Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԵԹԻ

Հուլիս 07,2005 00:00

ՔԵԹԻ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Հուլիսի 5-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ գալա համերգ՝ նվիրված մեծանուն երգչուհի Քեթի Բերբերյանի ծննդյան 80-ամյակին: 1950-80-ականներին երաժշտական աշխարհի ուշադրության կենտրոնում է եղել հայազգի երգչուհին: Նրա համերգները «Լա Սկալայում», «Քովենտ Գարդենում», «Մետրոպոլիտենում» եւ այլ հեղինակավոր բեմերում հիացնում էին հասարակության լայն շերտերին ու երբեմն էլ ինտրիգների առիթ ստեղծում: Պատճառը, առաջին հերթին, Ք. Բերբերյանի ձայնի ձայնածավալն էր՝ բասից մինչեւ կոլորատուրային սոպրանո եւ երգացանկը՝ Մոնտեվերդիից մինչեւ Բիթլզ: Հանդիպեցինք երգչուհու բարեկամ ու երկրպագու, մասնագիտությամբ բանասեր, գերմանաբնակ Թադեւոս Ճորգնցյանին: Նա հիշեց «Ռադիո Ֆրանսի» լրագրողի հարցը՝ ուղղված Ք. Բերբերյանին՝ հնարավո՞ր է ունենալ ձայնի նման դիապազոն: «Ես դեռ կենտրոնացել եմ ընդամենը երեք օկտավայի վրա»,- լրագրողին ասել էր երգչուհին: Մեր զրուցակիցը նշեց, որ երգչուհու մահից՝ 1983-ից հետո էլ մինչ այսօր շարունակում է զարմացնել երգչուհու ձայնածավալը. «Ժամանակին մեծ կոմպոզիտոր Ստրավինսկին իր բոլոր երգերը վերամշակել է Քեթիի ձայնի համար: Բազմաթիվ այլ կոմպոզիտորներ, օգտվելով նրա տաղանդից, ստեղծագործել են երկեր՝ լայն դիապազոնի համար: Բնականաբար, այսօր դրանց չի կարող անդրադառնալ ոչ մի նույնիսկ համաշխարհային մեծության երգիչ՝ հասկանալի պատճառով»: Մեր հետաքրքրությանը՝ սովորաբար տ աղանդավոր մարդկանց շուրջ լեգենդներ են հյուսվում՝ կապված ոչ միայն մասնագիտականի, այլեւ անձնականի հետ: Համոզված ենք, որ երգչուհին դրանցից ապահովագրված չէր, Թ. Ճորգնցյանը ասաց. «Կարծում եմ, ձեր հետաքրքրության պատճառը Ստրավինսկու սերն էր Քեթիի հանդեպ: Երգչուհուն չսիրահարվել հնարավոր չէր: Նրա արվեստը եւ շքեղ արտաքինը շլացնում էին տղամարդկանց, բայց եւ ստիպում ակնածանքով վերաբերվել՝ որպես անհաս, ոչ երկրային երեւույթի: Նա ամուսնացած է եղել մեկ անգամ՝ կոմպոզիտոր Լուչիանո Բերիոյի հետ»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ աշխարհում եզակի մի դեպքի մասին: Մահվանից երկու շաբաթ առաջ Քեթին նամակ-կտակ էր գրել՝ ուղղված իր արվեստի երկրպագուներին. «Ես յոթ տարեկան էի, երբ գաղտնի երդվեցի դառնալ օպերային երգչուհի: Երաժշտությունն այն օդն է, որ ես շնչում եմ, եւ մոլորակը, ուր ես ապրում եմ: Շատ եմ պարտական երաժշտությանը: Միակ ճանապարհը երաժշտությունից ստացածի համար վարձահատույց լինել՝ մյուսներին երաժշտություն պարգեւելն է, այն էլ՝ ամբողջ սրտով»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից կազմակերպված hոբելյանական գալա համերգին ներկայացված էին հայկական դասական արվեստի ճանաչված կատարողները՝ Բարսեղ Թումանյան, Անահիտ Մխիթարյան, Վարդուհի Խաչատրյան, Լեւոն Ջավադյան, Աննա Մանդալյան, եւ երիտասարդները՝ Արծվիկ Դեմուրճյան, Մագդա Մկրտչյան, Վազգեն Ղազարյան, Խաչիկ Մաթեւոսյան, ինչպես նաեւ Ժամանակակից երաժշտության կամերային նվագախումբը՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031