Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆՈՒՄ

Հունիս 17,2005 00:00

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ Այսօր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում մեկնարկում է ձյուդոյի երիտասարդական «A» կարգի միջազգային մրցաշար, որին մասնակցելու համար այս գիշեր մրցավայր էր մեկնելու մեր հանրապետության վեց հոգուց բաղկացած մարզական պատվիրակությունը: Մեր թիմի գլխավոր մարզիչը Մարտին Սարգսյանն է: Զալցբուրգում տատամի կմտնեն երեւանցիներ, 50կգ քաշային Էրիկ Գեւորգյանը, Հովհաննես Վերմիշյանը՝ 55կգ, արմավիրցի Գրիգոր Պետրոսյանը՝ 60կգ, ինչպես նաեւ Գյումրիի ներկայացուցիչ, 44կգ քաշային Ժաննա Տիգրանյանը: Պատվիրակության կազմում որպես մրցավար Ավստրիա է մեկնել նաեւ Դավիթ Խիթարյանը: Մեկնման նախօրեին Դ. Խիթարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ սպասելիքներ կան մեր ձյուդոյիստներից: «Քանի որ նրանք երիտասարդներ են, դժվարանում եմ որեւէ կոնկրետ բան ասել,- ասաց նա: -Առավել եւս, որ մեր այս տարիքային խմբի մարզիկները վերջերս մեկ այլ միջազգային մրցումում առանձնապես աչքի չընկան: Սակայն, միեւնույն է, նրանք պայքարելու են եւ պետք է աշխատեն ցույց տալ այն, ինչի ընդունակ են»: Իսկ լուսադեմին Երեւան-Վիեննա-Բուդապեշտ-Սիոֆոկ երթուղով Եվրոպայի պատանեկան առաջնություն են մեկնում բռնցքամարտիկները: Հանրապետության պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը եւ նրա օգնական Կարեն Աղամալյանը թիմ ընդգրկել են ինը մարզիկի: Նրանք են. 48կգ՝ Սամվել Բարսեղյան, 52՝ Տիգրան Միսակյան, 54՝ Ազատ Հովհաննիսյան, 57՝ Արա Պուլուզյան, 60՝ Միքայել Օհանյան, 63՝ Հայկ Սեդրակյան, 70՝ Արման Մինասյան, 75՝ Խաչատուր Պետրոսյան, 86կգ, որը տարիքային այս խմբում համապատասխանում է ծանր քաշային կարգին, Արմեն Աթանյան: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն է: Սիոֆոկում մեր երկիրն ունենալու է նաեւ իր մրցավարը: Նա միջազգային կարգի մրցավար Սեյրան Ղամբարյանն է: Երեկ Սպորտպետկոմի լրատվական բաժնում Ֆեդյա Ալեքսանյանը ասաց, որ տղաների մեջ կան այնպիսիք, ովքեր արդեն հասցրել են իրենց լավագույն ձեւով դրսեւորել նմանատիպ մրցումներում: Մասնավորապես, նա առանձնացրեց Ազատ Հովհաննիսյանին, որն անցած տարվա Եվրոպայի չեմպիոնն է, Սամվել Բարսեղյանին՝ նա արժանացել է բրոնզե մեդալի եւ 2003թ. եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր Տիգրան Միսակյանին: Ավագ մարզիչը այս անգամ էլ լավատեսորեն էր տրամադրված եւ հույս ուներ, որ մեդալներ կրկին կնվաճեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել