Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակի հավատարմության երդում

Հուլիս 02,2005 00:00

Մասնակի հավատարմության երդում Երեկ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի 79-րդ շրջանավարտները խոստացան հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը: Այս տարի բուհն ավարտում է 500 ուսանող (բժիշկներ ու դեղագործներ), որոնցից 50-ը արտասահմանցիներ են: ԵՊԲՀ ռեկտոր Վիլեն Հակոբյանը հիշեց, թե ինչպես է համալսարանը սկսել իր դասերը. «Առաջին դասախոսությունը կարդացվել է 1920-ին՝ սեւ շենքի խորդանոցում, որտեղ ձիերի համար խոտ էին դնում: Քանի որ պատուհաններ չկային՝ առաջին 35 ուսանողները մոմի լույսի տակ էին ունկնդրում դասախոսությունները՝ Վահան Արծրունու գլխավորությամբ»: Վ. Հակոբյանը փաստեց, որ Հայաստանի 3-րդ հանրապետության հռչակումից հետո հիպոկրատյան երդումը փոխվել է հայ բժշկի երդմամբ. «Այս երդումը միանգամայն համապատասխանում է մեր ժամանակներին: Նման երդումներ գործածության մեջ են աշխարի բոլոր երկրներում: Մենք ավելացրել ենք «Հայաստանի Հանրապետության» եւ «հայ ազգի» բառերը»: Ըստ ռեկտորի, բժիշկները հավատարիմ են մնում հիպոկրատյան երդմանը եւ բարեխղճորեն կատարում իրենց գործը, սակայն մեկ բժշկի փոքրիկ սխալը բոլորն են իմանում. «Մեր բժիշկների 90 տոկոսը իր պարտականությունները կատարում է չափազանց բարձր մակարդակով»: Վ. Հակոբյանի կարծիքը չեն կիսում այն բազմահազար մարդիկ, ովքեր գործ են ունեցել բժշկական հաստատությունների հետ: Լիարժեք բուժում ստանալու երաշխիքը ոչ միայն լավ մասնագետն է, այլ որ նա լավ ֆինանսական վիճակում լինի: Հիվանդանոց մտնելիս վճարում ես այցելության, վերելակի, սենյակի համար: Այնուհետեւ վճարում ես բուժող բժշկին, բուժքույրերին եւ մյուս բուժաշխատողներին: Թեեւ Հիպոկրատի երդման մեջ առկա է հետեւյալ կետը՝ «բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները», սակայն մեզ հետ զրույցի բռնված շրջանավարտների կարծիքով, շատ բժիշկներ չեն կիրառում ոչ միայն այս, այլեւ մի շարք այլ կետեր, այսինքն՝ մասամբ են հավատարիմ իրենց երդմանը: Օրինակ, ըստ Լիանա Կոստանյանի, որոշ բժիշկներ չեն ենթարկվում նաեւ այս կետին՝ «անշահախնդրորեն օգնել հիվանդին, մեղմել նրա տառապանքները՝ անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից»: Առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Հարությունյանը խիստ մեղմ նկարագրեց մեր իրական կյանքը. «Ընդհանուր առմամբ ես համոզված եմ, որ մեր շրջանավարտները խստորեն պահպանում են 2500 տարվա պատմություն ունեցող հիպոկրատյան երդման բոլոր դրույթները, եւ միայն առանձին անհատներ չեն պահպանում որոշակի կետեր: ԽՍՀՄ փլուզումից հետո փոխվեց նաեւ առողջապահական համակարգը: Հիմա բուժում են վճարովի եւ պետպատվերով: Խախտումներ նկատելի են պետպատվերով կատարվող բժշկական օգնության որոշակի դեպքերում»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031