Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության մեծագույն ձեռքբերումը հավատն է

Հունիս 25,2005 00:00

Հեղափոխության մեծագույն ձեռքբերումը հավատն է «Առավոտի» բացառիկ հարցազրույցը՝ 1995- 2004 թթ. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայայի հետ: – Պարոն Կոլբայա, Վարդերի հեղափոխությունից անցել է մեկուկես տարի: Ըստ Ձեզ, ի՞նչ տվեց այդ հեղափոխությունը Վրաստանին: – Ամենակարեւորը, որն իմ կարծիքով տեղի ունեցավ Վրաստանում այդ հեղափոխության արդյունքում, այն էր, որ ժողովուրդն այլ կերպ սկսեց ապագային նայել եւ հույսեր կապեց նոր բարեփոխիչների հետ: Ինչ՝ ինչ, սակայն Շեւարդնաձեի՝ 30 տարի իշխանության լինելը, փոքր ընդմիջումներով, բթացրեց ժողովրդի զգոնությունը: Այն, որ պետությունը ծանր վիճակում էր, քաղաքացիական համակարգեր էին ստեղծվում՝ ժողովրդի համար դա շոշափելի չէ, մարդիկ չեն զգում այդ ամենի համը: Ժողովրդին պետք են հաց, ջուր, զվարճանքներ: Միանգամայն բնական էր, երբ երեւան եկավ երիտասարդ, եռանդուն գործիչ, որը կարողացավ դեմ կանգնել կարծրացած ապրելակերպին ու մտածելակերպին, մարդիկ հավատացին նրան: Այդ հավատը հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումն էր: Իրավիճակային փոփոխություններն էլ արդեն իսկ նկատելի են: Չնայած երկրում դեռեւս առկա է սոցիալ- տնտեսական, հոգեբանական ծանր վիճակ, իսկ վիճահարույց հարցերն այնքան բարդ են, որ չի հաջողվում դրանք լուծել Աջարիայի օրինակով: Իմ կարծիքով՝ աջարական խնդիրը լուծվեց ծայրահեղ, սահմանային իրավիճակում, բայց, փառք Աստծո, այնպիսի ավարտ ունեցավ, որը կարծես լրացուցիչ լիցք հաղորդեց բնակչությանը: Այդպիսով պարզ դարձավ, որ կարելի է առկա խնդիրները լուծել, եթե քաղաքական կամք կա: Սահակաշվիլին քաղաքական կամք դրսեւորեց եւ ժամանակին Աբաշիձեի կողմից հորինված այդ խնդիրն այլեւս գոյություն չունի: Մյուս վիճահարույց հարցերը, ըստ իս, բարդ են այն առումով, որ դրանցում ներգրավված են այլ, մեծ տրամաչափի «դերասաններ» եւ գործնականում դրանք դուրս են Վրաստանի ազդեցության շրջանակներից: Դրանցով զբաղվում են գերտերությունները: Այդ էր պատճառը, որ անցած ամառ Օսեթիայում կիրառված եւ անպտուղ վախճան ունեցած փորձերը, ինչպես ասում են, այս իշխանությունների համար առաջին ազդանշանն էին: Կարծում եմ, արդյունքում համապատասխան հետեւություններ արվեցին: Այդուհանդերձ, Սահակաշվիլու վստահության եւ լեգիտիմության աստիճանը բավականին բարձր է: Դա չի վերաբերում նրա իշխանությանն ընդհանրապես, քանի որ բազում լուծում չստացած խնդիրներ կան: Հիմա, ճիշտ է, պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացել են, բայց դա ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծման եւ կյանքի բարելավման արդյունքում, այլ աշխատատեղերի կրճատման հաշվին: Դա դեռեւս վտանգավոր չափերի չի հասնում, բայց շարունակություն ունենալու դեպքում՝ լրջագույնս կսպառնա: Հեղափոխության մի դրական կողմ եւս՝ Վրաստանը դարձավ միջազգային առումով գրավիչ սուբյեկտ: Դրա ապացույցը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի այցելությունն էր: Ի դեպ, այդ այցի արդյունքում նկատելիորեն արագ լուծում ստացավ ռուսական ռազմաբազաների՝ Վրաստանից դուրսբերման հարցը: Հարց, որը հարյուրամյակների պատմություն ունի: – Այսինքն, դա միայն ցուցադրական այց չէր, ինչպես շատերն էին մեկնաբանում: – Երբ հարցը վերաբերում է մեծ աշխարհաքաղաքականությանը, մեծ երկրների նախագահների կյանքում ցուցադրական այցեր լինում են: Եթե հիմք ընդունենք, որ այդ այցով պայմանավորված, տարածաշրջանը՝ ի դեմս Վրաստանի, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների մասնակից, ապա այն ցուցադրական չէր: Բայց եթե անգամ դա ցուցադրական այց էր, նույնպես խոսում է այն մասին, որ ինչ-ինչ հետաքրքրություններ կան, որոնք անցնում են այս տարածաշրջանով, Վրաստանով: Ես հակված եմ այդ այցն այսպես գնահատել՝ դա ուղղակի ապացույցն էր նրա, որ Վրաստանը գլխավոր դերակատարում է ունենալու կոնկրետ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային հարցերի լուծման մեջ: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել