Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն

Հունիս 22,2005 00:00

ԼՂՀ-Ն ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ՉԱՆՑԱՎ Այսպես են կարծում Ադրբեջանում՝ մեջբերելով ԼՂ ընդդիմադիր ուժերի հայտարարությունները ԱԺ ընտրությունների ոչ արդար եւ ոչ թափանցիկ լինելու մասին: Երեկ մեզ հետ զրույցում Բաքվի «Տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակների հաղթահարման կենտրոնի» տնօրեն Զարդուշտ Ալիզադեն, անդրադառնալով հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրություններին եւ դրանց հետեւելու համար տարածաշրջան ժամանած միջազգային դիտորդների առկայությանն ու նրանց գնահատականներին, կարծիք հայտնեց, թե՝ դա, ըստ էության, ոչինչ էլ չի նշանակում. «Ղարաբաղը մեր տարածաշրջանի ցավոտ կետերից մեկն է, եւ այնտեղ շտապում են «շտապ օգնությունները», որոնք փորձում են օգնել, ինչ-որ բան շտկել, ծանոթանալ իրավիճակին եւ այլն: Մյուս կողմից՝ դա չի նշանակում, թե միջազգային հանրությունը ճանաչում է ԼՂ անօրինական ռեժիմը, կամ, որ առաջիկայում ԼՂ-ն դառնալու է միջազգային իրավունքի սուբյեկտ»: Այդուհանդերձ, նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները սխալ դիրքորոշում են որդեգրել՝ ջանալով Ղարաբաղը մեկուսացված պահել միջազգային հանրությունից, միջազգային գործընթացներից, արեւմտյան արժեքներից: «Որքան Ղարաբաղի հայերը տեսնեն եւ հասկանան համաշխարհային գործընթացները, այնքան քիչ տեղի կտան արխայիզմին եւ ավելի քիչ կկառչեն ազգային միֆերից: Ես ավելի քան վստահ եմ՝ որքան շատ եւ որքան ուժեղ լինի ոչ կառավարական սեկտորը Ղարաբաղում, որքան շատ լինեն շփումներ միջազգային հանրության հետ, այնքան Ղարաբաղի հայերը ավելի ռեալ կպատկերացնեն համաշխարհային իրողությունները»,- ասաց նա: Իհարկե, ադրբեջանական մամուլն ավելի լրջորեն է վերլուծել ԼՂՀ-ում տեղի ունեցած ընտրությունները, հատկապես՝ ԼՂՀ իշխանությունների այն հայտարարության համատեքստում, թե՝ չճանաչված այդ հանրապետությունը, ի տարբերություն Ադրբեջանի, մի երկիր է, որտեղ ժողովրդավարությունը հաղթանակ է տարել: «ԼՂՀ» իշխանությունները միջազգային հանրությանը կոչ էին անում «տեսթի ենթարկել այդ երկու երկրներում ժողովրդավարությունը» եւ որոշել՝ կարո՞ղ են արդյոք «ժողովրդավարության պտուղները համտեսած» ԼՂ հայերը ապրել ավտորիտար Ադրբեջանում»,- գրում է ադրբեջանական «Զերկալոն»: «Նախ՝ այնտեղ, որտեղ հասարակությունը ռազմականացված է եւ փորձում է երկիր կառուցել տեղահանված բնիկ ադրբեջանցիների դժբախտության վրա եւ մշտական թշնամական վիճակում է շրջապատող աշխարհի հետ, այդ հասարակությունում ընտրությունը չի կարող ժողովրդավարական լինել: Ինչ վերաբերում է այն հույսերին, թե ժողովրդավարական ընտրությունների իմիտացիա անելով հնարավոր է շահել միջազգային հանրության համակրանքը՝ միամիտ հույսեր են: Ադրբեջանական հասարակությունն էլ լճացած չէ: Վաղ թե ուշ ժողովրդավարությունը կհասնի եւ Ադրբեջան, եւ Հայաստան: Այդ դեպքում ժողովրդավարական Ադրբեջանն ու Հայաստանը կկարողանան լուծել այս հիմնախնդիրը՝ իհարկե, հաշվի առնելով Ղարաբաղի հայերի շահերը: Ներկայացնել ԼՂ-ն ժողովրդավարական, իսկ Ադրբեջանը՝ ավտորիտար, այնքան էլ ճիշտ չէ: Եվ Ղարաբաղում կան ժողովրդավարական ուժեր, եւ Ադրբեջանում: Եվ այնտեղ, եւ այստեղ, նաեւ Հայաստանում իշխում են ուժայիններն ու ոստիկանները»,- հայտարարեց Զ. Ալիզադեն: «Պետք է ընդունել, որ խաղաղ կարգավորման տարիներ ձգվող գործընթացը հանգեցնում է նրան, որ «ԼՂՀ»-ում ավելի են ամրապնդվում «պետական կառավարման» ինստիտուտները, որոնք զգայուն գործոն են դառնում բանակցային գործընթացում: Անկասկած, «շունչ քաշելու» 11 տարիները Ադրբեջանին հնարավորություն տվեցին ամրապնդել տնտեսությունն ու բանակը, բայց չէ՞ որ հակառակ կողմն էլ տեղում չի դոփել: Որքան երկար ժամանակ Ղարաբաղի հայերն ապրեն ոչ թե ադրբեջանական, այլ սեփական օրենքներով, այնքան դժվար կլինի նրանց ինտեգրել ադրբեջանական հասարակությանը: Որքան երկար ժամանակ Ղարաբաղի հայերն ունենան «պետական ինստիտուտներ», այնքան դժվար կլինի դրանցից ձերբազատվել»,- գրում է ադրբեջանական մամուլը, եւ սրանում Զ. Ալիզադեն ճշմարտության հատիկ է տեսնում: Իսկ ընդհանուր առմամբ, նրա կարծիքով՝ «ԼՂ-ում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ ԼՂ հասարակությունը մոնոլիտ է մի հարցում՝ պաշտպանել անջատողական գիծը: Ցավոք, ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի ղեկավարությունը իրատեսական դիրքորոշում չի որդեգրել ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում եւ չի պատկերացնում իրավիճակը, Ղարաբաղի իրական տեղը՝ ոչ տարածաշրջանային, ոչ համաշխարհային գործընթացներում: Դրա համար էլ ԼՂ-ում այդ ուժերն ամրապնդեցին իրենց դիրքերը: Ինչ վերաբերում է նրան, որ ԼՂ ընտրություններում հաղթել է Ղուկասյանի թեւը եւ ոչ թե ընդդիմադիր Դաշնակցությունը, այնքան էլ մեծ նշանակություն չունի: Բոլոր դեպքերում, Ղարաբաղն իր սոցիալ-տնտեսական իրավիճակը, հասարակության կենսամակարդակը բարձրացնելու ռեալ ռեսուրսներ չունի, որովհետեւ տարածաշրջանը մեկուսացված է»,- եզրակացրեց Զ. Ալիզադեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել