Լրահոս
Օրվա լրահոսը

Դաստիարակություն՝

Հունիս 16,2005 00:00

Դաստիարակություն՝ ըստ ճաշակի Մանկապարտեզներն այսօր միասնական ծրագիր չունեն Ներկայումս Հայաստանում գործում է 682 մանկապարտեզ՝ 47 հազար սաներով, ինչը ավելի քան երկու անգամ զիջում է 90-ականների ցուցանիշին՝ 1400 մանկապարտեզ՝ 130 հազար երեխայով: Այս մասին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Նորայր Ղուկասյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ մինչեւ 6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը կազմում է ընդամենը 10 տոկոս: Մտահոգության համար իսկապես առիթ կա. ԿԳ նախարարությունը վերջերս մոնիտորինգ է իրականացրել, եւ պարզվել է, որ դասվարները բողոքում են ավագ նախադպրոցական տարիքի երեխաների շատ քիչ ընդգրկվածությունից, որովհետեւ այն երեխաները, որոնք մանկապարտեզ չեն հաճախել, շատ դժվար են ինտեգրվում դպրոցին եւ նոր միջավայրում սթրեսի աստիճանն այդ երեխաների շրջանում անհամեմատ բարձր է: Մանկապարտեզներից 421-ը գործում են քաղաքներում, 261-ը՝ գյուղաբնակ վայրերում: Այդ հիմնարկներում աշխատում է 12 հազար մարդ, որից 5 հազարը՝ մանկավարժներ: Ի դեպ, վերջիններիս միայն 30-40 տոկոսն ունի բարձրագույն մասնագիտական կրթություն: Այսօր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձի չափը կանոնակարգված չէ եւ կախված է համայնքների ֆինանսական վիճակից: Օրինակ՝ Արարատ քաղաքում մանկապարտեզի դաստիարակն ստանում է 13 հազար դրամ, իսկ Արարատ գյուղում՝ 25 հազար: Փոխնախարարը գտնում է, որ 12-ամյա հանրակրթական համակարգին անցնելու կապակցությամբ պահանջվում է մշակել նախադպրոցական ցանցի բարեփոխումների ռազմավարություն, ըստ որի առաջնահերթ պետք է ապահովվի նախադպրոցական կրթության մատչելիությունը: Ըստ Ն.Ղուկասյանի, նախադպրոցական ցանցի բարեփոխման հիմնական ուղղությունները պետք է լինեն գործող հաստատությունների ցանցի ընդլայնումը, դրանց պայմանների բարելավումը, ֆինանսական ներդրումների աճը, ինչպես նաեւ նախադպրոցական կրթության չափորոշիչի մշակումը: Երեխայի համար պետք է կարեւորվի նրա հարգվածությունը, խնամքը, խրախուսումը: Պետք է լինի այն գիտակցումը, որ երեխան ունի իր հմտություններն ու գիտելիքները շարունակաբար զարգացնելու, դիրքորոշումները ձեւավորելու հնարավորություններ: Երեխային պետք է ընձեռվի իրավիճակային որոշումներ կայացնելու ազատություն, պետք է հարգվեն նրա մայրենի լեզուն եւ ընտանեկան սովորույթները: «Առանց այս ամենի՝ դժվար է անցնել 12-ամյա կրթությանը, քանի որ մանկապարտեզները դիտվում են դպրոցի հիմքը»,- նշեց փոխնախարարը: Ի դեպ, այսօր մանկապարտեզները ուսուցման որեւէ ծրագիր չունեն եւ ուսուցման գործընթացը կազմակերպում են ըստ ճաշակի: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել