Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ը դեռ կամ ու կաց է

Հուլիս 08,2005 00:00

ՍԻՄ-ը դեռ կամ ու կաց է Սահմանադրական փոփոխությունների քննարկման համար արդյոք արժե՞ վերադառնալ խորհրդարան ու նստել կոալիցիոն մեծամասնության կողքին: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ու ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի համատեղ քննարկումների արդյունքում ընդունված փաստաթուղթը խճճել է ընդդիմության ու մասնավորապես՝ «Արդարություն» դաշինքի խաղաթղթերն ու «ներքին անդորրը»: Մի կողմից՝ ԵԽԽՎ բանաձեւում խորհրդարանական ընդդիմությանն ուղղված կոչը՝ դադարեցնել բոյկոտն ու վերադառնալ խորհրդարան եւ կոալիցիայի հետ համատեղ քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ընդդիմության համար խորհրդարան վերադառնալու լավ պատրվակ է, մյուս կողմից՝ ընդդիմությունը կարծում է, որ ԱԺ աշխատանքները բոյկոտելու հիմնական պատճառները տակավին վերացված չեն, ուստի՝ վերադարձն ԱԺ հիմնազուրկ է: Ի սկզբանե «Արդարությունը» հակված չէր ԱԺ վերադառնալ, բայց դաշինքի անդամ ԱԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության պատգամավոր եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանի մի-երկու հայտարարությունները՝ Սահմանադրության բարեփոխումներին մասնակցելու վերաբերյալ, կարծես թե դաշինքին երկընտրանքի առաջ են կանգնեցրել: Երեկ մեզ հետ զրույցում դաշինքի ներկայացուցիչ, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ասաց, թե իր համար անակնկալ չէր, որ ԵԽԽՎ բանաձեւի ընդունումից հետո այս հարցի առնչությամբ ե՛ւ հասարակության, ե՛ւ քաղաքական շրջանակներում, նաեւ՝ «Արդարություն» դաշինքի ներսում տարբեր մոտեցումներ կան: «Ես կարեւոր եմ համարում, որ այդ տեսակետները քննարկելուց հետո լինի ընդդիմադիր դաշտի միասնական որոշում՝ այդ գործընթացներին առնչվող մարտավարության իմաստով: Մեր սկզբունքային տեսակետն այն է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նոր առաջարկների ընդունումը իշխանությունների կողմից չի վերացնում մեր բոյկոտի հիմնապատճառները, եւ ընդդիմադիր ուժերը չպետք է դադարեցնեն բոյկոտը՝ նվազագույնը մինչեւ Սահմանադրության նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ավարտը»,- հայտարարեց պարոն Խաչատրյանը: Այսուհանդերձ, Հ. Խաչատրյանի համոզմամբ՝ սահմանադրական բարեփոխումներին մասնակցելու իմաստով, եւ «կողմ», եւ «դեմ» հավասարապես ուժեղ փաստարկներ կան. «Օրինակ, «կողմ» փաստարկներից մեկն այն է, որ, այնուամենայնիվ, լավ Սահմանադրություն ունենալը կարող է երկիրը էվոլյուցիոն ճանապարհով հանգեցնել ավելի լավ իրավիճակի, քան՝ այսօր ունենք: Երկրորդ՝ եթե 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունվի այնպիսի նախագիծ, որը նաեւ մեր ջանքերով է այդպիսի լավը դարձել, ապա, իհարկե, դժվար կլինի հասարակական ընկալման իմաստով դրան դեմ արտահայտվել: Դա կարող է ճիշտ չհասկացվել հասարակության կողմից: «Դեմ» փաստարկներից մեկն այն է, որ իշխանությունները շարունակում են ե՛ւ հասարակությանը, ե՛ւ արտաքին աշխարհին համոզել, թե իրենք էլ էին ձգտում այդպիսի լավ նախագծի, բայց դրա համար ժամանակ էր պահանջվում: Այսինքն՝ այդ դեպքում իշխանություններն իրենք են փորձում այդ նախագիծը ներկայացնել որպես սեփական ջանքերի արդյունք եւ բարեփոխականների դրոշ պարզել»: Բոլոր դեպքերում ՍԻՄ նախագահի հա մար ԱԺ վերադառնալու հարցը միանշանակ փակված համարել չի կարելի: Ըստ նրա՝ «եթե խորհրդարանական մեծամասնությունն առանց ընդդիմության մասնակցության ԵԽԽՎ բանաձեւում ամրագրված սկզբունքների ճիշտ ձեւակերպումներ տա եւ քվեարկությամբ ապացուցի, որ ինքը որոշ չափով անկախացել է՝ այդ ժամանակ երկրում կստեղծվի նոր իրավիճակ, որը քննարկման ենթակա կլինի, եւ որի արդյունքում, իհարկե, հնարավոր է, որ որոշում ընդունվի ընդդիմության մարտավարությունը կտրուկ փոխելու մասին, ընդհուպ մինչեւ՝ Սահմանադրության նախագիծը որպես ազատության դրոշ պարզելու եւ հեղափոխության գնալու որոշում կայացնելու իմաստով, բայց, կրկնում եմ, ընդդիմադիր դաշտը, նվազագույնը՝ «Արդարություն» դաշինքը, պետք է ունենան միասնական որոշում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել