Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂՏԸ

Հունիս 28,2005 00:00

ՈՒՂՏԸ ՉՈՔԵՑ ՀՅԴ-Ի ԴՌԱՆԸ Կուսակցությունները դատապարտում են Պավել Մանուկյանի դեմ բռնարարքը ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ծեծի ենթարկված եւ արդյունքում ուղեղի ցնցումով հիվանդանոց տեղափոխված ազատամարտիկ, ԼՂՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՅԴ անդամ Պավել Մանուկյանը («Ապարանցի Պավլիկ») անցած շաբաթավերջին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: ՀՀ առողջապահության նախարարությանը նման խնդրանքով դիմել էին Պ. Մանուկյանի հարազատները, իսկ նրա կնոջ՝ Մարինե Մանուկյանի համոզմամբ, Ստեփանակերտում իր ամուսնուն վտանգ էր սպառնում: Անցյալ ողջ շաբաթվա ընթացքում ՀՅԴ ե՛ւ ԼՂՀ, ե՛ւ հայաստանյան կառույցները հանդես էին գալիս հայտարարություններով՝ դատապարտելով Պ. Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքը: Բայց Հայաստանում այդ միջադեպին ոչ մի քաղաքական եւ հասարակական կազմակերպություն այդպես էլ չանդրադարձավ ու չդատապարտեց: Փոխարենը շատերը ՀՅԴ-ին հիշեցրին այդ կուսակցության որդեգրած դիրքորոշումը, մասնավորապես՝ 2003-ի ՀՀ նախագահական եւ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների, նաեւ 2004-ին ՀՀ-ում ընդդիմադիր ուժերի համակիրների նկատմամբ զանգվածային բռնությունների նկատմամբ, որոնց առնչությամբ նույն ՀՅԴ-ն հայտարարությամբ հանդես չեկավ եւ չդատապարտեց: Հիշեցնենք, որ այդ նույն օրերին ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանի նկատմամբ դաժան հաշվեհարդար էին տեսել իրավապահները հենց Արտաշատի միլպետի աշխատասենյակում: Ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար ոստիկանները նրան տարել էին Արտաշատի ոստիկանատուն եւ հինգ ժամ՝ մինչեւ ուժասպառ լինելը, ծեծելուց հետո գցել էին մեկուսարան, իսկ մեկ օր անց տարել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան վիրահատել էին: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը նախ հիշեցրեց, որ «ՀՅԴ-ն ոչ միայն չեզոք դիրք գրավեց 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած բռնությունների նկատմամբ, այլեւ ՀՅԴ առանձին գործիչներ հայտարարեցին, թե՝ ընդդիմությունն իրեն օրենքից դուրս էր դրել, եւ իշխանությունների քայլերը համարժեք էին»: Ա. Զեյնալյանը եւս մեկ անգամ արձանագրեց, որ նաեւ ՀՅԴ-ն է կիսում այդ բռնությունների պատասխանատվությունը: Իսկ Պ. Մանուկյանի հետ կատարվածի առնչությամբ ՀՅԴ պահվածքը Ա. Զեյնալյանը բնական համարեց. «ՀՅԴ կեցվածքը հասկանալի է: Նրա համար սեփական կաշին ավելի թանկ է: Ուղտն իրենց դռանն էլ չոքեց: Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ ցանկացած դեպքում սեփական իրավունքների պաշտպանությունը սկսվում է ուրիշների իրավունքների պաշտպանությունից»: Նա արձանագրեց, որ «այն հորդորները, որ ժամանակին ՀՀ-ում ուղղված էին ընդդիմադիր դաշտին՝ իբրեւ մենք մեր քննադատությամբ վնասում ենք ՀՀ հեղինակությանը, հիմա չեն պահպանվում ՀՀ-ում իշխանական կուսակցության՝ ՀՅԴ-ի կողմից, ինչը վկայում է այդ կուսակցության արժեքների կեղծ լինելու մասին»: ՀՅԴ ԳՄ մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանի համոզմամբ, սակայն, ՀՅԴ պահվածքում հակասական ոչինչ չկա. «Մենք այն ժամանակ էլ դատապարտել ենք եւ ընդհանրապես դատապարտում ենք ցանկացած բռնություն»: Նա նաեւ բնական համարեց այն, որ ՀՅԴ-ն իր կուսակցի՝ Պ. Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի առնչությամբ ավելի հետեւողական է: Ս. Սեյրանյանը նաեւ հակադարձ հարցադրում արեց՝ ինչո՞ւ ընդդիմությունը, որ իր անդամների նկատմամբ բռնությունների դեպքում բարձրաձայնում ու հայտարարություններ էր անում՝ լռում է Պ. Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքում: «Ընդդիմությունը, իրավապաշտպանները բողոքի ձայն են բարձրացնում, երբ նման դեպքեր կատարվում են ընդդիմադիրների դեմ, բայց այս դեպքում անտարբերություն են դրսեւորում: Նույնը վերաբերում է ՀՀ օմբուդսմենին. նա հիմա ավելի շատ զբաղված է իր շահերի, քան մարդկանց իրավունքների պաշտպանությամբ»,- ասաց Ս. Սեյրանյանը: Նա նաեւ նկատեց, որ անգամ թերթերը Պ. Մանուկյանի նկատմամբ բռնություններին վերաբերող իրենց հրապարակումներում ավելի շատ շեշտադրում էին անում Դաշնակցության պահվածքի, բայց ոչ բուն նյութի վրա, երբեմն չարախնդում, երբեմն հեգնում էին: Այս հարցադրմանն արձագանքելու համար դիմեցինք ՀԺԿ անդամ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Գրիգոր Հարությունյանին: «Ի՞նչ նկատի ունեք՝ լռել ասելով: Ի՞նչ անենք մենք: ԼՂՀ-ի հետ կապված, ճիշտն ասած, մենք այսօր մի քիչ կաշկանդված վիճակում ենք, սա իմ անձնական կարծիքն է»,- ասաց Գ. Հարությունյանը: Անդրադառնալով մասնավորապես Գրիշա Վիրաբյանի նկատմամբ տեղի ունեցած բռնարարքից հետո ՀՅԴ կեցվածքին, Գ. Հարությունյանն ասաց, որ Գ. Վիրաբյանին հատուկ առանձնացնել պետք չէ, «որովհետեւ ոչ 2003-ի ընտրություններից հետո, ոչ 2004-ի ապրիլյան դեպքերից հետո նույն ՀՅԴ-ն էր, որ չդատապարտեց բռնարարքներն ու ընտրակեղծիքները»: Մեկնաբանելով Դաշնակցության հայտարարությունները ՀՅԴ անդամ Պ. Մանուկյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ պարոն Հարությունյանը կարծիք հայտնեց, թե՝ «ավելի ակտիվ եւ կոշտ դիրքորոշում էր պետք հայտնել, բայց որքան գիտեմ՝ ՀՅԴ-ն խոստացել է հետեւողական լինել մեղավորների բացահայտման գործում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել