Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Հունիս 17,2005 00:00

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ՝ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԻ» Վստահ է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Կարծում ես հեղափոխությունը թատրո՞ն է, որ այսինչ ժամին սկսվի եւ այսինչ ժամին վերջանա: Հեղափոխությունը եթե կա, մարդ ոչ կարող է արձակուրդ գնալ, ոչ ճամփորդության, պետք է լծվի հեղափոխության, հեղափոխական մարդը պայքարի, կռվի մարդն է, ի՞նչ է նշանակում հեղափոխություն, բայց էս միտինգը ձախողվեց, երթամ Սպանիա (Իսպանիա- Մ. Ե.), մի քիչ հանգստանամ, հետո գամ, նորից հեղափոխություն անեմ, այսպես հեղափոխություն լինո՞ւմ է»,- պատասխանելով ՄԱԱ-ում երեկ հնչած հարցին՝ հարմար պահի հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը մասնակցի հեղափոխության, ասաց հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչը: Ըստ պրն Մարգարյանի, անճարակությունն է պատճառը, երբ քաղաքական գործիչը հայտարարում է, թե ինքը արեւմտամետ է կամ որեւէ այլ «մետ». «Անճարակությունն է պատճառը, երբ չես կարողանում սեփական ժողովրդի մեջ արմատ գցել եւ արմատավորվել, սկսում ես անգլերեն սովորել, սկսում ես ճամփորդել»,- անուններ չտրվեցին, բայց ՄԱԱ-ում այդ պահին՝ «Մե ծիծաղ, մե ուրախություն»: Վերջինը մեջբերում էր հայտնի անեկդոտից, որը մեկ այլ առիթով կպատմենք: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով՝ Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններում միջազգային ուժերը մի կողմից ճնշում են բանեցնում Ադրբեջանի վրա, որ Ղարաբաղը Լաչինի միջոցով միանա Հայաստանին, մյուս կողմից ճնշում են բանեցնում Հայաստանի վրա, որ ընդունի, թե ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն. «Ես չեմ հավատում, թե Հայաստանի իրականության մեջ կա որեւէ մեկը, որը կհամաձայնի ազատագրված տարածքները վերադարձնելուն: Կարող եմ հասկանալ, որ բանակցությունների մեջ տակտիկական նպատակներով այդ հարցի մասին խոսք գնա: Եվ ճիշտ հակառակը, Ադրբեջանի կողմից մերթընդմերթ հնչում են ռազմական կոչեր. անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք մենք այս մասին այսքան բարձրաձայն խոսում՝ մեր ժողովրդի մեջ առաջացնելով թվացյալ պարտվողական վիճակ: Կարծում եմ, դա առնվազն անխոհեմություն է: Մեր ժողովուրդը մեծ գին է վճարել Ղարաբաղի ազատագրման համար եւ թույլ չի տա, որ որեւէ մեկը տարածք հանձնի: Երբ խոսում են զիջումների մասին, պետք է հասկանան, որ զիջումների մեջ չեն կարող տեղավորվել Ղարաբաղի ինքնուրույնության հարցը, ազգային պատկանելության հարցը եւ այսօրվա փաստացի սահմանների հարցը: Այստեղ ուշացած է նաեւ ԼՂՀ-ն, որովհետեւ մինչ այսօր չի հայտարարել իր իշխանությունը ամբողջ իր տարածքների վրա»: ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը խնդրեց այս ենթատեքստում մեկնաբանել պաշտպանության նախարարի այն հայտարարությունը, թե Աղդամը մեր հայրենիքը չէ: Հրանտ Մարգարյանի մեկնաբանությունը հետեւյալն էր՝ իր համար հասկանալի են այն մարդու արտահայտությունները, որը դիվանագիտական պատասխանատվություն է կրում, պաշտոնական անձ է, այսինքն՝ շատ ավելի կաշկանդված, «քան ես, որ նման պատասխանատվություն չունեմ»: Հունիսի 19-ին ԼՂՀ-ում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց առավել ակտիվ մասնակցում են Դաշնակցության արցախյան կառույցները: Ըստ էության, Դաշնակցությունը Ղարաբաղում հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, եւ այդ կապակցությամբ Հրանտ Մարգարյանն ասաց. «Մեզ ընդդիմադիր դաշտ մղեց իշխանությունը, մենք Ղարաբաղը չենք համարել այն տեղը, որտեղ իշխանության համար կարելի է կռիվ անել, դրա անհրաժեշտությունը չենք զգացել, բայց ներքին սոցիալական, տնտեսական կառավարման խնդիրների շուրջ ունեցել ենք դժգոհություն, այլ կարծիք, ընդդիմադիր կեցվածք, եթե կարելի է այդպես ասել: Մի քանի ամիս առաջ մենք այդ հարցերը փորձում էինք հաջողեցնել իշխանության մեջ լինելով, իշխանության կողքին կանգնելով: Երբ մեզ մղեցին ընդդիմադիր դաշտ, մենք նույնը փորձում ենք անել որպես ընդդիմադիր: Բայց այսօր եւս մեզ համար չափ գոյություն ունի, լիմիտ գոյություն ունի, որը մենք ոչ մի անգամ չենք խախտել եւ անցել: Այսօր մենք մրցակցության մեջ ենք եւ ոչ թե առճակատման»: Ղարաբաղյան թեմայից զատ, ՄԱԱ-ում խոսվեց նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ կոալիցիոն կառավարության գործունեության մասին: Հրանտ Մարգարյանը թեպետ ներկայացնում է կոալիցիայի մաս Դաշնակցությունը, սակայն չխուսափեց հայտարարել, որ այսօր կոալիցիան «թե կա, թե՝ չկա: Կա՝ ձեւականորեն. մեր ճիգն այն է, որ կարողանանք կոալիցիան վերականգնել, որպեսզի այն պատասխանատվությունը, որ կրում ենք, իրապես կարողանանք կրել: Թող ոչ մեկը մյուսին չխաբի, սա փաստն է, այս երկրի իրականությունն է, այս իրականությանը պետք է նայել բաց աչքերով, քաջաբար, որպեսզի կարողանանք լուծում գտնել: Մեր նոր մոտեցումն այն է, կարծում եմ, արդեն հասել ենք արդյունքի, որ շուտով կոալիցիայի խորհուրդը կսկսի աշխատել եւ կստեղծվի մի իրավիճակ, երբ կկարողանանք իսկապես պատասխանատվություն կրել»: Իսկ ինչո՞ւ է կոալիցիոն ուժերից միայն Դաշնակցությունը խոսում կոալիցիայի անաշխատունակության մասին: Մեր հարցին ի պատասխան՝ Հրանտ Մարգարյանն ասաց. «Կարող եմ պատկերացնել, որ որոշներին ձեռնտու է կեղծ իշխանություն խաղալ, որոշների համար լավ վիճակ է էժան ամբոխավարությամբ զբաղվել: Մեզ համար կարեւոր է իրական գործը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել