Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՇԵՍ

Հունիս 22,2005 00:00

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԵԼՈՒՅԹ Հունիսի 20-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում «Լրատվամիջոցները եւ ահաբեկչությունը» հարցի քննարկմանը ելույթով հանդես եկավ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Նրա քննադատական սուր, բայց եւ փաստարկված ելույթը լուրջ մտորումների ու քննարկումների առարկա դարձավ վեհաժողովի պատգամավորների շրջանում: Ստորեւ ներկայացնում ենք անգլերեն լեզվով հնչած ելույթի թարգմանությունը: Կարծում ենք, վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի այս էլ 5-րդ ելույթը ԵԽԽՎ-ի լիագումար նիստերում մեծապես նպաստեց եվրոպական երկրներում Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի կենսական կարեւորության հարցերի համակողմանի ընկալմանը: Ստրասբուրգում Ա.Գեղամյանի այս գործունեությունն արատավորող հոդվածներով հանդես եկան թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց վերջերս ձայնակցեց նաեւ Քոչարյան-Սարգսյան կերակրատաշտից սնվող հայաստանյան ռուսալեզու թերթերից մեկը: Մեկնաբանություններ թող անի հասարակությունը: Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ. Դժվար է գերագնահատել ԵԽԽՎ-ում քննարկվող «Լրատվամիջոցները եւ ահաբեկչությունը» հարցի նշանակությունը, որի կարեւորությունը առավել մեծ է Հայաստանի համար: «Զերկալո» օրաթերթ, 28 փետրվարի 2004թ., Ադրբեջան: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում քաղվածք Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի հարցազրույցից. «Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար»: «Զերկալո» օրաթերթ, 6 մարտի 2004թ.: Քաղվածք Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովի հարցազրույցից. «Թուրքիայում ծառայած մեր սպաներին ես միշտ ասել եմ. դուք մեզ պետք եք Ղարաբաղում: Նրանք՝ հայերը, պետք է սպանվեն Ղարաբաղում եւ ոչ թե այլ երկրներում»: Բազմաթիվ նման օրինակներ կան, թե ինչպես են Ադրբեջանի քաղաքական գործիչները մամուլի միջոցով արձագանքել Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի բարբարոս սպանությանը: Գուրգեն Մարգարյանը գազանաբար կացնահարվել է առավոտյան 5.30-ին, քնած ժամանակ: Նա գտնվում էր Բուդապեշտում եւ, ինչպես Ռ. Սաֆարովը, ուսանում էր ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Կարդալով ադրբեջանական մամուլը՝ ակամայից հարց է առաջանում. ո՞վ է ավելի մեծ ահաբեկիչ՝ Ռամիլ Սաֆարովը, թե Միլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովը կամ էլ Ադրբեջանի մարդու իրավունքերի պաշտպան՝ օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան: Իսկ արդյոք ահաբեկչությանը մասնակից չե՞ն ադրբեջանական այն թերթերի խմբագրությունները, որոնք մասսայականացնում են վերջիններիս մարդատյաց զառանցանքները: Ո՞վ է ավելի մեծ հանցագործ՝ ադրբեջանական բանակի զինակոչիկը, որն ընկնում է նշված «պետական գործիչների» սադրիչ ելույթների ազդեցության տակ եւ դառնում ահաբեկիչ, թե ահաբեկիչները հենց իրենք՝ սադրիչներն են: Ո՞վ է պատասխան տալու 18-20 տարեկան ադրբեջանցի զինվորների գործողությունների համար, որոնք, այսօր էլ կատարելով իրենց հրամանատարների հրամանները, Միլի Մեջլիսի պատգամավորների եւ մարդու իրավունքների պաշտպանի օրհնանքներով, նշանառու հեռահար կրակով սպանում են Ղարաբաղի մարտական գործողությունների զինադադարի գծում գտնվող իրենց հայ հասակակիցներին: Ի՞նչ են զգում սպանված Գուրգենի հարազատները եւ բարեկամները, մարդասպան Ռամիլի հարազատները, երբ այս օրերին էլ կարդում են հայերի նկատմամբ ատելությամբ լի ադրբեջանական եւ թուրքական թերթերի հոդվածները: Եվ, ի վերջո, ո՞րն է մեր եւ ձեր դերը XXI դարի այս չարիքի կանխարգելման գործում, ինչպիսի՞ն է մեր՝ ԵԽԽՎ-ի պատգամավորների պատասխանատվությունը, եւ երբ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի մարդու իրավունքների պաշտպանը հերոսացնում է դաժան մարդասպանին, արդյոք դրանով մեզ՝ պատգամավորներիս, գնահատականը չի՞ տրվում: Ինչո՞ւ մենք հարց չենք տալիս ինքներս մեզ՝ ովքե՞ր եւ որտե՞ղ են նրանք, ժամանակակից Եվրոպայի հումանիստները՝ մերօրյա Ֆրիտյոֆ Նանսենը եւ Անատոլ Ֆրանսը, Հովհաննես Պողոս Երկրորդը եւ Մայր Թերեզան: Ո՞րն է Ձեզ հետ մեր կոչումն այս գործում: Հարգելի գործընկերներ. ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում 97 պատգամավոր կոչով դիմեց Հայաստանի ղեկավարությանը՝ ընդունելու համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկությունը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի համատեղ ուսումնասիրություններ սկսելու մասին: Փաստաթուղթը ստորագրած պատգամավորները, երեւի, հավատացել էին թուրք վարչապետի առաջարկի անկեղծությանը: Էրդողանի կոչին, հավանաբար, հավատացել էին նաեւ Ստամբուլում անցկացվելիք գիտական համաժողովի նախաձեռնողները: Այն պետք է տեղի ունենար մայիսի 25-27-ին Բոսֆորի համալսարանում՝ «Հայերը Օսմանյան կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն եւ ժողովրդավարության հարցեր» թեմայով: Մինչեւ համաժողովի սկսվելը թուրքական ազդեցիկ «Միլիեթ» օրաթերթը դատապարտեց գիտնականների համաժողովը՝ Բոսֆորի համալսարանը անվանելով այն տեղը, «որտեղ վերաքննության են ենթարկվում 1915թ. դեպքերը եւ պետության պաշտոնական տեսակետը»: «Հուրիեթ», «Զաման», «Միլիեթ» եւ Թուրքիայի ազդեցիկ այլ թերթեր Գալաթասարայի համալսարանի պրոֆեսոր Իլբեր Օրթայլնի, Թուրքիայի պատմաբանների միության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի, Ազգային մեծ ժողովի պատգամավոր Շյուկրու Էլեկդագի եւ «Արդարություն ու զարգացում կուսակցության» (որի առաջնորդը հենց ինքը՝ Էրդողանն է) անդամ-պատգամավոր Ռամազան Թոփրաքի շուրթերով դատափետեցին եւ փորձեցին օտարել հասարակությունից համաժողովի կազմակերպիչներին՝ նրանց հասցնելով անձնական վիրավորանքներ: Հատկանշական է, որ, հանդես գալով Բոսֆորի համալսարանում Հայկական հարցով համաժողովի անցկացման դեմ, պատգամավոր Թոփրաքը կասկածի տակ վերցրեց ժողովրդավարության առկայությունը Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում՝ հայտարարելով. «Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Շվեյցարիայում կամ Ֆրանսիայում կազմակերպվեն գիտական համաժողովներ՝ թուրքական որեւէ թեզ հաստատելու նպատակով»: Այս խոսքերը, հավանաբար, հասցեագրված էին Շվեյցարիայից ԵԽԽՎ-ի պատգամավոր տիկին Զափլ-Գելբինգ Ռոզմարիին՝ ի նշան շնորհակալության նրա այն ստորագրության համար, որ վերջինս դրել էր ԵԽԽՎ-ի 97 պատգամավորների վերոհիշյալ կոչի տակ: Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմալ Չիչեքն այս հարցում ավելի հեռուն է գնացել եւ, ինչպես հրապարակվել էր 2005թ. մայիսի 25-ի «Զաման» եւ «Միլիեթ» թերթերում, Ազգային մեծ ժողովի ամբիոնից հայտարարել է. «Անհամբեր սպասում եմ՝ ինչպես է իր պարտքը կատարելու բարձրագույն կրթության խորհուրդը»: Համաժողովի կազմակերպիչներին հարկ է գամել անարգանքի սյունին, ըստ էության, այսպիսին էր թուրք նախարարի ելույթի առանցքը: Նույն օրը Բոսֆորի համալսարանի ռեկտորատը ստիպված եղավ հայտարարել համաժողովի՝ անորոշ ժամանակով հետաձգման մասին: Կամ թե ահաբեկչության հրահրման մեկ այլ դրսեւորում եւս: Վերջերս ադրբեջանական թերթերը տարածեցին Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Հաջիյագ Նուրիեւի հայտարարությունը, որում նա կոչ է անում «Հայաստանի դեմ սրբազան պատերազմ սկսել, հայտարարել ջիհադ8230»: Եվ այդ նողկալի տեղեկատվությունն ադրբեջանական մամուլը մատուցում էր անթաքույց դրական երանգներով: Այսօր ԵԽԽՎ-ն պետք է կամք դրսեւորի եւ հանդես գա ահաբեկչություն հրահրող վերը նշված եւ ցանկացած այլ գործողությունների դատապարտման բանաձեւով: Հարգելի գործընկերներ. Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ խաբեբա ու խորամանկ քաղաքական գործիչները ծնում են անպատասխանատու մամուլ, որն էլ, իր հերթին, պարարտ հող է ստեղծում ժամանակակից ահաբեկչության համար: Եվ հենց այստեղ՝ ԵԽԽՎ-ում, ինչպես եւ հազարամյակներ առաջ ավերված Կարթագենում, պետք է երեք անգամ հերկվի եւ աղի հաստ շերտով ծածկվի ահաբեկչությունը սնող հողը, որպեսզի մեր համաեվրոպական ընտանիքում, Եվրոպայի ցանկացած անկյունում մեկընդմիշտ արմատախիլ արվեն ահաբեկչությունն ու պատերազմը: Հենց դա է մեր պատմական առաքելությունը: Եվրոպական ժողովրդական կուսակցություններ, Եվրոպական Քրիստոնյա-ժողովրդավարներ Ստրասբուրգ, 20 հունիսի 2005թ. R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել