Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝

Հուլիս 06,2005 00:00

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐ Մայիսի 25-ին Արաբկիր համայնքի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզման մեջ գտնվող Հակոբ Բալյանին, որն ապրում էր ժամանակավոր վարձակալած բնակարանում: Նույն օրը, ժամեր անց, Վանաձորի Միչուրինի 23 տանը («Կիրովականցի Գնդեի» տանը) ձերբակալվեց նրա եղբայրը՝ նույնպես հետախուզվող Սահակ Բալյանը: Հանցագործ եղբայրներն այսօր գտնվում են ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Բալյանները նախկինում դատված են եղել խուլիգանության, շահադիտական դրդապատճառներով կատարված սպանության համար: Սակայն ավելի ծանր հանցագործություն նրանք կատարեցին մայիսի 21-ին, Կոմիտասի 34 շենքի մոտ: Նախ, հարբած, մի քանի հոգով (նշվում է մոտ 7-10 անձ) հարձակվեցին մի երիտասարդի վրա, փորձելով խլել նրա բջջային հեռախոսը: Տղան մի կերպ կարողացավ զանգել եւ կանչել բարեկամին: Օգնության հասած հորեղբոր տղան՝ Հովնան Վարդանյանը հասավ դեպքի վայր՝ փորձելով օգնել հարազատին: (Հետաքրքիր է, որ օրեր անց ոստիկանությունը դեպքը նկարագրում էր այսպես. «Ծեծում էին մի երիտասարդի: Դաժան ընթացք էր ստացել: Տուժած տղան, եթե դիմեր ոստիկաններին…»): Հանցագործները դանակով հարվածեցին Հովնանին ու փախան: Երիտասարդի կյանքը փրկել չհաջողվեց: Հովնան Վարդանյանը Հայաստանի գյուղակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետի «Սննդարդյունաբերության էկոնոմիկա եւ կառավարում» մասնագիտությունն էր ընտրել եւ նրա մահվան 7-րդ օրը ավարտական վկայականը բերվեց Վարդանյանների տուն: Օրեր անց նա պիտի մեկներ ազգային բանակ ծառայելու, սպանության օրը նրա գրպանում էր զինկոմից ստացած ծանուցագիրը: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի գնահատմամբ, «Ակադեմիայում սովորելու տարիներին Հովնանը եղել է լավագույն ուսանողների շարքում: Նա խելացի էր, դաստիարակված, առանձնանում էր բարձր կուլտուրայով ու համեստությամբ»: Իսկ մայրը «Առավոտի» թղթակցին ասաց. «Կշեռքի նժարին դրեք մեր տղային ու հանցագործներին՝ իրենց կենսագրությամբ»: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է Արաբկիրի դատախազությունը: Թեեւ երկուսն են մեղադրյալի կարգավիճակում, սակայն մայիսի 21-ի գիշերը, ժամը 12.30-ին նրանք հանցագործությունը երկուսով չէին կատարել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031