Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք

Հունիս 17,2005 00:00

Երեք ցույց՝ մի օրում Երեւանի կենտրոնից տեղահանվող մարդկանց 45քմ-ի համար առաջարկում են $4000 Այս բակում ապրում է երեք ընտանիք: Երեկ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները առավոտից կատարողական թերթիկներով ներկայացել էին՝ մարդկանց վտարելու: Այս անգամ մարդ չծեծեցին, քաշքշուկ չեղավ, նույնիսկ լրագրողներին տեղեկատվական բնույթի փաստաթղթեր բաժանվեցին: Գեւորգյանների ընտանիքին 45 քմ տարածքի դիմաց «Գլենդել Հիլզ» ընկերությունը առաջարկել է 4000 դոլար: Կատարողական թերթիկում հստակ ձեւակերպված էր, որ օգտագործման իրավունքի դիմաց գումարը սեփականատերերին տալուց հետո պետք է վտարել: Երեկ այդ մարդիկ վտարվեցին առանց այդ գումարը ստանալու, քանի որ իրենց գործը դեռ դատարանում էր եւ իրենց վտարելու մասին լուրն իմացել էին երկու օր առաջ, շատ պատահականորեն: Հայկ Պապյանի ընտանիքը բաղկացած է յոթ անձից, այդտեղ ապրում են շուրջ 80 տարի: 200 քմ տարածքի դիմաց առաջարկել են 14 հազար դոլար: «Ես նկարչուհի եմ, դուրս չեմ գալու այստեղից, եւ գիշերելու եմ հենց այստեղ: Ո՞ւր գնամ, կարո՞ղ եք ասել»,- ասաց Սաթենիկ Պապյանը, որը ոչ մի տեղ չէր պատրաստվում տեղափոխել իր նկարները: Միսակ Դանիելյանի երկհարկանի առանձնատան դիմաց, որն, ի դեպ, համեմատաբար բարեկարգ վիճակում էր, առաջարկել են 82 հազար դոլար: Բուզանդի 11 հասցեից վտարվողներին երեկ աջակցելու էին եկել Հյուսիսային պողոտայից վտարվածները: Ավելի ուշ բնակիչներին միացավ նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը. «Ղալաթ են անում, որ քանդում են: Սա մարդու իրավունքների խախտում է, դեպորտացիա է: Չենք թողի, որ մարդկանց տեղահանեն: Հանում են, թող նույն տեղում էլ տուն տան, դժվար ա՞»: Ավետիս Երանոսյանը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, 70 օր շարունակ այս ամսին նամակներ է ուղարկում տարբեր ատյաններ: Միեւնույն ժամանակ կառավարության շենքի առջեւ ցույց էին անում Դավիթ Բեկի 7 հասցեի բնակիչները եւ պահանջում էին օրինականացնել իրենց անօրինական կառույցները: Նույն տեղում Դալմայի այգիների վարձակալները պահանջում էին իրենց մշակած հողը՝ առաջարկվող փողի փոխարեն: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել