Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԵՌԸ

Հուլիս 08,2005 00:00

«ԼԵՌԸ ԵՐԿՆԵՑ ՈՒ ՄՈՒԿ ԾՆԵՑ» Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի բանաձեւի կապակցությամբ ասում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: – Գնահատականներ են հրապարակվել, որ ի տարբերություն Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի եւ ԵԽԽՎ բանաձեւի՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին ներկայացված Գորան Լենմարկերի զեկույցն ու բանաձեւի նախագիծը լուրջ առաջընթաց են հայկական կողմի համար: Համամի՞տ եք: – Կարծում եմ, սա լուրջ գնահատական չէ, քանի որ փաստաթղթերին գնահատականները պիտի հիմնավոր լինեն եւ նշվի, թե ահա սա սրա համեմատ այսպիսի տարբերություն ունի եւ այլն: Լենմարկերի զեկույցի առնչությամբ մի՛ դրական բան կա, որ բացակայում է հիստերիան հայ իրականության մեջ: Իսկապես դրական եմ գնահատում սա, քանի որ պետք է հանգիստ վերաբերվել փաստաթղթերին: Մի քիչ ռոմանտիկ վերնագիր՝ «Ոսկե հնարավորություն», եւ շատ հետաքրքիր ենթավերնագիր ունի Լենմարկերի զեկույցը, եւ կարծում եմ՝ շատ ճշգրիտ ու խոսուն. «Որոշ մտքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ»: Տպավորությունն իսկապես հենց այդպիսին է, որ ուղղակի որոշ ցաքուցրիվ մտքեր են շարադրված զեկույցում: Եթե համեմատություններ են արվում ԵԽԽՎ 1416 բանաձեւի հետ, որ վերաբերում է ղարաբաղյան խնդրին՝ ցանկանում եմ նախ հիշեցնել, որ որեւէ մեկն այդպես էլ չընդունեց այդ փաստաթղթի շուրջ հիմնավոր բանավեճի առաջարկը: Եվ երկրորդը, որ ամենակարեւորն է՝ որեւէ մեկը չի կարող ցույց տալ որեւէ միջազգային կազմակերպության ընդունած գեթ մեկ այլ փաստաթուղթ, որտեղ արձանագրված է, թե կա ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորություն՝ ԼՂ անկախության ճանապարհով, եւ այն ցույց է տրվում բանաձեւի 2-րդ կետով: Այնպես որ՝ չեմ կարծում, թե այս փաստաթղթերի համեմատությունը Լենմարկերի օգտին է: Կարծում եմ՝ ճիշտ հակառակն է: Իմ ձեռքին է ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձեւի նախագիծը, որը մեկ դրական կողմ ունի՝ ընդհանրապե՛ս ոչինչ չի ասում: Սա իսկապես դրական կողմ է, որ չխանգարի խնդրի կարգավորմանը: («Ամերիկայի ձայն» ռ/կ-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սատար Սաֆարովը հայտնել է, որ չի ընդունվել Լենմարկերի առաջարկած բանաձեւը: «Նստաշրջանի քննարկմանը մենք առաջարկել էինք մեր տարբերակը, Լենմարկերը՝ իրենը,- նշել է Սաֆարովը,- Մեր տարբերակը մերժվեց, իսկ մեզ չգոհացրեցին Լենմարկերի նախագծի որոշ դրույթներ: Այն պատճառով, որ նա չցանկացավ գնալ փոխզիջումների՝ տարբերակներից ոչ մեկը չընդունվեց».- Ա.Ի.): Բանաձեւի նախագծում միայն մեկ կետ կա, ուր ասվում է, թե Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվում է հետեւել «հաղթանակ-հաղթանակ» իրավիճակի հետ՝ կապված եղած առաջարկություններին, որոնք աջակցություն են ստացել եվրոպական կառույցներից: Ճիշտն ասած, կարելի է ենթադրել, թե «հաղթանակ-հաղթանակ» ինչ է նշանակում, բայց իրականում սա ոչ մի բան է: Եվ եվրոպական կառույցներն ի՞նչ նման առաջարկ են արել՝ անհայտ է: Ըստ էության՝ այս փաստաթուղթը եղած-չեղած նույն բանն է, քանի որ իսկապես ոչինչ չի ասում, ոչինչ չի ավելացնում եւ ոչինչ չի փոխում: Եվ թերեւս այս առումով կարելի է այս փաստաթուղթը համարել դրական: Այստեղ չկա արված ոչ մի նոր քայլ: Ցավոք, սա այն դեպքն է, որ կարելի է օգտագործել հայտնի ասույթը, թե լեռը երկնեց ու մուկ ծնեց: – Մինչդեռ պնդում են, թե Լենմարկերի գնահատականներն առավել հավասարակշռված են, ավելի հայամետ՝ բանակցային ձեւաչափի եւ կարգավորմանը նպաստող որոշակի միջոցների որոնման հարցում: – Համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե Լենմարկերի զեկույցը դրակա՜ն է, հայամե՜տ եւ չգիտեմ էլ ինչ: Իհարկե, այստեղ խոսվում է, թե ով ինչ է ուզում: Բայց ճշտենք՝ որոշակի դրույթներով հասկանանք, թե ինչո՞վ է նպաստել: Վերջին մասում եղած մի շարք կետերով կոչ է արվում ամեն ինչ դիտարկել եվրոինտեգրացիայի շրջանակում եւ ամեն ինչ անել, որ տարածաշրջանը դառնա իսկապես մեկ ամբողջական տարածք եւ այլն: Սրանք ընդամենը լավ ցանկություններ են, սակայն որեւէ հիմք չունեն, եւ փաստաթուղթն էլ որեւէ մեխանիզմ չի ենթադրում, թե ինչպես պիտի դա իրագործվի, առավել եւս՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի՝ իրարից բավական տարբեր իրավիճակներում: Երեքն էլ առանձին-առանձին լուրջ հարցեր ունեն լուծելու ժողովրդավարության հետագա զարգացման առումով: Իսկ առանց երկրներում այդ հարցերը լուծելու՝ համոզված եմ, այդ առնչությամբ ամեն առաջարկ կմնա ուղղակի գեղեցիկ հայտարարություն՝ ո՛չ ավելին: Ի վերջո՝ եվրոպական արժեքներ դավանող ընդհանուր տարածաշրջան կարելի է ձեւավորել, եթե դրա բաղադրիչներն իսկապես այդպիսին են: Իսկ եթե չկան այդ ուղղությամբ քայլեր, եւ բաղադրիչները տարասեռ են՝ ոչինչ անել հնարավոր չէ: – Փաստարկվում է, թե ինչու է զեկույցը հայամետ: Լենմարկերը, ճիշտ է, մերժել է ԼՂՀ անկախության գաղափարը՝ նշելով, թե «Կովկասյան տարածաշրջանի մասնատումը փոքր պետությունների վտանգավոր է», սակայն նաեւ օգտագործել է ձեւակերպումներ, որոնցով չի բացառվել վերամիավորման հնարավորությունը. «Հայաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, եւ այսպիսի կարգավիճակը կձեւավորի անվտանգության բարձրագույն մակարդակ»: – Ցավոք սրտի, բացառվել է: Եվ չի ասվել, թե լուծման ճանապարհն այդ պիտի լինի: Նայեք զեկույցի այլ կետեր, որտեղ խոսվում է լուծումների մասին: Ասենք, 2-րդ կետում ասվում է. «Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ փոքրամասնությունների իրավունքների բարձր չափանիշները պետք է հարգվեն»: Այսինքն՝ ենթադրվում է, որ ԼՂ բնակչությունը փոքրամասնություն է Ադրբեջանի կազմում: Բնականաբար՝ այստեղ խոսքն ինքնավարության մասին է: Եվ նման էլի մի շարք կետեր կան, որտեղ խոսվում է հենց ինքնավարության մասին: 6-րդ կետն ամրապնդում է դա. «Փոքրամասնությունների իրավունքների հարգանքի վրա հիմնված հակամարտությունների լուծման եւ ինտեգրացիայի եվրոպական մոդելը կարող է ԼՂ-ի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի այլ հակամարտությունների լուծում ոգեշնչել»: Այսինքն՝ ակնհայտ է, որ եթե իսկապես հանգիստ եւ առանց հույզերի ենք կարդում այս փաստաթուղթը՝ առաջարկը միայն այն է, ինչի մասին վերջում ոգեշնչված խոսում է պարոն Լենմարկերը՝ «Հնարավո՞ր է արդյոք իրական կյանքում, որ ինքնավարության լուծումը երկու կողմերի համար առավելություն լինի: Որպես շվեդ՝ ես պետք է ասեմ, այո՛, ելնելով փորձից»: Այս ամբողջ զեկույցը հիմնված է այս գաղափարի վրա: Ցավոք, սա՛ է իրականությունը: – Նա առաջարկել է Արցախի կարգավիճակը որոշել շվեդաբնակ Ալանդական կղզիների օրինակով, որոնք գտնվում են Ֆինլանդիայի կազմում: Այս օրինակը կիրառելի՞ է ԼՂ-ի համար: – Դրա պատասխանը ժամանակին տվել են ղարաբաղցիները: (ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Պեր Գարթոնին ասել. «Ես համաձայն եմ, որ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ լինի Ֆինլանդիայի գերիշխանության ներքո».- Ա. Ի.): Կարծում եմ, որ դժվար է գտնել ավելի լավ ձեւակերպում: Ո՛չ այս զեկույցում, ո՛չ բանաձեւի նախագծում չկա որեւէ լուրջ ճանապարհ, հակամարտության լուծման որեւէ իրական քայլ: – Գորան Լենմարկերն առաջարկել է բանակցային գործընթացում ներգրավել Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականներին, նաեւ համայնքներին եւ կողմերի լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Գուցե իրոք լրագրողների ներգրավո՞ւմը վճռորոշ լինի հակամարտության կարգավորման համար: – Խորհրդարանականների ներգրավումը նոր գաղափար չէ եւ գործում է վաղո՜ւց, տարիներ շարունակ: Պատգամավորներն իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են այս գործընթացին՝ ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովների, նաեւ Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության շրջանակներում, ուր ամենամեծ շփումներն են: Հայ եւ ադրբեջանցի լրագրողներն էլ են ժամանակ առ ժամանակ հանդիպում տարբեր կլոր սեղանների շուրջ: – Զեկույցում նաեւ խորհուրդ է տվել ստեղծել «Արդարություն եւ հաշտեցում» երկկողմ հանձնաժողով, որը պատմական արդարություն կփնտրի, ինչը, սակայն, Լենմարկերի կարծիքով, հնարավոր կլինի միայն «գրավյալ» տարածքների վերադարձից հետո: – Սա եւս վտանգավոր մի բան է, քանի որ ԼՂ խնդրի կարգավորման առնչությամբ չպետք է լինեն երկկողմ հարաբերություններ, եւ երբեք չպետք է անտեսվի Լեռնային Ղարաբաղ կողմը: Քանի որ ինչքան էլ գեղեցիկ ու լավ նպատակներ հայտարարվեն երկկողմ հարաբերությունների համար՝ դրանք չպետք է գայթակղեն, մասնավորապես, հայկական կողմին: ԼՂ-ն անպայման որպես կողմ պիտի մասնակցի ցանկացած նման միջոցառման: Եվս մի հանգամանք՝ այս զեկույցում բացարձակապես անտեսված է հակամարտության 17-ամյա ճանապարհը: Սա նույնպես այս զեկույցի թերություններից մեկն է: Չնայած Լենմարկերն իրոք շատ ազնվորեն է զեկույցի ենթավերնագիրն ընտրել՝ «որոշ մտքեր»: Ուստի որոշ հարցերի մասին խոսում է, իսկ որոշների մասին՝ ոչ: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել