Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոշկակար լինեի, հանճարեղ բաներ կանեի»

Հուլիս 02,2005 00:00

«Կոշկակար լինեի, հանճարեղ բաներ կանեի» Հուլիսի 4-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում կնշվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի 75-ամյա հոբելյանը: Այդ օրը հանդիսատեսի դատին կհանձնվի այն նույն ներկայացումը, որում իր վերջին դերն էր խաղացել սիրված դերասանը: Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսն այս անգամ կբեմադրվի առանց Մհեր Մկրտչյանի: Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ հիշյալ ներկայացման բեմադրող ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հետ զրույցի սկզբում մտավախություն հայտնեցինք՝ արդյոք այս պիեսում ժամանակին Մ. Մկրտչյանի մարմնավորած Էմանլե Քաստանիեի կերպարը, այլ դերասանի կողմից նույնիսկ լավագույնս ներկայացվելու դեպքում, չի՞ ձախողվի: Ի պատասխան Ա. Մկրտչյանն ասաց. «Ճիշտ եք, ժողովուրդը, հնարավոր է, այդ դերասանի գերազանց խաղն անգամ չընդունի»: Ապա հավելեց. «Իր ծննդյան օրը Ֆրունզիկի հյուրերն անմասն չեն մնա նրա ներկայությունից»: (Թե ի՞նչ նկատի ուներ՝ փակագծերը չբացեց): Ընթացքում հարցազրույցը վերածվեց հուշապատման: Ա. Մկրտչյանը նախ մտաբերեց, թե ինչպես էր հայրը երազում, որ որդին՝ Մհերը, նկարիչ դառնա, ապա հիշեց Լենինականի տեքստիլագործների մշակույթի պալատի թատերախմբում եղբոր ու իր առաջին քայլերը. «Ես տասը տարեկան էի, Գիքոր էի խաղում, նա՝ բազազ Արտեմ»: Հետո անդրադարձավ Մ. Մկրտչյանի մասնակցությամբ իր նկարահանած ֆիլմերին. «Մինչեւ հիմա էլ ժողովուրդը վերլուծելով Ֆրունզիկի խաղացած դերերը՝ «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը» լիամետրաժ, «Լուսանկարը», «Հուշարձանը» կարճամետրաժ ֆիլմերը, Մալյանի, Քեոսայանի ու մյուսների նկարները, զուգահեռներ է անցկացնում Մհեր Մկրտչյան դերասանի ու մարդու նկարագրերի միջեւ, ջանալով մի նոր բան էլ գտնել, իր համար նոր տեսանկյունով բացահայտել սիրելի արտիստին»: Ա. Մկրտչյանը հիշեց նաեւ չարչրկված՝ «Ի՞նչ կդառնայիք, եթե դերասանի մասնագիտություն չընտրեիք» հարցին եղբոր տված պատասխանը. «Կոշկակար լինեի կամ ատաղձագործ, թե նույնիսկ՝ հանցագործ, հանճարեղ բաներ կանեի, եթե, իհարկե, դրանք թատրոնի չափ սիրեի»: Զրույցի ժամանակ Ա. Մկրտչյանը սկսեց դնդնալ Ալբինիոնիի «Ադաջիոն»՝ ասելով, որ եղբայրը անլույս ու անհույս տարիներին կարող էր անջատվել ու անվերջ լսել այդ երաժշտությունը. «Նա մեծ ողբերգություն ապրեց երկրաշարժի ու հաջորդող տարիներին: Իր փոքրիկ սենյակում մագնիտոֆոնը միացնում էր ու անդադար լսում «Ադաջիոն», վերլուծելով այդ երկի երաժշտական դրամատուրգիան՝ այն զուգահեռելով իր ժողովրդի ծանր վիճակի հետ: Օրերով ու ամիսներով հեռանում էր, գնում գյուղերը, իսկ մամուլն՝ ի պատասխան ժողովրդի «ո՞ւր է մեր Ֆրունզը» հարցի, ասում էր՝ իբր դերասանը հեռացել է Սունդուկյան թատրոնից»: Հարցին, թե ի վերջո ո՞րն է Մ. Մկրտչյան արտիստի ֆենոմենը ու նրա արվեստի հանդեպ համատարած սիրո գաղտնիքը, Ա. Մկրտչյանը պատասխանեց. «Միշտ ինքն իր մեջ, իր հոգու հետ կռիվ էր տալիս, ու մի օր անպայման եղածը թափվում էր դուրս: Եվ դա էլ դառնում էր արվեստի գործ: Իսկ մեր ժողովուրդը, փառք Աստծո, միշտ տարբերել է արհեստականը ինքնաբուխից»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031