Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄՈՒՄ

Հունիս 21,2005 00:00

Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից
տեղեկացնում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաման է ստորագրել, համաձայն
որի, «ի կատարումն ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի 29.04.05 թ. որոշումների 4-րդ կետի
դրույթների՝ կապված «Զենիթ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Միտչել Պրենտիսի եւ
Թայլեր Սիմփսոնի հայցերի բավարարման հետ, «Զենիթ» ակումբի ՀՀ ֆուտբոլի առաջին խմբի
ընթացիկ առաջնությունում վաստակած միավորներից հանվել է 3-ական՝ ընդհանուրը 6 միավոր»:
Ինչպես նշված է, ՀՖՖ-ի նախագահի որոշման համար հիմք են հանդիսացել ՖԻՖԱ-ի
կարգապահական կոմիտեի որոշումները: ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն՝ սկսած 2004 թվականի
նոյեմբերից, նախ քննարկելով ավստրալիացի ֆուտբոլիստներ Միտչել Պրենտիսի եւ Թայլեր
Սիմփսոնի հայցերն ընդդեմ «Զենիթ» ակումբի, որոշում է կայացրել պարտավորեցնել «Զենիթ»
ակումբին, որպեսզի վերջինս, համաձայն իր պայմանագրային պարտավորությունների, յուրաքանչյուր
ֆուտբոլիստի վճարի նրանց հասանելիք 8000-ական ավստրալիական դոլարը: Դրանից հետո պարտատերը
տեղեկացրել է ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեին, որ խնդրո առարկայի վերաբերյալ իրենք
բանակցություններ են վարում Ավստրալիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի
հետ: Այնուհետեւ պարտատերը տեղեկացրել է ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեին, որ «Զենիթ»
ակումբը վճարունակ չէ: Այնուհետեւ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է՝
տուգանել «Զենիթ» ակումբին 5000-ական շվեյցարական ֆրանկ յուրաքանչյուր ֆուտբոլիստի
մասով, եւ ժամանակ է տվել կատարելու որոշումը, ինչպես նաեւ պարտավորեցրել է ՀՖՖ-ին,
որպես ՖԻՖԱ-ի անդամ, ակումբի վաստակած միավորներից հանել 3-ական միավոր: Տեղի
է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական՝ չորրորդ նիստը, որն անցկացվել է ինտերակտիվ
հարցման միջոցով: Նիստին մասնակցել է ՀՖՖ գործադիր կոմիտեի 15 անդամ: Նախ
քննարկվել է Արարատի «Արաքս» ֆուտբոլային ակումբի նախագահ Ա. Բաբայանի նամակը ՀՖՖ-ին,
որում նշվում է, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Արաքսի»
չորս առանցքային ֆուտբոլիստներ զորակոչվել են, թիմը հնարավորություն չունի մասնակցելու
առաջնությանը եւ հայցվում է խնդրանք՝ դադարեցնել «Արաքսի» մասնակցությունը առաջնությանը:
Չնայած առաջարկություններին՝ խնդրանքը բավարարել առաջնության առաջին շրջանի
ավարտից հետո, այնուամենայնիվ ՀՖՖ գործադիր կոմիտեն քվեարկությամբ՝ 13 կողմ եւ 2
դեմ, բավարարեց ակումբի խնդրանքը: Նույն նիստում քննարկվեց նաեւ «Բանանց»
ակումբի նախագահ Ս. Իսրայելյանի խնդրանքը՝ «Բանանց-3» թիմը հանել առաջնությունից,
քանի որ ակումբն առաջնությանը մասնակցում է երկու թիմով եւ դատելով առաջնության ընթացքից՝
«Բանանց-3» թիմի մասնակցությունն այս պահին ակումբի համար նպատակահարմար չէ: Այս
հարցում ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն էր, եւ ակումբի խնդրանքը՝ «Բանանց-3» թիմը
հանել առաջնությունից, բավարարվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել