Լրահոս
Օրվա լրահոսը

Սերը

Հունիս 22,2005 00:00

Սերը գաղտնի թող մնա «Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունները կկայանան օգոստոսի 26-ին՝ Կազանում գումարվելիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում»,- այս մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երկուշաբթի օրը Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նա պնդել է, որ Փարիզում անցկացված բանակցություններում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Աղդամ-Շայբուխ (Նախիջեւան) ավտոմայրուղու բացման հարցը: Իր հերթին, «Մեդիամաքս» գործակալությունը, հղում անելով Բաքվի աղբյուրներին, փոխանցում է, որ Ազիմովն ասել է, թե «Հայաստանն արդեն չի պահանջում Ադրբեջանից միջանցք տրամադրել Լաչինի շրջանի տարածքում»: Նրա խոսքերով, Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին վերականգնել նաեւ Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Լաչին-Հայաստան-Նախիջեւան եւ այնուհետեւ՝ Թուրքիա տանող ճանապարհի երկկողմ շահագործումը: Այս մայրուղու առավելությունը, ադրբեջանցի դիվանագետի խոսքերով, այն է, որ դրա օգտագործումը երկու երկրների կողմից զերծ կպահի նրանց՝ այն փակելու գայթակղությունից: «Ադրբեջանը դրական պատասխան է ակնկալում Հայաստանից»,- հայտարարել է Արազ Ազիմովը: Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հունիսի 20-ին հրաժարվել էր բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները: Հայաստանի ԱԳ նախարարը նշել էր, որ կողմերը քննարկում են հարցերի ողջ շրջանակը՝ սկսած Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակից մինչեւ փախստականների վերադարձի եւ անվտանգության երաշխիքների հետ կապված հարցերը: Ընդ որում, ինչպես նշել էր Օսկանյանը, «Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցն առաջնային նշանակություն ունի մեզ համար»: Արազ Ազիմովը նաեւ ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կկայանա օգոստոսի վերջին Կազանում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում: Նրա խոսքերով, պաշտոնական Բաքուն առաջարկում է մինչ այդ անցկացնել երկու երկրների արտաքին գործերի նախարարների մեկ կամ երկու հանդիպում: Եվ մի շատ հետաքրքիր հանգամանք եւս: Նախօրեին Օսկանյանի մատուցած ասուլիսի ժամանակ լրագրողներն ուղղակի «ճղվեցին»՝ տքնելով նրանից մի քանի բառ պոկել Մամեդյարովի հետ քննարկված հարցերի մասին: Բայց ՀՀ արտգործնախարարն ուղղակի հիասքանչ էր՝ իր գաղտնապահության մեջ: Զավեշտն այն է, սակայն, որ այս կարգի բանակցությունների հաջորդ օրն իսկ, որպես կանոն, ադրբեջանական պաշտոնատարները գրեթե ամբողջությամբ ալամ աշխարհի առաջ բացահայտում են «գաղտնի» կոչված գործընթացի ողջ հրապույրները: Ի՞նչն է գաղտնի, ումի՞ց է գաղտնի: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել