Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Հունիս 21,2005 00:00

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ Ողջիի գյուղապետը մեղադրում է Շիրակի դաշնակցական մարզպետին՝ իր (գյուղապետի) «աթոռը» դաշնակի խոստանալու համար: Ինչպես արդեն գրել ենք, Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղում վիճաբանություն էր սկսվել ավագանու որոշ անդամների եւ գյուղապետ Սարգիս Ավագյանի միջեւ: Հիշեցնենք, որ ավագանու անդամները վերջինիս մեղադրում էին իրենց արհամարհելու, առանց ավագանու նիստերի ինքնագլուխ որոշումներ կայացնելու եւ ստորագրությունները կեղծելու, աշխատանքի ընդհանրապես չներկայանելու մեջ: Ի դեպ, ավագանու անդամների հետ լիարժեք համամիտ են մարզպետարանի տարածքային վարչության աշխատակիցները: Այս պատճառով էլ Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը դեռեւս մարտ ամսին դիմել էր կառավարություն՝ Ողջիի գյուղապետին անվստահություն հայտնելու առաջարկով, սակայն փաստն այն է, որ Սարգիս Ավագյանը մինչեւ օրս էլ աշխատում է իր պաշտոնում: Բնականաբար, գործը հասել է Շիրակի մարզի դատախազություն: Ինչպես տեղեկացրել ենք, օրերս 62-ամյա գյուղապետի ու նախկին հաշվապահ Ռաֆիկ Շահմուրադյանի դեմ կեղծիքներ եւ յուրացումներ կատարելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Կարեւոր են նաեւ գյուղապետի մեկնաբանությունները՝ որոնք են եղել գյուղապետի ու մարզպետի, ինչպես նաեւ ավագանու անդամների միջեւ առաջացած կոնֆլիկտի պատճառները: Ողջիի գյուղապետը հավաստիացրեց, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվեցին այն պահից, երբ Ռոմիկ Մանուկյանը դպրոցի նախկին վթարային շենքի ապամոնտաժման մասին որոշում կայացրեց եւ իր ընկերոջ ու մորաքրոջ տղայի հետ ուղարկեց գյուղապետին: Գյուղապետն էլ պատճառաբանելով, որ դա համայնքի սեփականությունն է եւ եթե «տեղը գա՝ ինքը կօգտագործի, անասնապահական ֆերմա կդարձնի», թույլ չի տվել, որ շենքը ապամոնտաժեն: Սակայն, ըստ գյուղապետի, լարվածությունն ավելի է սրվել մարզպետի կողմից դաշնակցական Գոհար Պետրոսյանին Ողջիի դպրոցի տնօրեն նշանակելու պահից, որի ամուսինը՝ Վարդան Պետրոսյանը, գյուղապետի տեղեկացմամբ, ավագանու անդամ է՝ դարձյալ դաշնակցական եւ ամենակարեւորը՝ իր աթոռի հավակնորդը: «2004 թ., երբ երեք ամիս ես հիվանդանոցում ծանր պառկած էի, իրենք իրենց արդեն թույլ էին տվել պաշտոնները բաժանելու, հիշյալ ավագանու անդամին էլ իմ պաշտոնը խոստանալու»,- ասաց գյուղապետը: Ավելին, նա դժգոհեց, որ դաշնակցական ամուսինները 2004 թ. օգոստոսի վերջերին առանց «կոպեկ մուծելու, զավթել են գյուղի տներից մեկը», որը գյուղապետը մտադրված էր գյուղապետարանի շենք դարձնել: Ավագանու մյուս անդամի՝ Մելքոնյան Կարապետի հետ էլ լարվածությունը սկսվել է այն պահից, երբ վերջինս գյուղում աշխատելով ՋՕՄ-ի նախագահ, հավաքելով օգտագործված ջրերի գումարը, «յուրացրել» է՝ պատճառաբանելով, որ իր ղեկավարությունը՝ Ախուրյանի ՋՕՄ-ը իր աշխատավարձը չի փոխանցում ու արդյուքում «կրակն է գցել» գյուղապետարանին: Ըստ Սարգիս Ավագյանի, Ախուրյանի ջրային տնտեսությունը դիմել է դատարան ու գյուղապետարանի հաշվեհամարից վերցրել 450 հազար դրամ: Իսկ նման կերպ վարվելու պատճառը եղել է այն, որ ավագանու անդամը կնիք չի ունեցել եւ գյուղապետն է կնքել Ողջի մտնող ջրաքանակի մասին փաստաթղթերը: Սարգիս Ավագյանը դժգոհեց նաեւ մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից, որը մի քանի անգամ հատուկ ձախողելու նպատակով ներկայացել է ավագանու նիստերին: Գյուղապետի պատմելով, 2004 թ. բյուջեի կատարողականի եւ 2005թ. բյուջեի հաստատման վերաբերյալ օրակարգի հարցերը շարունակ չեն հաստատվել, որովհետեւ տարածքային վարչության պետը միանգամից պահանջել է գյուղապետի հրաժարականը: Գյուղապետի այն առաջարկին, թե «բյուջեն հաստատենք, նոր իմ անվստահության հարցը քննարկենք»՝ տարածքային վարչության աշխատակիցներն ընդհանրապես ցանկություն չեն հայտնել լսելու: Գյուղապետը նաեւ դժգոհեց, որ իր հետ երբեմնի նորմալ հարաբերությունների մեջ գտնվող տարածքային վարչության պետը Շիրակի դաշնակցական մարզպետի ներկայությամբ կաշկանդվում է անգամ իրեն բարեւելուց: Պարոն Ավագյանին նաեւ զարմացնում են մարզպետարանի «երկդիմի խաղերը», նրա ասելով, մի կողմից իրեն պարտադրում են հողահարկերը գանձել, հրամայում են ոչ մի տեղեկանք չտրամադրել առանց գումար գանձելու, մյուս կողմից էլ ինչ- որ ալյուրի պատմություն են անում: Գյուղապետի ներկայացմամբ, 60 պարկ օգնության ալյուր են ստացել ու ինքը 450-500 հազար դրամի հողի պարտք ունեցող գյուղի բնակիչներին հորդորել է գոնե 5400 դրամ հողահարկ մուծել: Որոշ մարդիկ չեն մուծել, գյուղապետն էլ ալյուրը չի տվել: Սա էլ դարձել է թեժ քննարկումների մեկ այլ առարկա: Ողջիի գյուղապետի ասելով, մարզպետարանի աշխատակիցների կողմից մեծ մեղք է համարվում նաեւ համայնքի բյուջեի հաշվին բջջային հեռախոսի երկու քարտ ձեռք բերելը: Նա վստահեցրեց, որ գյուղում կապ չկա ու ամբողջ գյուղը օգտվում է իր հեռախոսից: Իմիջիայլոց, վերջինս զարմացրեց իր անկեղծ խոստովանությամբ ու համարձակությամբ. նա խոստովանեց, որ Ազգային ժողովի ընտրություններին ոչ միայն «Օրինաց երկիր» կուսակցության շահերն է պաշտպանել, այլ երբեմն նաեւ անտեղի արտահայտություններով վիրավորել է դաշնակներին, բնականաբար, «խաբարը տեղ է հասել»: Ահա թե որը կարող էր լինել Շիրակի դաշնակցական մարզպետի հետ լարվելու իրական պատճառը, չնայած մարզպետի տրամադրվածությունը կառավարությունն այս պարագայում հաշվի չի առել: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՀ. Գ. Պատրաստ ենք տպագրել նաեւ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի պարզաբանումները՝ իր հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ: Մինչ այժմ նա խուսափել է դրանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել