
չի պատրաստվում այս իշխանությունների հետ բարեփոխել Սահմանադրությունը Երեկ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի հերթական նիստում քննարկվել է ՀՀ Սահմանադրության
փոփոխությունների քննարկմանը մասնակցելու համար խորհրդարան վերադառնալ- չվերադառնալու,
նաեւ այդ փոփոխությունների նկատմամբ կուսակցության դիրքորոշման հարցը: Ինչպես տեղեկացանք
կուսակցությունից, քննարկման արդյունքում որոշում է կայացվել շարունակել խորհրդարանական
աշխատանքների բոյկոտը՝ համարելով, որ բոյկոտի հիմքերը տակավին վերացված չեն: Կուսակցության
քաղխորհրդի նիստում նաեւ գերիշխող է եղել այն կարծիքը, թե իշխանական կոալիցիայի ներկայացրած
սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը մասնակցելը կնշանակի լեգիտիմացնել
Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն ու այլեւս մոռանալ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու
մասին ընդդիմության որդեգրած կարգախոսը: ՀՀ խորհրդարանական կոալիցիան՝ ՀՀԿ,
«Օրինաց երկիր» եւ ՀՅԴ, որ սահմանադրական փոփոխությունների հեղինակն է, միայն ԵԽ
Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած վերջնագրից հետո անակնկալ սիրահոժարությամբ եւ
շնորհակալությամբ ընդունեց այդ հանձնաժողովի արած այն սկզբունքային առաջարկներն ու
ուղղումները, որոնք մինչ այդ մերժում էին: «Հանրապետություն» կուսակցությունում իշխանական
կոալիցիայի այս քայլը գնահատվել է իբրեւ իշխանական եռյակին հատուկ անսկզբունքայնություն:
«Առաջին դեպքը չէ, որ գործող ԱԺ-ն, որն իր ներկա կոնֆիգուրացիայով կասկածելի
ընտրության արդյունք է հանդիսանում, դրսեւորում է իր անդեմությունը,- երեկ «Առավոտին»
ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը:- Որպես
առանձին քաղաքական միավոր եւ պետական համակարգի կառույց, գործող ԱԺ-ն՝ իր կոալիցիայով
հանդերձ, գործում է իշխանության, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով: Սահմանադրական
փոփոխությունների ընթացքը, որը կապված էր ՀՀ ժողովրդավարացմանն ուղղված ԵԽ պահանջների
հետ, եւս մեկ անգամ ապացուցեց դա: ԱԺ-ն ընդունեց մի փաստաթուղթ, եւ ընդամենը 20 օր
հետո, երբ հարցը քննարկման առարկա դարձավ ՀՀ նախագահ-ԵԽ Վենետիկի հանձնաժողով առանցքում,
հանկարծ քաղաքական կոալիցիան շատ անբնական եւ հասարակության համար դժվարամարս ոգեւորությամբ
սկսեց պաշտպանել մեկ այլ տեսակետ՝ տրամաբանորեն այլ հարթությունում: Սա պարզապես
ակնհայտ է դարձնում, որ այս ԱԺ-ն պարզապես իրավունք չունի մասնակից լինել երկրին
առնչվող այնպիսի բախտորոշ հարցերի լուծմանը, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն
են: Մյուս կողմից, պարզապես պետք է գիտակցել, որ Սահմանադրությունը թեեւ շատ կարեւոր
փաստաթուղթ է, այդուհանդերձ, այսօրվա մեր դժբախտությունների ու դժվարությունների
պատճառը չէ»: Կուսակցությունում կարծիք կա, թե մինչեւ սահմանադրական փոփոխությունների
հանրաքվեն անհրաժեշտ է նախ լուծարել գործող խորհրդարանը: «Առաջին հերթին ԱԺ լուծարման
եւ ընդհանրապես՝ այսօրվա իշխանությունների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման
հարցը ոչ միայն այսօր, այլեւ երեկ էլ հրատապ էր: Իսկ այսօր դա ավելի ակնհայտ է դառնում:
Այսօր հասարակությունն օտարված է ներքաղաքական գործընթացներից, եւ ես վտանգ եմ տեսնում
նրանում, որ մեր երկրի սահմանադրական բարեփոխումների հարցը լուծվում է բացառապես
ՀՀ նախագահ-Վենետիկի հանձնաժողով առանցքում: Անշուշտ, մինչեւ սահմանադրական հանրաքվեն
ԱԺ լուծարումը կարող է առաջին քայլը լինել հասարակությանը նորից քաղաքականություն
վերադարձնելու համար»,- ասաց Գ. Հարությունյանը: Ինչ վերաբերում է «Արդարություն»
դաշ ինքի անդամներին, ապա Գ. Հարությունյանը նկատեց. «Առայժմ ես տեղյակ եմ միայն
ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի դիրքորոշմանը: Դա ինձ համար որոշակիորեն բացատրելի
է. ստրասբուրգյան մթնոլորտը երեւի թե տրամադրում է այդպիսի մոտեցումների, բայց դա
բացարձակապես կապ չունի Հայաստանում տիրող մթնոլորտի հետ: Մնացած մասով դաշինքի անդամ
քաղաքական ուժերը դեռեւս իրենց կարծիքը չեն հայտնել: Դաշինքի քաղաքական ուժերը մինչ
այս խոսում էին երկրում սահմանադրական կարգի վերականգնման մասին, իսկ այս դեպքում
նշանակում է այս կարգախոսի մասին մոռանալ: Սահմանադրական բարեփոխումներ իրականացնել
այս իշխանությունների հետ՝ նշանակում է այդ իշխանության հետ քաղաքական համաձայնություն
ձեռք բերել, լեգիտիմացնել այդ իշխանությունը եւ վաղը նաեւ այդ իշխանության համար
ապահովել հասարակության համաձայնության ռեսուրսը: Իսկ այդ պարագայում վերանում է
եւ սահմանադրական կարգի վերականգնման կարգախոսը, եւ իշխանության ոչ լեգիտիմ լինելու
հարցը»: Կուսակցության ներկայացուցիչը նաեւ հավելեց, թե «Հանրապետությունը»
փորձելու է իր դիրքորոշումը ներկայացնել եւ պաշտպանել դաշինքի շրջանակներում: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































