Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԼԻՆԵՐ

Հուլիս 01,2005 00:00

Վերջին
շրջանում Հայաստանում հետաքրքրությունը թենիսի նկատմամբ բավականին մեծացել է: Սակայն
միջազգային ասպարեզներում հայաստանցի մարզիկների քանակական եւ որակական աճ, կարծես,
չի նկատվում: Հանրապետությունում մարզաձեւի առջեւ կանգնած խնդիրների եւ ապագայի
մասին մեր աշխատակիցը զրուցեց Թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանի
հետ: – Պարոն Փամբուկյան, ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է թենիսի ընդհանուր վիճակը:
– Ինձ ուրախացնում է, որ տարեցտարի թենիսով զբաղվողների թիվը մեծանում է:
Ավելի ու ավելի շատ մանուկներ են ցանկանում մարզվել, ավելանում է նաեւ սիրողների՝
առողջության համար խաղացողների, թիվը: Դա հիմնականում ֆեդերացիայի գործադրած ջանքերի
արդյունք է: Բայց պիտի խոստովանեմ, որ մենք դեռ ետ ենք մնում թեկուզ մեր անմիջական
հարեւաններից: – Ինչո՞վ: Ինչո՞ւ: – Մարզաբազաները, մարզադպրոցները,
ակումբները, լավորակ կորտերն են քիչ: Հայաստանում թենիսով զբաղվելու հնարավորություն,
թերեւս, միայն Երեւանում կա: Սակայն այստեղ էլ գործում են ընդամենը «Արարատ», Ֆիզիկայի
ինստիտուտի ակումբները եւ «Հրազդան» մարզահամալիրի հարեւանությամբ գտնվող մարզադպրոցը,
որոնցում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չի լինում: Մինչդեռ, Թբիլիսիում ու Բաքվում,
որքան ինձ հայտնի է, կա թենիսի առնվազն 10-12 ակումբ: – Այդ բացը լրացնելու
համար ինչ-որ բան արվո՞ւմ է: – Հիմա «Հրազդան» մարզահամալիրում կառուցվում
է ծածկած երեք խաղադաշտով միջազգային չափանիշներին համապատասխան թենիսի համալիր:
Այն իր տեսակի մեջ ու որակով միակն է լինելու տարածաշրջանում: Կառույցը պատրաստ կլինի
1-1,5 տարում: Դրա շահագործումով, համոզված եմ, նոր զարկ կտրվի մասսայականությանը:
Օրակարգից դուրս կգա նաեւ մի այնպիսի կարեւորագույն խնդիր, ինչպիսին շուրջտարի մարզվելու
հնարավորությունն է: Թեեւ, պիտի ասեմ, որ այսօր ծածկած երկու կորտ արդեն գործում
է Ֆիզիկայի ինստիտուտի նորաստեղծ ակումբում: – Մասսայականությունից ծնվում
է վարպետությունը: Եթե առաջին դեպքում խնդիրներ գրեթե չենք ունենում, միջազգային
ասպարեզներում հայաստանցիների քանակական ու որակական առաջընթաց գրեթե չի նկատվում:
– Այդ կարծիքին այնքան էլ համաձայն չեմ: Մենք ունենք Սարգիս Սարգսյան, որը
շուրջ տասը տարի աշխարհի առաջին հարյուրյակում է: – Բայց Սարգիսը վաղուց Հայաստանում
չի, բնակվում ու մարզվում է արտասահմանում: Ես նկատի ունեմ նրանից հետո Հայաստանում
աճած կադրերին: – Միջազգային բարձր կարգի թենիսիստ պատրաստելը հեշտ չէ: Դրա
համար մեծ միջոցներ, համընդհանուր ուշադրություն ու ժամանակ է պահանջվում: Նայեք,
Հունաստանի թենիսի ֆեդերացիայի տարեկան բյուջեն $3-4 միլիոն է, բայց նրանք «աստղեր»
չունեն: Կիպրոսինը՝ $2 միլիոն ու նույն պատկերը: Մեր ֆեդերացիան բյուջեից ոչ մի լումա
չի ստանում: Սակայն այսօր ունենք մի քանի երիտասարդներ, ովքեր երկու-երեք տարի հետո
իրենց մասին պետք է որ խոսել տան: Սա միայն իմ տեսակետը չէ: Այդպես ասում են նրանց
տեսած միջազգային ճանաչում ունեցող լուրջ մասնագետները: Այդ պատանիներից երկուսին,
չեմ թաքցնում, անձնապես հովանավորում եմ արդեն վեց տարի, այն ժամանակներից, երբ դեռ
ֆեդերացիայի նախագահ չէի: Նրանցից մեկն արդեն իսկ խաղացել է Շարապովայի, Հինգիսի
հետ: Անցած տարի, նույնիսկ, սպորտային մարքեթինգի աշխարհահռչակ ֆիրմաներից մեկը՝
«Օկտագոնը», որը երկրորդն է աշխարհում, պատրաստ էր վճարել ու այդ երեխաներին տանել:
Չհամաձայնվեցի: – Լավ, ասենք, պայմաններ ստեղծվեցին, կարծում եք՝ Հայաստանում
հնարավո՞ր է միջազգային մակարդակի թենիսիստներ աճեցնել: – Ցավոք, ոչ: Դրա
համար նաեւ համապատասխան մարզչական կազմ պետք է ունենալ: Ես անձամբ պայմանավորվել
եմ ռուսաստանցի մի քանի բավականին լուրջ մասնագետների հետ: Նրանք համաձայնել են մարզահամալիրը
շահագործելուց հետո գալ ու մի որոշ ժամանակ աշխատել այստեղ: Իսկ Ռուսաստանի թենիսի
ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւի հետ որոշել ենք, որպեսզի այդ ժամանակ նրանց
հավաքական թիմերը ուսումնամարզական հավաքներ անցկացնեն Հայաստանում: Իսկ ընդհանուր
առմամբ ես կարծում եմ, որ մինչեւ համալիրի շահագործման հանձնելը՝ Հայաստանում հնարավոր
է թենիսիստին հասցնել ապագա «աստղի» սաղմնային փուլի: Ինչ վերաբերում է համաշխարհային
մակարդակի թենիսիստ պատրաստելուն, սկսած ինը-տասը տարեկանից, յուրաքանչյուր պոտենցիալ
«աստղի» վրա պետք է ծախսել տարեկան միջին հաշվով առնվազն $50 հազար: Այն էլ հայտնի
չէ, թե նա այդպիսին կդառնա՞: – Որպես մարզաձեւի ղեկավար ու պատասխանատու,
ի՞նչ եք կարծում, այդ գումարն ավելի նպատակահարմար է ծախսել մեկ «աստղ» աճեցնելո՞ւ
համար, թե՞ հանրապետությունում մարզաձեւը զարգացնելու: – Երկուսը միասին:
– Անձնական միջոցներից տարեկան որքա՞ն եք ծախսում թենիսի վրա: – Բավականին
շատ: – Հայաստանը «Դեւիսի գավաթի» խաղարկությանը մասնակցո՞ւմ է: –
Հուլիսի 11-17-ը Իռլանդիայում մեր չորս հոգանոց հավաքականը, որի կազմում է նաեւ Սարգիս
Սարգսյանը, հանդես է գալու այդ գավաթի խաղարկության 3-րդ խմբի փնջային մրցաշարում:
Ութ թիմերի պայքարում խնդիր ենք դրել՝ տեղափոխվել երկրորդ խումբ, որտեղ ժամանակին
եղել ենք: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել