավաքի ընթացքում իրենց կուսակցության տարբեր կառույցներից 11 մարդ ձերբակալվել է։ Ի դեպ, հանրահավաքի ընթացքում փողփողում էին կուսակցության զինանշանով նարնջագույն դրոշները եւ բաժանվեցին սպիտակ մեխակներ, որոնք Արամ Կարապետյանի ելույթից առաջ նվիրեցին նրան։ Այս հանրահավաքում ՆԺ ղեկավարը վերահաստատեց «Փարաքարը փակելու» իր սպառնալիքը եւ նախազգուշացրեց, որ իրենց շուրջպարը կայանալու է՝ «5 օր 50 հազարով նախագահի նստավայրի մոտ կպարենք ու կհասնենք մեր ուզածին»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել