Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՇՄԱՐԻՏ

Հուլիս 01,2005 00:00

ՃՇՄԱՐԻՏ ՄԱՏՐՈ՞ՍՈՎ «Գոլդեն փելես» բարձրակարգ հյուրանոցի սեփականատերը տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանն է: Այդ իրողությունը հայտնաբերել են «Ազգի» մեր գործընկերները, իսկ երեկ «168 ժամին» այդ լուրը հաստատել է անձամբ պարոն Ճշմարիտյանը: Տեսնես, նախագահ Քոչարյանը, որը մայիսի 31-ին ներկա էր հյուրանոցի բացմանը, գիտե՞ր դրա մասին: Եվ ընդհանրապես՝ ինչ էին մտածում տեղյակ մարդիկ, երբ այդ օրը գեղեցիկ ճառեր էին արտասանվում այն մասին, թե ինչ լավ է, որ արտասահմանյան (տվյալ դեպքում՝ կիպրոսյան) կապիտալը ներդրվում է հայաստանյան տնտեսության մեջ: Պարզվում է՝ այս կապիտալը մերն է, տեղականը: Պնդումը, որ փոխնախարարն իրավունք չունի հյուրանոցի սեփականատեր լինել, կարծում եմ, ճիշտ չէ՝ այդպիսի օրենք գոյություն չունի: Հարցադրումը, թե որտեղի՞ց է համեստ աշխատավարձ ստացող եւ խոշոր բիզնեսով երբեւէ չզբաղված փոխնախարարը հայթայթել միլիոնավոր դոլարներ՝ այդքան շքեղ հյուրանոց գնելու համար, իհարկե, արդարացի է: Բայց անձամբ ինձ համար այդ հարցադրումն այդքան էլ էական չէ (գիտակցում եմ, որ ընթերցողների մեծ մասը հենց այդ հարցն է կարեւորում): Ենթադրենք՝ Հ. Ճշմարիտյանը հայտնաբերել է տատի ոսկիները, որոնք մոռացել էր հայտարարագրել, երբ պաշտոնյաները պարտավոր էին դա անել: Կամ՝ դրանք ոչ թե Հայկ Ճշմարիտյանի փողերն են, այլ Արմեն Ավետիսյանի, քանի որ մաքսային կոմիտեի նախագահը Հայկ Ճշմարիտյանի բարեկամն է: Կամ էլ (որն ամենահավանականն է թվում) պրն Ճշմարիտյանը պարզապես Մատրոսովի նման իր վրա է վերցրել «օբյեկտը»՝ ավելի բարձր շեֆերին «չվառելու» համար: Բայց ամենակարեւորն այստեղ հետեւյալն է. տեղական կապիտալը ներկայացվել է որպես կիպրոսյան կապիտալ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. արտասահմանյան ներդրողները 5 տարի ազատվում են հարկերից: Եթե այդպես է, ուրեմն «Գոլդեն փելեսի» սեփականատերը (ով էլ նա լինի) խաբել է հարազատ պետությանը, նրան վնաս է հասցրել, եւ այդ ամենը շատ նման է փողերի լվացման: Բայց իրավապահ մարմինները դրանով չեն զբաղվելու, քանի որ հարկայինը, մաքսայինը, նախարարությունները, դատախազությունն ու դատարանները մեզ մոտ, ըստ էության, նույն «կանտորան» են: Եվ այդ «կանտորան» ինքն իր դեմ չի աշխատելու: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031