Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ

Հունիս 25,2005 00:00

ՄԵՐՈՆՔ ԴՐՍՈՒՄ Առնվազն չորս մեդալ Հունիսի 19-ից Հունգարիայի Շիոֆոկ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը թեւակոխել է վճռորոշ փուլ: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մեր հանրապետությունը պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի ղեկավարությամբ մրցավայր է ժամանել ինը մասնակցով: Մեկնելու նախօրյակին ավագ մարզիչը մեզ հետ զրուցելիս հավաստիացրել էր, որ իրենք Հունգարիայում անպայման մեդալներ կնվաճեն: Ու կատարեց խոստումը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պարոն Ալեքսանյանի սաները, որպես կանոն, միջազգային մրցուղերթներից ձեռնունայն չեն վերադառնում: Թերեւս բացառություն է 1999 թվականին Ռիգայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ կաշվե ձեռնոցի մեր պատանի վարպետներն անմասն մնացին մեդալներից: Եվ ահա, Շիոֆոկից տեղեկացանք, որ հայաստանցի բռնցքամարտիկներից չորս հոգի մտել են կիսաեզրափակիչ, հետեւաբար, մեր հավաքականի հաշվարկում արդեն իսկ չորս մեդալ կա: Մասնավորապես, սեւանցի 48 կգ քաշային Սամվել Բարսեղյանը 1/2 եզրափակիչում հավասար պայքարում միավորների աննշան տարբերությամբ է զիջել անգլիացի մրցակցին՝ բավարարվելով բրոնզե պարգեւով: Նա ըստ էության կրկնել է անցած տարվա իր ցուցանիշը: Դրա փոխարեն 63 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկ Սեդրակյանը՝ Գյումրիից, նույն փուլում մեծ առավելությամբ պարտության է մատնել թուրք հասակակցին ու մտել եզրափակիչ՝ իր համար ապահովելով առնվազն արծաթե մեդալ: Մեր մյուս երկու բռնցքամարտիկների վերջին մրցելույթների մասին երեկ ցերեկը դեռ տեղեկություն չկար: Բայց ինչ էլ լինի, Եվրոպայի պատանեկան առաջնությունում առնվազն չորս մեդալ ունենալը արդեն իսկ ձեռքբերում է: Հիմնական իրադարձությունների ժամանակը Մեկօրյա հանգստից հետո Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցները վերսկսեցին պայքարը: Այսօր, 7-րդ տուրում հայաստանցի շախմատիստները կազմել են հետեւյալ զույգերը. Սերգեյ Կարյակին-Կարեն Ասրյան, Լեւոն Արոնյան-Ալեքսանդր Բելյավսկի, Գաբրիել Սարգսյան-Յասեկ Գդանսկի, Իգոր Կուռնոսով-Սմբատ Լպուտյան, Տիգրան Նալբանդյան-Տիգրան Լ. Պետրոսյան, Արտաշես Մինասյան-Մաթյուզ Բարտեզ, Սայմոն Ուիլյամս-Աշոտ Անաստասյան, Էրվին Լամի-Լեւոն Բաբուջյան: Առաջնության առաջին հատվածում մեր տղաներից առավել հաջող հանդես են եկել գրոսմայստերներ Կարեն Ասրյանը, Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք չեն ճաշակել պարտության դառնությունը: Կարենը վեց տուրից հետո 5,0 (4 հաղթանակ, 2 ոչ-ոքի եւ 0 պարտություն) միավորով զբաղեցնում էր 4-րդ տեղը, Լեւոնը՝ 4,5 (+3, =3, -0) միավորով 7-րդն էր, իսկ Գաբրիելը՝ 4,0 (+2, =4, -0), ընթանում էր 30-րդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստների զբաղեցրած տեղերին եւ ցույց տված տեխնիկական արդյունքներին, դրանք այսպիսին են՝ 83. Սմբատ Լպուտյան՝ 3,5 (+3, =1, -2), 102. Արտաշես Մինասյան՝ 3,0 (+3, =0, -3), 108. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 3,0 (+1, =4, -1), 120. Տիգրան Նալբանդյան՝ 3,0 (+1, =4, -1), 150. Աշոտ Անաստասյան՝ 2,5 (+2, =1, -3), 158. Լեւոն Բաբուջյան՝ 2,5 (+2, =1, -3): Էլինան պարտվե՞լ է Քիշնեւում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթողին ու մրցանակակիրներին որոշելու համար կազմակերպիչներին հարկ եղավ երեկ կազմակերպել լրացուցիչ մրցամարտ: Մենք այս մասին երեկ տեղեկացրել ենք: Բրոնզե մեդալին հավակնում էր նաեւ մեր հայրենակցուհի Էլինա Դանիելյանը: Ըստ չճշտված լուրերի, Էլինան 0,5:1,5 հաշվով պարտվել է Սիլվիա Կոլլային ու զրկվել մրցանակային տեղից: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել