Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպան միշտ էլ եղել է երկդիմի»

Հուլիս 07,2005 00:00

«Եվրոպան միշտ էլ եղել է երկդիմի» Ի հեճուկս ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակների գոհունակության, քաղաքական ուժերը հիացած չեն Գորան Լենմարկերի զեկույցից: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 14-րդ նստաշրջանի զեկույցին, հիշեց Ֆրիտյոֆ Նանսենի խոսքերը. «Լավ կլիներ, որ եվրոպական ոչ մի դիվանագետի անունից չհնչեր Հայաստան անունը: Վա՜յ հայ ժողովրդին»: Հիշեցնենք, որ այս խոսքերն ասվել են 70 տարի առաջ, մինչդեռ, մեր զրուցակցի դիտարկումներով՝ դրանք այսօր էլ արդիական են: Ընկեր Թովմասյանի համար անհասկանալի է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակների գոհունակությունն այս զեկույցից. «Տողատակով անընդհատ գնում է նույն հայտարարությունը՝ որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, որ տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանել եւ վերջնականապես գալ այն կարծիքի, որ Ղարաբաղը պետք է վերադարձնել Ադրբեջանին: Թե չէ՝ ի՞նչ է նշանակում՝ «թող ղարաբաղցիներն ինձանից չնեղանան, բայց ես պետք է ասեմ ճշմարտությունը», ի՞նչ է նշանակում, երբ ասում են՝ ինչո՞ւ չի օգտագործվել «զավթիչ» բառը, պատասխանում է՝ «չեմ ուզում անցյալին անդրադառնալ»: Այսինքն՝ զավթիչ է, բայց այսօր պետք չէ՞ դա ասել»: Այս ամենի արդյունքում Ռուբեն Թովմասյանն արձանագրում է. «Եվրոպան միշտ էլ եղել է երկդիմի, այդպես էլ կմնա՝ իր կերպարին հավատարիմ: Նրանք շատ լավ համոզված են, որ Ղարաբաղի հայերը կճզմվեն, որ Ղարաբաղը կդառնա երկրորդ Նախիջեւան, բայց նաեւ համոզված են, որ այսօր՝ ժամանակի թելադրանքով, հարկավոր է ուղղակի լուծել Ադրբեջանին հետաքրքրող հարցերը»: Հայաստանի թիվ մեկ կոմունիստի համոզմամբ՝ «Սա է զեկույցի ողջ իմաստը, եւ ոչ ոք թող դա չանվանի «հայամետ, հավասարակշռված, օգտակար»: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի համար սույն զեկույցը՝ իբրեւ կոչ, հասկանալի է՝ «բայց առաջարկվող կոնկրետ քայլ չտեսա»: Նրա համար անհասկանալի է դիտարկումը, որ հարցը կարող է լուծվել Ադրբեջանի կազմում՝ ինքնավարության մակարդակով. «Ես ուզում եմ հիշեցնել եվրոպական կառույցների ներկայացուցիչներին, որ իրենք այդպիսի հայտարարություններ անելու լիազորություններ չունեն, ոչ ոք այդ իրավունքն իրենց չի տվել»: Պարոն Սարգսյանը նրանց (եվրոպական կառույցների ներկայացուցիչներին-Ն. Գ.) ընդհանրապես խորհուրդ է տալիս՝ «ուշադիր լինել ոչ ֆորմալ կառույցների աշխատանքներին»: Տվյալ պարագայում մեր զրուցակիցը նկատի ունի Դորթմունդյան կոնֆերանսի աշխատանքները եւ ընդունված փաստաթուղթը, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ուղղակի բանակցությունների միջոցով համաձայնության գա Ադրբեջանի հետ: «Կոչերի ժամանակն անցել է,- ասում է Արամ Գասպարիչը,- պետք են կոնկրետ մեխանիզմներ՝ ժողովուրդներին համաձայնության բերելու համար: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները շահագրգիռ են այս իրավիճակն էլ ավելի խորացնելու: Ղարաբաղի հարցը քավության նոխազ դարձնելով՝ նրանք իրենց հարցերն են լուծում՝ ամեն չարածը բարդելով այդ հիմնահարցի վրա: Լենմարկերի զեկույցը հերթական «գալոչկան» էր, քննարկման առարկա դարձնելու խնդիր էլ չկա»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031