Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ

Հունիս 25,2005 00:00

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋՊԱՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Նիգ-Ապարան» հայրենակցական կազմակերպությունը, նախաձեռնելով եւ իրականացնելով Առաջին հանրապետության անկախության օրվան, Սարդարապատի, Բաշ֊Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերին, մայիսյան հաղթանակների տոնին նվիրված Մայիսի 28172ի Միասնության շուրջպարը, խորապես գիտակցում էր, որ հայ նոր հասարակությունը պետք է ձեւավորի ապրելու եւ ստեղծագործելու նոր մշակույթ՝ նոր ավանդույթներ, հոգեւոր նոր արժեքներ, որոնք կդառնան համայն հայության միասնության, ինքնահաստատման հիմքը։ Եվ կազմակերպությունը, հավատարիմ իր սկզբունքներին, հանրությանը ներկայացնում է տեղեկատվություն՝ այդ միջոցառման կարեւոր մանրամասների մասին։ 2004 թվականի նոյեմբերի 6-ին, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության համագումարի ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, առաջադրվեց Արագած լեռան շուրջ կենդանի օղակով Միասնության շուրջպար բռնելու գաղափարը, որը դարձավ ծրագրային դրույթ։ 2005 թվականի փետրվարի 2-ին ստեղծվեց Միասնության շուրջպարի իրականացման գործընթացը համակարգող կազմկոմիտե՝ աշխատանքային 7 խմբերով եւ տեղամասային ենթակառույցներով։ Մայիսի 28֊ի Միասնության շուրջպար֊համահավաք տոնին հայությունն իր կամքը դրսեւորեց ապրելու, ուրախանալու, հպարտանալու, ազգովի տնօրինելու իր պետականությունը, իր հաղթանակների տոնը, իր միասնականությունը. Երեւանից, Արագածոտնից, Արարատից, Արցախից, Արմավիրից, Գեղարքունիքից, Լոռիից, Կոտայքից, Շիրակից, Սյունիքից, Վայքից, Տավուշից, Սփյուռքից աշխատավորը, մտավորականը, ուսանողը, դպրոցականը ձեռք-ձեռքի, ուս֊ուսի տոնեցին հայության օրը՝ Մայիսի 28-ի Միասնության տոնը։ Միասնության շուրջպարը վերաճեց համահավաք տոնի. դեռեւս վաղ գարնանը կազմակերպվեց աննախադեպ ծառատունկ՝ Արագած լեռան փեշերին 110.250 ծառ տնկվեց, ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա, Աշտարակ-Ապարան մայրուղու հարեւանությամբ, հիմնվեց Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված Տառքարերի հուշարձան, որը վերածվեց սրբավայրի, հայոց բառարանում ավելացավ նոր բառ-հասկացություն՝ տառքար, ստեղծվեցին հայկական տոնական պարերի նոր փունջ, նոր երգեր, բանաստեղծություններ՝ նվիրված Մայիսի 28-ի Միասնության շուրջպարին, որոնք համահունչ են մեր դարավոր մշակույթին։ Համազգային տոնակատարությունը մեկնարկեց մայիսի 27-ին. վրանային ավաններ հիմնվեցին, որտեղ էլ կայանեցին շուրջպարի հազարավոր մասնակիցներն ու իրենց երեկոյան հետաքրքիր ժամանցն անցկացրին՝ նախապատրաստվելով շուրջպարին։ Այդ օրը Արագած լեռան փեշերին 960 վրան խփվեց, իսկ գիշերով 1600 խարույկ վառվեց։ Բյուրականից, Գյումրիից, Ապարանից, Թալինից, Արթիկից միաժամանակ 260 հրթիռային ջահ ու 300 լապտեր լուսավորեցին լեռան չորս գագաթները։ Մայիսի 28-ին Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձով եւ տերունական աղոթքով սկսվեց 15 րոպե տեւողությամբ համազգային շուրջպարը։ Մայիսի 28-ին Արագածի ողջ լեռնազանգվածը պարուրող 163 կիլոմետրի վրա կենդանի շղթա կազմեց 326.000-ից ավելի մարդ, ճիշտ այնքան, որքան կպահանջվեր նշված տարածքը երկու անգամ գոտեւորելու համար։ Նրանք ժամանել էին Հայաստանի բոլոր մարզերից, ԱՊՀ-ից, Մերձավոր Արեւելքից, Եվրոպայից, Ամերիկյան մայրցամաքից։ Արագածի շուրջ հայերի հետ ձեռք-ձեռքի բռնեցին շուրջ 25 ազգերի ներկայացուցիչներ, իսկ բուն իրադարձության վայրից դուրս շուրջպար են բռնել Երեւանում, Սյունիքում, Շուշիում, Ստեփանակերտում, Սալոնիկում, Բրատիսլավայում, Կալիֆոռնիայում, Բեյրութում, Երուսաղեմում, Հոնկոնգում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, Օրենբուրգում, Ստավրոպոլում, Սանկտ Պետերբուրգում, հեռավոր ու մերձավոր սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախներում եւ Միջերկրական ծովում նավարկող մեր «Կիլիկիա» նավի վրա։ Նախնական տվյալներով, համազգային տոնին հայրենիքից դուրս իրենց մասնակցությունն է բերել 20.000-ից ավելի մարդ։ Արագած լեռան 4 գագաթներին՝ 3800-ից մինչեւ 4090 մետր բարձրության վրա, շուրջպար բռնեցին լեռնագնացներն ու փրկարարները։ Միասնության շուրջպարի կենդանի օղակի ամենացածր կետը եղել է 860, իսկ ամենաբարձր՝ 2100 մետր։ Համազգային տոնի ամենակրտսեր ու ամենատարեց մասնակիցներն են 2 ամսական Մարիամ Գրիգորյանը եւ 107 տարեկան Թամարա Սարգսյանը։ Շուրջպարի պարագծի ողջ երկայնքով 26.400 ավտոմեքենա է կայանել, իրենց ծառայությունն են իրականացրել ընդհանուր առմամբ 300 ոստիկանական, հրշեջ, շտապօգնության եւ փրկարար ծառայությունների խմբեր։ Շարժական կապի 32 ավտոմեքենաներում տեղադրված հեռախոսները հնարավոր են դարձրել անխափան կապի հաստատումն ամբողջ շրջագծով։ 480 երաժշտական եւ պարային խմբեր՝ 7500 մասնակիցներով, ճանապարհի տարբեր հատվածներում առավել տոնական տրամադրություն են հաղորդել՝ կազմակերպելով տարբեր մշակութային միջոցառումներ։ Արագած լեռը գոտեւորող մայրուղու տարբեր հատվածներում շուրջպարի մասնակիցները պարից հետո ինքնաբուխ կազմակերպեցին տոնական ճաշկերույթներ, ընտանեկան, կոլեկտիվ, ընկերական տոնախմբություններ։ Շուրջպարի մասնակիցներին բաժանվել է 293.500 գլխարկ եւ թվով 298.500 սերտիֆիկատ՝ որպես իրադարձությանը մասնակցելու փաստացի վկայություն։ Եվս 31.700 մասնակից սերտիֆիկատ ստանալու լրացուցիչ հայտ է ներկայացրել։ Միասնության շուրջպարի լուսաբանման աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել 114 լրատվամիջոցներ Հայաստանից եւ արտասահմանից, որոնք ընդհանուր առմամբ տարածել են շուրջ 600 հաղորդագրություն, հոդված, սյուժե, ֆիլմ, հաղորդում։ Մայիսի 28172ին, ժամը 15-15.15 տեւողությամբ շուրջպարը հատվածաբար նկարահանվել է 4 ուղղաթիռներից, որոնք միասին վերցրած ծածկել են ողջ 163 կիլոմետր ճանապարհը։ Նկարահանված ժապավենները հավաստում են, որ Միասնության շուրջպարը կայացել է։ Պարն ավարտվելուն պես, 5 ինքնաթիռ շքահանդեսային պտույտ է գործել Արագած լեռան շուրջը։ Տոնախմբությունը տեւել է մինչեւ ուշ երեկո։ Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովելու նպատակով ամբողջ տարածքում տեղադրվել է 725 ժամանակավոր սանհանգույց, 2400 աղբապարկ, ջրատար ավտոմեքենաներով ապահովվել է ջրամատակարարումը։ Մարդկանց եւ ավտոմեքենաների աննախադեպ շարժի պայմաններում, միջոցառման ողջ ընթացքում էական միջադեպեր չեն գրանցվել։ Միասնության շուրջպարից մեկ շաբաթ հետո կազմակերպվեց համընդհանուր շաբաթօրյակ՝ շուրջպարի ճանապարհի երկայնքով, եւ սննդի ու աղբի մնացորդներից մաքրվեցին դաշտերն ու ճամփեզրերը։ Շուրջպարին վերաբերող բոլոր թվերն ու փաստերը կհավաքվեն ու կկանոնակարգվեն շտաբում, եւ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ծանոթանալու փաստագրական նյութերին։ «Նիգ֊Ապարան» հայրենակցական կազմակերպությունը խորապես շնորհակալություն է հայտնում բոլոր անձանց եւ կազմակերպություններին, ովքեր աջակցեցին շուրջպարի կազմակերպմանն ու իրականացմանը, ովքեր ապահովեցին տրանսպորտային միջոցների անխափան ու անվտանգ երթեւեկությունը, բնակչության բուժսպասարկումը եւ հասարակական կարգի պահպանությունը։ Հայրենակցական կազմակերպությունը համոզված է, որ Մայիսի 28֊ի Միասնության շուրջպարը կդառնա ավանդական եւ ամեն տարի Արագածի փեշերին Հանրապետության տոնը, իրենց ուխտի եւ միասնության օրը կնշեն բոլոր նրանք, ովքեր միակամ են զորեղացնելու Հայոց պետականությունը։ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930