Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ

Հուլիս 07,2005 00:00

Նույնիսկ օպերատորն է անհասանելի Երեկ ժամը 12-ից հետո գործնականում անհնար էր «ԱրմենՏելի» բջջային հեռախոսակապից օգտվել: Հնարավոր չէր ոչ զանգել, ոչ հաղորդագրություն ուղարկել: Եթե որոշ դեպքերում հեռախոսահամարը հավաքելուց հետո օպերատորը բացատրում էր, թե «ցանցն անհասանելի է» կամ «չի թույլատրվում զանգ կատարել», ապա որոշ դեպքերում էլ բաժանորդին ընդհանրապես «բացատրություն չէր տրվում» եւ պարզապես փորձից հետո չեղած կապն անջատվում էր: Անգամ 15-20 փորձի դեպքում հաջողություն չկար: Իսկ նախորդ օրը նույնիսկ «ԱրմենՏելին» զանգելը դժվար է եղել. «իզի» համակարգի բաժանորդային բաժին զանգելիս (գումարային հաշվեկշիռը ճշտելու համար) օպերատորը հավաստիացնում էր, որ ինքն անհասանելի է: Արդյունքում՝ բջջային կապի բաժանորդները հայտնվել էին «մինի բլոկադայի» մեջ: Ընդհանրապես, արդեն մի քանի օր է՝ այս վիճակն է: Շաբաթ օրը հրավիրած մամուլի ասուլիսում «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը հայտնեց, որ հետաքննություն կիրականացնեն եւ կպարզեն տեխնիկական խոտանի պատճառները: Երեկ օրվա ավարտին «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ ընկերությունում պատճառների կամ հետաքննության արդյունքների մասին ոչ մի նորություն չհայտնեցին. «նորություններ չկան»: Ի դեպ, դժվար է պնդել, թե կապի վատթարացումը միայն ցանցի գերծանրաբեռնվածությամբ է պայմանավորված: Օրերս անհամեմատ վատ է աշխատում նաեւ լարային հեռախոսակապը, եւ «ռոբոտը» անհեթեթ պատասխաններ է տալիս: Հավաքած համարից հետո օպերատորը մեկ ասում է, որ «ձեր հեռախոսով չի թույլատրվում օգտվել այդ հեռախոսակապից», իսկ երբեմն կրկնության կոճակը սեղմելիս, այնուամենայնիվ, հաջողվում է կապվել: Իսկ մարզեր զանգելը կամ պատվիրելը ընդհանրապես դժվար է: Կամ «տվյալ պահին ազատ օպերատոր չկա», կամ «հերթապահը չի պատասխանում», կամ «գիծն զբաղված է, հետո փորձեք»: «ՎիվաՍելի» բաժանորդները եւս հիացած չեն իրենց հեռախոսակապով: Ի դեպ, եթե նախորդ օրերին որոշակի դեֆիցիտ էր նկատվում, ապա երեկ դարձյալ այս ընկերության քարտերի վաճառքի կետերում (բանկերի եւ «Հայփոստի» բաժանմունքներ) «հարաբերական անդորր» էր: Քարտերն ազատ վաճառվում էին: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել