Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ

Հունիս 17,2005 00:00

ԻՆՉՈՒ ԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ Արցախի դաշնակցականները ընտրախախտումների կազմակերպման մեջ մեղադրում են վարչապետ Անուշավան Դանիելյանին:ԼՂՀ «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ երեկ, քվեարկությունից 3 օր առաջ, ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Ղարաբաղում ընտրողների ընդհանուր թիվը, որ համամասնական ընտրակարգով 89576 է, իսկ մեծամասնականով՝ 87548: Այս տարբերությունը մեզ հետ զրույցի ընթացքում ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը բացատրեց այսպես. «Համամասնական ընտրություններին մասնակցում են նաեւ մեր ժամկետային զինծառայողները, իսկ մեծամասնականին չեն մասնակցում»: «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի հրապարակած գնահատականով՝ արդեն իսկ վտանգված է այս ընտրությունների օրինականությունը: Այս տագնապը նրանք արտահայտել են վարչապետ Անուշավան Դանիելյանին հունիսի 13-ին ուղղված նամակում, ուր նշում են, թե «պետական պաշտոնյաները վարչապետի գլխավորությամբ ձեռնամուխ են եղել մի շարք կոպիտ միջամտությունների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը եւ խախտում ժողովրդավարական նորմերով ընտրությունների անցկացումը: Գտնում ենք, որ նման ընթացքը ձեռնտու է Ադրբեջանին, որը կփորձի աշխարհով մեկ հայտարարել Արցախում ոչ ժողովրդավարական ընտրությունների մասին, իսկ այս ամենը մեծ հարված է լինելու մեր պետականության վարկանիշին: Մյուս կողմից՝ քանի որ Դուք այս ամենի կազմակերպիչն եք հանդիսանում, գտնում ենք, որ փորձում եք մեկ անգամ եւս ամուր հիմքերի վրա պահել Ձեր իշխանությունը»: Դաշինքի պատվիրակությունը նաեւ հանդիպել է Անուշավան Դանիելյանին եւ ըստ ՀՅԴ պաշտոնաթերթ «Ապառաժի»՝ վարչապետը չի հերքել, որ ստացել է զեկույցներ ներկայացված փաստերի կապակցությամբ, սակայն խոստացել է, որ ամենայն պատասխանատվությամբ հետեւելու է ընտրությունների թափանցիկ ու ժողովրդավարական անցկացմանը: «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքն արդեն իսկ հրապարակել է քարոզարշավի ընթացքում իշխանական օղակների, նախարարների եւ վարչակազմերի անօրինականությունների եւ քարոզչությամբ զբաղվելու վերաբերյալ իր ունեցած փաստերը: Դրանցից ոմանք, հայաստանյան չափանիշներով, ուղղակի զավեշտ են: Ասենք, նշվում է, թե Խնածախ գյուղի դպրոցի տնօրենը մերժել է հանդիպել պատգամավորության թեկնածուին՝ պատճառաբանելով, թե բազմազբաղ է մինչեւ հունիսի 19-ը: Նշվում է նաեւ, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (սա նախկին Ժողովրդավարական Արցախ Միությունը՝ իշխանական ԺԱՄ-ն է, որ հիմա վերափոխվել է ԱԺԿ-ի) տարածել է քարոզչական նյութ, որում նշված չէ տպաքանակը եւ տպագրության վայրը: Կան նաեւ ավելի լուրջ խախտումների մասին փաստեր՝ ասենք, որ Ասկերանի վարչակազմի ղեկավարը մասնակցել է նախընտրական քարոզչական հանդիպումների՝ աշխատանքային ժամերին: Այս փաստերը ներկայացվել են նաեւ ԼՂՀ ԿԸՀ-ին: Սերգեյ Նասիբյանը մեզ հայտնեց, որ «ՀՅԴ-Շարժում 88»-ը ներկայացրել է 3-4 դիմում. «Հիմնականում վերաբերվում են զինծառայության վայրերում քարոզչության անցկացմանը: Մենք պայմանավորվել ենք, որ կուսակցությունները զինծառայողների շրջանում իրենց նախընտրական քարոզչությունը պիտի անցկացնեն այնտեղ, որտեղ նրանք մասնակցելու են քվեարկությանը, այսինքն՝ մերձակա բնակավայրերում: Անպայման չէ, որ գնան դիրքերի մոտ ժողովներ անեն ու իրենց ներկայացնեն»: Ինչ վերաբերում է կառավարության անդամների մասնակցությանը քարոզչությանը՝ ԿԸՀ նախագահը պնդում է, թե դիմումում նշված անձինք, որ ԱԺԿ շտաբի անդամներ են՝ արձակուրդ են վերցրել եւ ըստ «Ընտրական օրենսգրքի»՝ իրավունք ունեն մասնակցել քարոզարշավին: «ՀՅԴ-Շարժում 88»-ի երկու դիմումներ ԿԸՀ-ն այսօր ուղարկում է դատարան: Սերգեյ Նասիբյանը պարզաբանեց, որ դրանք վերաբերում են Մուշկատակ, Վազգենաշեն եւ Վերիշեն գյուղերում ճանապարհների կառուցմանը եւ որոշ զինվորականների կողմից քարոզչությանը մասնակցությանը: Ավելի որոշակի՝ դիմումում նշվել է, թե «ճանապարհաշինարարությունը վերագրվում է պատգամավորության թեկնածուներին, մինչդեռ մեր տեղեկություններով՝ այդ ամենը կատարվում է պետբյուջեից հատկացված միջոցներով»: ԿԸՀ նախագահը հայտնեց, թե «պիտի պարզենք, թե իրոք պետբյուջեի՞ց է հատկացվել այդ նպատակների համար»: Համամասնական ընտրակարգով առաջադրված այլ քաղաքական ուժերից չկան գրավոր բողոքներ: «Փոքրիկ թերությունների՝ այս կամ այն միջոցառումը կազմակերպելու կամ պաստառների առնչությամբ բանավոր են դիմել, հարցը կարգավորել ենք»,- ասաց Սերգեյ Նասիբյանը: Իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների բողոքների կապակցությամբ էլ ասաց, թե զրույցներ շատ կան, բայց մի քանի օրինակներ են եղել, երբ ապարդյուն են խնդրել, որ այդ «զրույցները» փաստաթղթավորեն, որպեսզի դիմեն դատարան. «Որոշակի փաստեր պիտի նշվեն, այլապես եթե դատարանին հայտնենք, թե ընդհանուր մթնոլորտում ինչ-որ բան է կատարվում, հետ է վերադարձվելու դիմումը: Իսկ ԿԸՀ-ն չունի հետաքննություն անցկացնելու հնարավորություն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՍտեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել