Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ՖՈՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՐԱՎ ԿԱ

Հուլիս 08,2005 00:00

ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ՖՈՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՐԱՎ ԿԱ «Մենք հո հետամնաց չե՞նք, ուղղակի մեր իրավունքները չգիտենք, էն էլ արդեն գնում ենք ֆորումի, սաղ տեղը կընկնի»,- վստահեցնում են Ճամբարակի բնակիչները: Օրերս Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում անցկացվեց քաղաքացիական ֆորում, որին ճամբարակցիները մասնակցեցին մեծ ոգեւորությամբ: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հ/կ-ների, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» հայկական կոմիտեի եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» միության հետ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում իրականացվում է «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագիրը: Այն բաղկացած է չորս փուլից, որի ընթացքում կկազմակերպվեն քաղաքացիական խորհրդատվություն եւ մոնիտորինգի դասընթացներ, հրապարակային միջոցառումներ եւ այլն: Այս հ/կ-ների նախաձեռնությամբ Հայաստանի երկու մարզերից ընտրվել է չորսական համայնք: Ծրագրի պատասխանատուները կարծում են, որ հենց այդ սահմանամերձ վայրերում են կուտակված խնդիրները, եւ մարդիկ չգիտեն դրանց լուծման ճիշտ տարբերակները: Ի տարբերություն այլ սահմանամերձ վայրերի, Ճամբարակցիներն ավելի վստահ էին իրենց ուժերի վրա եւ ծրագրի պատասխանատուներից հովանավորություն եւ փող չուզեցին. «Մենք հենց սենց ֆորումի՝ խորհուրդ ստանալու ծարավ ունենք: Սա բացում է մեր աչքերը, արդեն կիմանանք՝ ում դիմենք: Ֆորումից հետո որոշեցի հ/կ բացեմ եւ մեր ձայնը լսելի դարձնեմ»,- խոստովանեց թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Խաչատրյանը: Քննարկումը թեժացավ այն պահին, երբ խոսեցին քաղաքի երիտասարդների մասին: «Ունենք սիրահարների փողոց, մի նստարան չկա, որ ջահելները աղջիկներին հանդիպեն, վերալիցքավորվեն: Թե չէ կոմպլեքսավորված ման են գալիս փողոցներում»,- անհանգստացած էր «Զինվորի մայր» հ/կ-ից Գայանե Հովհաննիսյանը: Նա առաջարկեց բնակիչներին համախմբվել, համաքաղաքային շաբաթօրյակ անել ու նստարաններ սարքել այգում: Ճամբարակի բնակչությունը մտահոգված էր նաեւ քաղաքի մշակութային կյանքով: Նրանք ցանկանում են ունենալ մշակույթի պալատ, ազգային երգի ու պարի խումբ, եւ որ երաժշտական դպրոցի միակ ռոյալը նորոգվի ու մի քանի երաժշտական գործիքներ ձեռք բերեն: Ֆորումի ընթացքում ճամբարակցիները բողոքեցին նաեւ կրթական բարեփոխումներից. «Դպրոցների մոնոպոլիան Երեւանն իր վրա է վերցրել: Մենք կտրված ենք: Կրթական նորամուծությունները մեզ ուշ են հասնում»,- ասաց տիկին Գայանեն: Խոսելով քաղաքացիական ֆորումների մասին, հավաքվածները միակարծիք էին այն հարցում, որ դրա միջոցով մարդիկ համախմբվում են եղած խնդիրների շուրջ եւ մասնագետների խորհրդով գտնում դրանց լուծման տարբերակները: Պարզվեց նաեւ, որ Ճամբարակի քաղաքացիները լավ տեղյակ են երկրի քաղաքական կյանքին: Նրանց կարծիքով իրենց մոտ ընտրությունները շատ ավելի հեռու են ժողովրդավարությունից, քան Երեւանում: «Քաղաքացիական հասարակության ցանցի» ներկայացուցիչ Գայանե Մարկոսյանը մեղմեց նրանց անհանգստությունը. «Երեւանում ժողովրդավարության իմիտացիա է, իսկ Ճամբարակում դա այդպես չէ: Եվ եթե մարդիկ միասին պայքարեն, ապա իրենց քաղաքում ինչ-որ բան կփոխվի: Այս ֆորումները կօգնեն մարդկանց հասկանալ, որ իրենք այն ժողովուրդն են, որ կարող է իր կամքն արտահայտել: Եվ դա կլինի ոչ թե խոսքերով, այլ՝ միասնական գործերով, եւ հենց այն, որ վստահություն կա՝ դա օգնում է ժողովրդավարության կառուցմանը: Իսկ այն բարդույթը, որ կա մարդկանց մեջ, թե իրենք հետ են ամեն ինչից՝ այս ֆորումի օգնությամբ, հուսով եմ, կհաղթահարվի»: «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագրի շրջանակներում քաղաքացիական ֆորումները կշարունակվեն Գեղարքունիքի այլ գյուղերում: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել